ԵԱՀԿ. Ադրբեջանը պետք է դադարեցնի Խադիջա Իսմայիլովայի դեմ արշավը

ԵԱՀԿ. Ադրբեջանը պետք է դադարեցնի Խադիջա Իսմայիլովայի դեմ արշավը

Հոդվածի առանցքում

  • Խորապես մտահոգիչ է, որ Խադիջա Իսմայիլովան շարունակում է դժվարությունների բախվել պետական կառույցների ջանքերով, ինչը խանգարում է որպես լրագրող նրա մասնագիտական գործունեությանը: Վերջին տարիներին նա մի քանի անգամ ենթարկվել է բռնությունների իր գործունեության պատճառով: Կոչ եմ անում դադարեցնել նման արձագանքը, քանի որ դա վնասում է երկրում արտահայտվելու ազատությանը։

Ուշադրությանն արժանի

Ադրբեջանում հետաքննող լրագրող Խադիջա Իսմայիլովայի դեմ շարունակվող բռնությունների մասին լրջագույն մտահոգություն է հայտնել ԵԱՀԿ-ն` կոչ անելով անմիջապես դադարեցնել հետապնդումները:

Բաքվի տնտեսական դատարանը Իսմայիլովային պարտադրել է վճարել 23.000 եվրո` հարկերից խուսափելու մեղադրանքով` այն ժամանակահատվածի համար, երբ նա գլխավորում էր Ազատություն ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը:

Իսմայիլովան  հակադարձում է` բացի այն, որ ոչ մի առնչություն չի ունեցել Ազատություն ռադիոկայանի ֆինանսական հարցերին, ռադիոկայանը նաև պայմանավորվածություններ է ունեցել Ադրբեջանի հետ հարկերի մասով:

Դատարանի այս որոշումը եզրափակում է Իսմայիլովայի դեմ Ադրբեջանի կառավարության սկսած քայլերը: Ամեն ինչ սկսվել է այն ժամանակ, երբ լրագրողը հրապարակեց հետաքննություն իր երկրում կոռուպցիայի և դրանում իշխող ընտանիքի մասնակցության մասին:

2013-ից սկսած լրագրողը մի քանի անգամ ձերբակալվել է, մեղադրվել է պետական դավաճանության մեջ, իշխանական մեդիան նրա դեմ նյութեր է հրապարակել, մեղադրվել է հարկերից խուսափելու և գողության մեջ, կեղծ փաստերով դատապարտվել 7.5 տարվա ազատազրկման` իշխանության չարաշահման, անօրինական գործունեության մեղադրանքներով:

«Խորապես մտահոգիչ է, որ Խադիջա Իսմայիլովան շարունակում է դժվարությունների բախվել պետական կառույցների ջանքերով, ինչը խանգարում է որպես լրագրող նրա մասնագիտական գործունեությանը: Վերջին տարիներին նա մի քանի անգամ ենթարկվել է բռնությունների իր գործունեության պատճառով: Կոչ եմ անում դադարեցնել նման արձագանքը, քանի որ դա վնասում է երկրում արտահայտվելու ազատությանը»,- ասում է ԵԱՀԿ-ում Մեդիայի ազատության հարցերով ներկայացուցիչ Հարլեմ Դեսիրը:

Արձագանքելով միջազգային հարթակներում ճնշումներին և մեղադրանքներին, որ Իսմայիլովայի բանտարկության հիմքերը քաղաքական են, 2016-ին դատարանը նրա ազատազրկման վճիռը փոխեց` նրան ազատելով, բայց երկու տարի ժամկետով արգելեց մասնագիտական գործունեությունը, երկրից դուրս գալը: Կան նաև այլ սահմանափակումներ:

Երկրից հեռանալու արգելքի պատճառով Իսմայիլովան չկարողացավ մեկնել և ստանալ միջազգային մրցանակներ, ինչպես Right Livelihood Award-ը` մարդու իրավուքների պաշտպանության ուղղությամբ նրա գործունեության համար: Անցած տարի իշխանությունները սառեցրել են նրա բանկային հաշիվները և Իսմայիլովան նաև պնդում է, որ իրեն հետևում են քաղաքացիական հագուստով ոստիկաններ:

Քանի դեռ նա բանտում էր, նրա գործը շարունակում էին OCCRP-ի լրագրողները: Դատարանի վերջին վճռի մասին OCCRP-ի գլխավոր խմբագիր Դրյու Սուլիվանը թվիթել է. «Նա ոչ մի ֆինանսական փաստաթուղթ չի ստորագրել և նույնիսկ այլևս Ազատություն ռադիոկայանում չի աշխատում: Այս գործն ի սկզբանե ամբողջությամբ հիմնված է կեղծ փաստերի վրա»:

Ըստ լրագրողների պաշտպանության կոմիտեի, Ադրբեջանն այն երկրների շարքում է, որտեղ բանտարկում են լրագրողներին և պարբերաբար արգելափակում են անկախ լրատվակայքերը:

Ադրբեջանում մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվողներն ասում է, որ ավելի քան 150 քաղբանտարկյալ կա և նման բովանդակությամբ գործերի թիվը շարունակում է աճել:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment