Երբ Բոլթոնը թիրախավորեց Ռուսաստանը և Իրանը, Հայաստանը երկրորդական վնաս կրե՞ց

Երբ Բոլթոնը թիրախավորեց Ռուսաստանը և Իրանը, Հայաստանը երկրորդական վնաս կրե՞ց

Հոդվածի առանցքում

  • Ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան մի քանի հակասական հայտարարություններ արեց Երևանում, որը վրդովեցրեց և՛ հյուրընկալողին, և Կրեմլին։

Ուշադրությանն արժանի

Համապատասխանելով իր վնասակար համբավին՝ Բոլթոնի փոթորկոտ շրջայցը Կովկասում  աշխարհաքաղաքական ավերակների հետքեր թողեց։ Բոլթոնն արդեն Վաշինգտոնում է, իսկ նրա ետևից դեռ փորձում են հավաքել այդ ավերակները։

Ինչպես և սպասվում էր, ԱՄՆ անվտանգության հարցերով խորհրդական Բոլթոնի այցը կենտրոնացած էր Կովկասում նոր շրջաններ նվաճելու վրա՝ Վրաստան, Հայաստան և Ադրբեջան, որպեսզի մեկուսացնեն Իրանը։

Բոլթոնն այցելեց բոլոր 3 երկրներ, բայց նրա հրապարակային հայտարարությունները Թբիլիսիում և Բաքվում քիչ թե շատ հարիր էին Կովկաս այցելած ամերիկացի պաշտոնյային։ Երևանում մի քանի անգամ նա պրովոկատիվ հայտարարություններ արեց, որոնք վրդովեցրին հյուրընկալողներին, որտեղ նրա այցի քննարկումները դեռ շարունակվում են։

Հայաստանի հարաբերությունները Իրանի հետ շատ նուրբ են, քանի որ Ադրբեջանի հետ կոնֆլիկտի պատճառով նրա արևելյան սահմանը և արևմուտքում Թուրքիայի հետ սահմանը փակ են։ Հայաստանի հույսը հարավային սահմանն է Իրանի հետ՝ որպես առանցքային ելք։

Անցյալում ԱՄՆ-ն այլ կերպ էր նայում հայ-իրանական կապերին, նույնիսկ Թեհրանի դեմ լայն սանկցիաների կիրառման դեպքում, հասկանում էր, որ Հայաստանի հնարավորությունները սահմանափակ են։ Բոլթոնը զգուշացրեց, որ համբերության բաժակը կարող է լցվել։

Քանի որ ԱՄՆ-ն մեծացնում է ճնշումը Իրանի վրա, հայ-իրանական սահմանը «էական նշանակություն կունենա»։ Բոլթոնն Ազատություն ռադիոկայանի հայաստանյան ծառայությանը հայտնել է. «Մենք պատրաստվում ենք սեղմել Իրանին, քանի որ կարծում ենք՝ նրա պահվածքը Միջին Արևելքում և աշխարհում վնասակար է ու պետք է փոխվի»։

Բոլթոնը չի ժխտել, հասկանում է, թե Հայաստանին ինչու է պետք Իրանը, բայց ասել է, որ լուծումը Ադրբեջանի հետ կոնֆլիկտին վերջ տալն է։ Բոլթոնն ասել է, որ «ընթացիկ հանգամանքները ցույց են տալիս», թե որքան կարևոր է, որ Հայաստանը և Ադրբեջանը «փոխադարձ գոհացնող լուծում գտնեն Ղարաբաղյան հարցում»։

«Հենց դա լինի, հայ-ադրբեջանական սահմանը կբացվի,- ասել է Բոլթոնը, – Թուրքական սահմանն էլ, հավատում եմ, անշուշտ կբացվի»։

Տեխնիկապես այս ամենը ճիշտ է, բայց միտքը, որ Երևանը հարաբերություններ կսկսի Ադրբեջանի հետ, իրականում որպես սպառնալիք է դիտարկվում, ինչն էլ նշանակում է, որ  Իրանը մեկուսացնելու ԱՄՆ քաղաքականությունը հայերի շրջանում ձախողվել է։

«Ջոն Բոլթոնը կամ մեկ ուրիշը չի կարող իմ փոխարեն խոսել այդ մասին,- ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բոլթոնի այցին հաջորդած մամուլի ասուլիսի ընթացքում,- Նրանք առաջնորդվում են տրամաբանությամբ, կարծես որոշակի սեփականության իրավունք ունեն Ղարաբաղի հարցի մասով, և հիմա նրանք փորձում են այն ինձ վաճառել՝ առանց իմ կարծիքը հարցնելու»:

Բոլթոնի ակամա միջամտությանը Ղարաբաղյան դիվանագիտությանը հետևեց Հայաստանից հեռացող ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի հակասական հարցազրույցը, որտեղ նա «անհանգստացնող» է համարել հանգամանքը, թե որքան քիչ հայեր են պատրաստ զիջումների գնալ ԼՂ հարցով: «Դաժան իրականությունն այն է, որ ցանկացած լուծում կպահանջի գրաված տարածքների որոշ մասի վերադարձ»,- ասել էր Միլսը EVN Report-ին:

Չնայած սա նույնպես տեխնիկապես ճիշտ է, Միլսի և Բոլթոնի հայտարարությունների միասնական էֆեկտը Երևանում ավելի զարգացրեց միտքը, թե Փաշինյանի նոր կառավարության քայլերը դեպի Արևմուտք փոխհատուցվում են Երևանի դիրքորոշման հանդեպ հավանության նկատելի բացակայությամբ: Եվ այս ամենին գումարած, Թրամփի վարչակազմը քիչ հետաքրքրություն է ցուցաբերում Կովկասի նկատմամբ՝ նույնիսկ ԱՄՆ օրենսդրությամբ, և քիչ է հավանականությունը, որ Վաշինգտոնն ինչ-որ բան ունի առաջարկելու Հայաստանին՝ Բոլթոնի առաջարկների դիմաց:

«Հայ-թուրքական վտանգավոր և ձախողված արձանագրություններից հետո ԱՄՆ-ն կենտրոնացավ Հայաստանին ճնշելու վրա, որպեսզի այն ընդունի Ամերիկայի առաջնահերթությունը տարածաշրջանում»,- Բոլթոնի այցի մասին գրել է «Ասպարեզ» հայ-ամերիկյան նորությունների կայքը:

Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը ֆեյսբուքում քննադատեց «Փաշինյանի ամերիկյան ֆիասկոն» և դժգոհեց, որ «Բոլթոնը ոչ միայն կրկնեց Ադրբեջանի տեսակետները, որ շրջափակման մեղավորը հենց Հայաստանն է (հայ-ադրբեջանական սահման), այլև արդարացրեց Թուրքիայի կողմից Հայաստանի հետ սահմանի փակումը»:

Բոլթոնը Կովկասում քննարկեց նաև Հայաստանին կամ Ադրբեջանին զենք չվաճառելու ԱՄՆ քաղաքականության հնարավոր փոփոխությունը: Դրանից Ադրբեջանն, ամենայն հավանականությամբ, ավելի կօգտվի, քանի որ Բաքուն ավելի շատ փող ունի ամերիկյան զենք գնելու համար, որն ավելի թանկ է, քան ռուսականը, որն էլ հիմնականում ձեռք են բերում Հայաստանն ու Ադրբեջանը:

Ինչևէ, առաջարկը ներկայացվեց որպես պարգև Երևանի համար. «Վարչապետին ասել եմ, եթե հարցը ռուսական զենք գնելն է, թե ամերիկյան, մենք կնախընտրենք երկրորդը,- ասել է Բոլթոնը Ազատություն ռադիոկայանին,- Կարծում ենք, մեր զենքերն ավելի լավն են»:

Բոլթոնը թիրախավորեց նաև Հայաստանի վերջին հայտարարությունը, որ այն սակրավորների փոքր խումբ է ուղարկում Սիրիա՝ օգնելու Ռուսաստանին ականազերծման աշխատանքում:

«Ցանկացած մեկի համար հիմա սխալ կլինի ներգրավվել Սիրիական կոնֆլիկտում: Առանց այն էլ այնտեղ 7-8 հակամարտող կողմ կա: Նրանց կողմից ցանկացած մեկին ներգրավելն այդ գործում սխալ կլինի»,- ասել է նա:

Կրեմլը, բնականաբար, հանգիստ չի վերաբերվում Հայաստանի և Ռուսաստանի միջև սեպ խրելու Բոլթոնի փորձերին: Երևանը Մոսկվայի ամենամոտ դաշնակիցն է Կովկասում, և Հայաստանը մեծապես կախված է սուբսիդավորված ռուսական զենքից:

Բոլթոնի այցից հետո եղավ Ռուսաստանի ԱԳՆ սուր հայտարարությունը՝ հղում անելով ամերիկյան այն ձևակերպմանը, թե Հայաստանը կարիք չունի իր արտաքին հարաբերությունները սահմանափակել «պատմական անցյալով»: Բոլթոնը «բացեիբաց պահանջեց, որ Հայաստանն արտաքին հարաբերություններում հրաժարվի պատմական կարծրատիպերից և, հազիվ թե, սա չվերաբերեր Հայաստան-Ռուսաստան ավանդական բարեկամությանը», ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ՝ այդ պահանջն անվանելով «հանդուգն»:

Հայտարարության մեջ նաև ասվում է. «Ի դեպ, Երևանում Բոլթոնի արված ոչ բոլոր հայտարարություններն են քննադատության արժանի: Հոկտեմբերի 25-ին Ազատություն ռադիոկայանին տված հարցազրույցի ժամանակ նա մի հրաշալի հայտարարություն արեց. «Կարծում եմ՝ Հայաստանի համար իսկապես կարևոր է անկախ լինել և զերծ մնալ արտաքին ազդեցություններից»: Լավ կլիներ, եթե Ջոն Բոլթոնը մտածեր սեփական խոսքերի իմաստի մասին»:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ:

 

Write a comment