Երբ Թրամփը զանգում է ընկերներին, չինացիները և ռուսները լսում են ու սովորում

Երբ Թրամփը զանգում է ընկերներին, չինացիները և ռուսները լսում են ու սովորում

Հոդվածի առանցքում

  • Երբ նախագահ Թրամփն իր այֆոններից մեկով զանգահարում է հին ընկերներին բամբասելու, բողոքելու կամ կարծիք հարցնելու իր քայլերի մասին, ամերիկյան հետախուզությունը հաղորդում է, որ չինացի լրտեսները հաճախ են լսում այդ զրույցները և անգնահատելի գաղափարներ վերցնում, թե ինչպես պետք է աշխատի նախագահն ու ազդի կառավարման քաղաքականության վրա:

Ուշադրությանն արժանի

Թրամփի օգնականները բազմիցս զգուշացրել են նրան, որ հեռախոսային այդ զրույցներն անվտանգ չեն, որ ռուս լրտեսները ևս պարբերաբար որսում են այդ զանգերը։ Օգնականները, սակայն, ասում են, որ չնայած շատախոս նախագահը պետք է Սպիտակ տան անվտանգ կապից օգտվեր, շարունակում է օգտագործել իր այֆոնները։ Սպիտակ տան պաշտոնյաները միայն հույս ունեն, որ նա կդադարի գաղտնի տեղեկությունների քննարկումն այդ հեռախոսներով։

Պարոն Թրամփի՝ այֆոն օգտագործելու մասին պատմել են մի քանի ներկա և նախկին պաշտոնյաներ։ Նրա հետ այդպիսի զրույցների ժամանակ նրանք նախընտրում էին առանց ներկայանալու խոսել, որպեսզի կարողանային կոնֆիդենցիալ և անվտանգության հարցեր պարունակող նյութեր քննարկել։ Պաշտոնյաներն ասել են, որ այդպես արել են՝ Թրամփին չթուլացնելու համար, բայց հիասթափված էին, իրենց բնորոշմամբ, էլեկտրոնային անվտանգությանը նախագահի ոչ զգուշավոր մոտեցմամբ։

Ըստ պաշտոնյաների՝ ամերիկյան լրտեսական գործակալությունները պարզել են, որ Չինաստանն ու Ռուսաստանը գաղտնալսում են նախագահի հեռախոսազանգերը արտասահմանյան կառավարությունների ներսում սովորական հեռախոսներից և որսում արտասահմանցի պաշտոնյաների միջև հաղորդագրությունները։

Հինգշաբթի առավոտյան Թրամփը հայտարարեց, թե այս հոդվածը սխալ է և պնդեց, որ օգտվում է միայն կառավարական հեռախոսներից և «միայն մեկ, հազվադեպ կիրառվող կառավարական բջջային հեռախոսից»։ «Նյու Յորք Թայմս»-ում այլ փաստական սխալների մասին նա չի հայտարարել։

Ներկա և նախկին պաշտոնյաներն ասում են, որ նաև նկատել են, թե որքան է Չինաստանը ձգտում օգտագործել հեռախոսազրույցներից լսածը, թե ինչպես է Թրամփը մտածում, ինչ փաստարկներով ազդել նրա վրա, ում է նա լսում, ինչպես զսպել ԱՄՆ-ի հետ առևտրային պատերազմի հետագա լարումը։ Չինացիները ցուցակագրել են մարդկանց, ում հետ Թրամփը հաճախակի զրույցներ է ունենում՝ հույս ունենալով նրանց միջոցով ազդել նախագահի վրա։

Նրանց մեջ են Ստեֆան Շվարցմանը՝ Բլեքսթոն Գրուպի գլխավոր գործադիր տնօրենը, որը մագիստրոսական ծրագիր է ներկայացրել Պեկինի Ծինգհուա համալսարանում, և Սթիվ Ուինը, Լաս Վեգասի նախկին կազինո-մագնատը, որը եկամտաբեր գույք էր ձեռք բերել Մակաոյում։ Չինացիները պարզել են նաև նրանց ընկերներին և նախագահի շրջապատի այլ մարդկանց, և հիմա հույս են կապում չինացի գործարարների և Պեկինի հետ կապեր ունեցող այլ մարդկանց հետ, որպեսզի իրենց կողմը քաշեն Թրամփի ընկերների ընկերներին։ Ռազմավարությունը հետևյալն է, որ այս մարդիկ կփոխանցեն այն, ինչ լսում են, և Պեկինի հայացքներն, ի վերջո, նախագահին կհասնեն վստահելի մարդկանց միջոցով։ Ինչպես նշվում է, Թրամփի ընկերները տեղյակ չեն չինացիների ջանքերի մասին։

Պարոն Ուինի փաստաբան Լին Վուդը ասել է, որ իր հաճախորդը թոշակի է անցել և չունի մեկնաբանություն։ Բլեքսթոնի խոսնակ Քրիսթին Անդերսոնը հրաժարվել է մեկնաբանել պարոն Շվարցմանի վրա ազդելու՝ չինական ջանքերը, բայց ասել է, որ նա «ուրախ է եղել միջնորդ լինել երկու երկրների միջև որոշ կրիտիկական հարցերի դեպքում, և սա երկու երկրների ղեկավարների խնդրանքով»։

Ռուսաստանը դժվար թե նման ջանքեր գործադրեր, ինչ Չինաստանը, քանի որ Թրամփի մտերմությունը Պուտինի հետ ակնհայտ է, ասել է մի նախկին պաշտոնյա։

Թրամփի այնպիսի ընկերներ, ինչպիսին Շվարցմանն է, որը Ֆլորիդայում նախագահի հանգստավայրում կայացած Չինաստանի և ԱՄՆ-ի նախագահների հանդիպմանն առաջին շարքերում էր, արդեն իսկ պրո-չինական և պրո-առևտրային հայացքներ ունի, ինչն էլ իդեալական է չինացիների համար։ Թիրախավորելով Շվարցմանի և Ուինի ընկերներին՝ նրանք կարող են ամրապնդել այս երկուսի դիրքորոշումը։ Բացի այդ, ընկերները, կարծես թե, ամենահասանելին են։ Մի պաշտոնյա պատմել էր, որ չինացիները դրդում են ընկերներին համոզել Թրամփին ավելի հաճախ հանդիպել իրենց նախագահի հետ։

Բայց արդյո՞ք ընկերները կարող են համոզել Թրամփին՝ հրաժարվել Չինաստանի հետ առևտրային պատերազմից։ Դա այլ հարց է։

Պաշտոնական աղբյուրներից տեղեկացնում են, որ նախագահը երկու պաշտոնական այֆոն ունի, որոնք անցել են Ազգային անվտանգության գործակալության ձեռքի տակով, և երրորդը, որը ոչնչով չի տարբերվում աշխարհում եղած հարյուր միլիոնավոր այֆոններից։ Թրամփն անձնական հեռախոս ունի, քանի որ ի տարբերություն մյուս երկուսի, սրա մեջ կարող է հավաքել իր կոնտակտները։

Էփլը հրաժարվել է մեկնաբանել նախագահի այֆոնների հարցը։ Դրանցից ոչ մեկն էլ ամբողջությամբ անվտանգ չէ և կարող է խոցելի լինել հաքերների համար։ Բացի այդ, զանգերը, որ արվում են, այդ ալիքները կարելի է որսալ, քանի որ անցնում են ազգային և միջազգային բջջային հեռախոսացանցերի աշտարակներով, մալուխներով և սարքերով։ Ցանկացած բջջայինից արված զանգ՝ այֆոն, անդրոիդ, թե մեկ այլ հեռախոս, խոցելի է։

Անվտանգ հաղորդակցությունը միշտ էլ խնդրահարույց է եղել Թրամփի համար։ Նախագահական ընտրությունների ժամանակ նա պարբերաբար հարձակվում էր իր հակառակորդ Հիլարի Քլինթոնի վրա՝ նրան մեղադրելով անապահով մեյլ սերվեր օգտագործելու համար, երբ նա պետքարտուղարն էր։

Հեռախոսազանգեր որսալը կառավարության համար մեծ դժվարություն չէ։ Ամերիկյան հետախուզական ծառայությունները դա լրտեսական կարևոր գործիք են համարում և պարբերաբար փորձում են օգտագործել արտասահմանյան լիդերների հեռախոսների վրա։ Սնոուդենի հայտնի աղմուկի ժամանակ պարզ դարձավ, որ ամերիկյան կառավարությունը գաղտնալսել էր կանցլեր Անգելա Մերկելին։ Արտասահմանյան կառավարությունները լավ գիտեն այդ ռիսկի մասին։ Հետևաբար, պարոն Սին և Պուտինը հնարավորության դեպքում խուսափում են բջջային հեռախոսից։

Նախագահ Բարաք Օբաման ևս զգույշ էր բջջային հեռախոսների հարցում։ Նա սկսեց այֆոն օգտագործել միայն երկրորդ պաշտոնավարման ժամանակ, այն էլ չէր կարող զանգեր անել, միայն հատուկ հասցեներից նամակ էր ստանում։ Այն ոչ տեսախցիկ ուներ, ոչ էլ միկրոֆոն, այն հնարավորություն չուներ հավելված ներբեռնելու։ Դրանով հնարավոր չէր նաև տեքստ գրել։

«Սա հիանալի հեռախոս է, արվեստի գործ, բայց ոչ լուսանկարել է լինում, ոչ տեքստ գրել։ Հեռախոսը չի աշխատում, դու նույնիսկ երգեր չես կարող լսել դրանով»,- ասել էր Օբաման հեռուստատեսային շոուի ժամանակ։

Երբ Օբամային հեռախոս էր պետք լինում, իր օգնականներից էր վերցնում։ Պարոն Թրամփը պնդեց, որ ավելի կիրառելի հեռախոսներ ունենա։ Նա ստիպված համաձայնեց հրաժարվել Անդրոիդ հեռախոսից, քանի որ Գուգլի օպերացիոն համակարգն ավելի խոցելի էր համարվում, քան Էփլինը։ Նախագահ դառնալուց հետո պայմանավորվել էին, որ երկու պաշտոնական հեռախոս կպահի՝ մեկը Թվիթերի և այլ հավելվածների համար, մյուսը՝ զանգերի։ Վարչակազմի որոշ պաշտոնյաներ ասում են, որ Թևամփը երկար ժամանակ սևեռուն միտք է ունեցել, թե իրեն հետևում են։ Մինչև Սպիտակ տուն գալը նա հավատում էր, որ իր հեռախոսային խոսակցությունները հաճախ ձայնագրվում էին։ Սա նշանակում էր, որ նա բջջային հեռախոսով գաղտնի ինֆորմացիա չէր բացահայտի։ Նրանք ավելի քան վստահ էին, քանի որ Թրամփը հազվադեպ էր դետալների մեջ խորանում, համարյա գլուխ չէր հանում հետախուզությունից, ռազմական և գաղտնի օպերացիաներից։

Բայց Թրամփը հայտնի է իր անզգուշությամբ։ 2017-ի մայիսին ռուս պաշտոնյաների հետ օվալաձև աշխատասենյակում կայացած հանդիպմանը նա պատմել էր Իսրայելից ստացած գաղտնի տեղեկությունների մասին։ Նա նաև ասել էր, որ Ջեյմս Քոմեյը՝ Հետաքննությունների դաշնային բյուրոյի նախկին ղեկավարը, «հիմարի մեկն էր» և նրան հեռացնելով՝ ազատվել էր «մեծ ճնշումից»։

Այդուհանդերձ, Թրամփի թույլ տեխնիկական գիտելիքներն անվտանգության այլ հարցեր են լուծում։ Նա էլեկտրոնային նամակներ չի գրում, հետևաբար ֆիշինգային հարձակումների հավանականությունը զրո է։ Պաշտոնական հեռախոսով անհնար է տեքստ գրել։ Թվիթերի համար նախատեսված հեռախոսը միայն Wi-Fi-ով է միանում ինտերնետին, իսկ նա դժվար թե երբևէ անապահով կապ օգտագործի։ Բայց սարքի անվտանգությունը մեծապես կախված է այն օգտագործողից, և նախագահի հեռախոսը պաշտպանելը երբեմն իսկապես դժվար է։

Ենթադրվում է, որ ամեն 30 օրը մեկ Թրամփը պետք է փոխեր իր երկու պաշտոնական հեռախոսները, բայց հազվադեպ է անում՝ ելնելով անհարմարությունից։ Ենթադրվում էր, որ Սպիտակ տան աշխատակիցները պետք է նրա նոր հեռախոսներին հների կարգավորումները տային, բայց նոր այֆոնները չեն կարող հին հեռախոսների հիշողությունները տեղակայել, քանի որ կարող են նաև վնասաբեր ծրագրեր վերցնել։

Ինչևէ, հեռախոսը նոր լինի, թե հին, Չինաստանն ու Ռուսաստանը լսում են և սովորում։

 

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ:

Write a comment