Եվրամիության տասնչորս անդամները համաձայն են փախստականների համար ֆրանս-գերմանական «համերաշխության մեխանիզմին»

Եվրամիության տասնչորս անդամները համաձայն են փախստականների համար ֆրանս-գերմանական «համերաշխության մեխանիզմին»

Հոդվածի առանցքում

  • Ֆրանսիայի նախագահ Էմմանուել Մակրոնը դրական է արտահայտվել ԵՄ-ում ներգաղթյալների տեղաբաշխման մասին ծրագրի մասնակի հաստատմանը: Իտալիան չի մասնակցել Փարիզում կայացած հանդիպմանը:

Ուշադրությանն արժանի

 

Ֆրանսիայի նախագահ Էմմանուել Մակրոնը դրական է արտահայտվել ԵՄ-ում ներգաղթյալների տեղաբաշխման մասին ծրագրի մասնակի հաստատմանը: Իտալիան չի մասնակցել Փարիզում կայացած հանդիպմանը:

Ներքին և արտաքին գործերի նախարարները, ինչպես նաև Եվրահանձնաժողովի ու ՄԱԿ-ի փախստականների գործակալությունների ներկայացուցիչները երկուշաբթի հանդիպել են Փարիզում՝ գտնելու մի մեխանիզմ, որը հնարավորություն կտա փախստականներին հավասարաչափ տեղաբաշխել մայրցամաքում:

«Այսօրվա հանդիպման արդյունքում, սկզբունքորեն 14 անդամ երկիր այս փուլում համաձայնության է եկել ֆրանս-գերմանական փաստաթղթի հարցում», – լրագրողներին ասել է Մակրոնը: Նա նշել է, որ նոր նախաձեռնությունը կլինի «արագ» և «ավտոմատ»: Ութ պետություններ «ակտիվ մասնակցում են ծրագրին»:

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հեյկո Մաասը հաստատել է, որ որոշակի առաջընթաց է գրանցվել:

«Կարծում եմ, դեռ չենք հասել մեր նպատակին, սակայն կարողացանք ավելի շատ առաջ գնալ», – ասել է Մաասը: «Միջերկրական ծովում փրկարարական գործողությունների վերաբերյալ վեճերին պետք է վերջ տրվի»:

Մաասը հավելել է, որ պահանջվում է «պատրաստակամների կոալիցիա»:

Բացի Ֆրանսիայից ու Գերմանիայից, նոր համակարգով առաջնորդվելու մտադրություն են հայտնել Ֆինլանդիան, Լյուքսեմբուրգը, Պորտուգալիան, Լիտվան, Խորվաթիան և Իռլանդիան:

Իտալական բացակայություն

Լինելով Մերձավոր Արևելքից և Հյուսիսային Աֆրիկայից  ներգաղթյալներին ընդունող պետությունների առաջին շարքում, Իտալիայի կառավարությունը երկար ժամանակ բողոքում էր Եվրամիության մյուս պետությունների օժանդակության բացակայությունից՝ կապված Եվրոպայում անվտանգության կամ ավելի լավ կյանքի ձգտող քաղաքացիների ճակատագրի հետ:

Իտալիայի ներքին գործերի նախարար Մաթեո Սալվինին երկուշաբթի չի մասնակցել հանդիպմանը, փոխարենը գրել է իր ֆրանսիացի գործընկեր Քրիստոֆ Քաստաներին՝ զգուշացնելով «միայն Փարիզում և Բեռլինում ընդունված որոշումների հետևանքների մասին»:

Լիբիայի ուշադրությունը, ՀԿ-ի քննադատությունը

Ֆրանսիայի նախագահը նաև խնդրել է Լիբիայի կառավարությանը միջոցներ ձեռնարկել միգրանտների անվտանգությունը երաշխավորելու համար:

Բժիշկներ առանց սահմանների (MSF) բարեգործական կազմակերպությունը հայտարարել է, որ Լիբիայից փախած մարդկանց հանդեպ ԵՄ դիրքորոշումը հանգեցրել է «կազմակերպված մարդկային տառապանքի՝ արդյունաբերական ծավալով»:

«SOS Mediterranee» մարդասիրական խումբը հայտարարել է, որ ամեն ինչ կանի ԵՄ որոշ երկրների ուժեղ ընդդիմությանը դիմակայելու համար:

Փարիզում կայացած մամուլի ասուլիսում ՀԿ-ի գործերի ղեկավար Ֆրեդերիկ Փենարը հայտարարել է: «Ամեն ջանք գործադրվում է նավերին վախեցնելու և նրանց աշխատանքը խափանելու համար»:

Միջերկրական ծովում խեղդվող ներգաղթյալներին փրկելու բարեգործական նավերի փորձերը զայրացրել են Իտալիային, որը խիստ դիրքորոշում է ընդունել՝ չթողնելով, որ փախստականներ տեղակայող նավերը մոտենան իտալական նավահանգիստներին:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

Write a comment