Դոնալդ Թրամփը չի հերքում՝ ներգաղթային քաղաքականության մասին հոլովակը ռասիստական է. «Շատ բան է վիրավորական, ձեր հարցն է վիրավորական»

Դոնալդ Թրամփը չի հերքում՝ ներգաղթային քաղաքականության մասին հոլովակը ռասիստական է. «Շատ բան է վիրավորական, ձեր հարցն է վիրավորական»

Լրագրողները նախագահ Դոնալդ Թրամփին խնդրել են մեկնաբանել հոլովակը՝ կապված ներգաղթային քաղաքականության հետ, որը մի շարք կայքեր տարածել են ու ռասիստական են որակել:  Թրամփը չի համարել, որ այն ռասիստական է, բայց չի էլ հերքել:

«Չգիտեմ, այսինքն, դուք ինձ այնպիսի բաներից եք հարցնում », – ասել է Թրամփն օդանավ բարձրանալուց առաջ», – որոնցից ես տեղյակ չեմ:  Մենք շատ հայտարարություններ ենք արել, շատ հոլովակներ ենք նկարահանել և, դատելով ցուցանիշներից, դրանք բավական արդյունավետ են»:

Մեկ այլ թղթակից հարցը վերաձևակերպել է՝ հարցնելով, թե արդյոք Թրամփը տեղյակ է, որ նրա նախընտրական հոլովակը վիրավորական են որակել:

«Դե, շատ բան է վիրավորական, շատ դեպքերում ձեր հարցերը նույնպես վիրավորական են»:

Խոսքն այն հոլովակի մասին է, որի նպատակը Մեքսիկայի սահմանը հատող միգրանտների քարավանի հանդեպ ահ ու սարսափ արթնացնելն էր:

«Լուիս Բրակամոնտեի պես վտանգավոր հանցագործներ մեր օրենքների վրա թքած ունեն»:

CNN –ը հրաժարվել է հեռարձակել հոլովակը՝ այն համարելով ռասիստական:

Նույնիսկ Թրամփի սիրելի Fox News-ը որոշել է այս խոսքերը չհեռարձակել:

NBC-ն 30 վայրկյանանոց հոլովակը հեռարձակել է կիրակի փրայմ թայմին, բայց երկուշաբթի օրը որոշել է այն հանել ծրագրից:

«Մենք վերանայեցինք ու հասկացանք, որ հոլովակն անհարգալից բնույթ է կրում և որոշեցինք որքան հնարավոր է շուտ հանել ծրագրից», – ասված է NBC-ի հայտարարության մեջ:

Բացի այդ, Facebook-ը հայտարարեց, որ կհեռացնի հոլովակը, որը տարածել էր թիրախային խմբերում՝ հիմնավորելով, որ այն խախտում է սոցցանցի գովազդային քաղաքականությունը: Այդուհանդերձ, ֆեյսբուքի օգտատերերը դեռ կարողանում են կիսվել այդ տեսանյութով ու տարածել այն:

Նախորդ շաբաթ Թրամփն իր թվիթերյան էջում այդ հոլովակի ավելի երկար տարբերակն էր տեղադրել: Նրա խոսքով՝ դեմոկրատները թույլ են տվել քարավանի հետ միախառնված մեքսիկացի Բրակամոնտեին հատել ԱՄՆ սահմանն ու բնակություն հաստատել այնտեղ: Իրականում Բրակամոնտեն երկրի սահմանը հատել էր Բիլ Քլինթոնի օրոք, հետո նրան արտաքսել էին, տարիներ անց նա կրկին հատել է ԱՄՆ սահմանն արդեն Բուշի օրոք և կրկին արտաքսվել էր: Ավելի ուշ՝ 2014-ին, նա վերադարձել ու սպանել է երկու ոստիկանի:

Այսպիսով, ընտրությունների նախաշեմին նախագահն իրականությանը չհամապատասխանող տեղեկություն էր տարածել քարավանի մասին՝ հնարավորինս շատ ձայներ ստանալու նպատակով:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ:

Write a comment