ԵՄ-ն զգուշացնում է Ռումինիային՝ դեմոկրատական ռեֆորմների «հակառակ» պրոցեսի մասին

ԵՄ-ն զգուշացնում է Ռումինիային՝ դեմոկրատական ռեֆորմների «հակառակ» պրոցեսի մասին

Հոդվածի առանցքում

  • ԵՄ-ն քննադատում է Ռումինիայի դատական բարեփոխումները՝ ասելով, որ Բուխարեստը չի հետևում իր օրենսդրական պարտավորություններին։ Ռումինիան ուժեղ վերահսկողության տակ է, քանի որ հունվարին ստանձնելու է ԵՄ նախագահությունը։ Ռումինիան հետ է կանգնում կոռուպցիայի դեմ պայքարի իր պարտավորությունից և դատական անկախությանն աջակցելուց, նշված է Եվրահանձնաժողովի զեկույցում։

Ուշադրությանն արժանի

«Վերջին 12 ամիսների զարգացումները, ցավոք, կասկածի տակ են դնում վերջին տասը տարվա գրանցած հաջողությունները»,- Ստրասբուրգում լրագրողներին ասել է Հանձնաժողովի փոխնախագահ Ֆրանս Թիմերմանսը։

Թիմերմանսը 8 նոր հանձնարարականներ է նշել, որոնց «պետք է անմիջապես հետևել»՝ ներառյալ դատավորների պարտադիր թոշակի անցնելու մասին օրենքի չեղարկումը, Քրեական օրենսգրքի վերջին փոփոխությունների դադարեցումը և մեդիա ազատության մեծացումը։

Եվրոպական պառլամենտում օրենսդիրները ճնշող մեծամասնությամբ անցկացրել են բանաձև, որը սուր քննադատության է ենթարկում դատարանների կասկածելի ռեֆորմների պլանները։ ԵՄ օրենսդիրները զգուշացրել են, որ ծրագրված բարեփոխումները սպառնալիք են և «խաթարում են դատական համակարգի անկախությունը․․․ ինչպես նաև թուլացնում օրենքի գերակայությունը»։

ԵՄ անհանգստությունները պայմանավորված են իրավական և կադրային փոփոխություններով, որոնք արել են 2 տարի առաջ իշխանության եկած սոցիալ դեմոկրատները։

Իշխող Սոցիալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Լիբիյու Դրագնին չի ընդունել Հանձնաժողովի քննադատությունը՝ ասելով․ «Ռումինիայի իրական խնդիրները ցանկացած զեկույցից կամ մոնիտորինգային մեխանիզմներից այն կողմ են»։

Հունվարին ԵՄ նախագահությունը ստանձնելու առիթով բարձրաձայնված անհանգստություններն այն մասին են, թե արդյոք երկիրը պատրաստ է դրան։

Ռումինիայի կենտրոնամետ նախագահ Կլաուս Իոհաննիսը լրագրողներին ասել է, որ իր երկիրը պատրաստ չէ ընդունել ԵՄ նախագահությունը։

«Հանձնաժողովի զեկույցը և Եվրոպական պառլամենտի բանաձևը նույնն են ասում,- նկատել է նա,- Նրանք ասում են, որ Ռումինիան հետ է գնացել ժամանակի մեջ՝ նահանջելով նույնիսկ 2007-ից, երբ անդամակցեց ԵՄ-ին»։

2007 թվականից սկսած, երբ Ռումինիան միացավ եվրոպական մեծ ընտանիքին, ամեն տարի դիտարկվում է օրենքի գերակայությունն այս երկրում։ Վերջին հաշվետվությունը կասկածի տակ է դնում Շենգեն գոտուն միանալու Բուխարեստի հայտը, որը թույլ կտան միայն, եթե այն համապատասխանի ԵՄ չափանիշներին։

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ:

 

Write a comment