Դեպի ինչպիսի՞ աշխարհակարգ ենք մենք գնում

Դեպի ինչպիսի՞ աշխարհակարգ ենք մենք գնում

Հոդվածի առանցքում

  • Լիբերալ աշխարհակարգ իրականում երբեք գոյություն չի ունեցել: Գերտերությունները եղել են ու կմնան:

Ուշադրությանն արժանի

Վերջերս միջազգայնագետներ Պատրիկ Պորտերը, Գրեհեմ Ալիսոնը, Թոմաս Ռայթը, Ռոբերտ Կագանը, Ռեբեկա Լիսները ևՄիրա Ռափ-Հուփերը ներկա էին ժամանակակից աշխարհակարգի մասին քննարկմանը: Բանավեճը հիմնական թեման էր արդյոք աշխարհակարգը երբեևէ եղել է «լիբերալ» , կա կամ կլինի:

Ճիշտ տարբերակը գտնելու համար միջազգային հարաբերությունների գիտակները կարող են օրեր շարունակ խորհել, տեսություններ փնտրել, բայց, անկեղծ ասած, չեմ կարծում, թե արժե այդքան ժամանակ վատնել:

Ինչո՞ւ, որովհետև, երբեք չեմ հասկացել՝ ինչ է նշանակում «աշխարհակարգ»: Բազմաթիվ հեղինակներ օգտագործում են այդ եզրույթը, պետական գործիչ Հենրի Քիսինջերը նույնիսկ մի մեծ հաստափոր գիրք է գրել այդ ձանձրալի վերնագրով:

Այդուհանդերձ, այն դեռ անորոշ ու խճճված հասկացություն է, որի շուրջ կոնսենսուս չկա:

«Աշխարհակարգը» աշխարհում ուժի, իշխանության սահմանումն է:  Եվ, եթե այդպես է, ապա ինչպե՞ս ենք սահմանում «ուժը»:

Արդյոք խոսքն իշխանության բաշխման մասին է՝ ֆորմալ կամ ոչ ֆորմալ կանոնների, նորմերի, որոնք ուժեղագույն պետությունները մշակում և կիրառում են, բացառությամբ այն դեպքերի, երբ նրանք որոշում են անտեսել կամ էլ վերաձևակերպել դրանք: Արդյոք այս տերմինը ենթադրում է հիմնական դերակատարների միջև շատ թե քիչ կանխատեսելի վարքագծի մոդելի մշակում, որտեղ դիտորդն է որոշում այս կամ այն խաղացողի կամ ռեժիմի կարևորությունը, թե՞ սա պարզապես ծույլ եզրույթ է, որը գիտակներն օգտագործում են հստակ միջազգային համակարգի, հստակ ժամանակահատվածի համար:

Եթե ոչ ոք իսկապես չգիտի, թե ի՞նչ է իրականում նշանակում «աշխարհակարգ» բառը, եկեք փորձենք մի քանի դիտարկում անել: Որոնք կլինեն աշխարհաքաղաքականության հիմնական առանձնահատկությունները: Այլ կերպ ասած՝ ի՞նչ կպատասխանես, եթե մեկը խնդրի քեզ նկարագրել գլոբալ քաղաքականության հիմնական հատկանիշները 2025թ.-ին:

Ի դեպ, վերջերս ինձ այդ հարցը տվեցին: Իմ պատասխանը հիմնականում վերաբերվում էր Միացյալ Նահանգներին: Ահա, թե ինչ պատասխանեցի:

Ընդհանուր առմամբ, 2025-ը լինելու է « անհամաչափ բազմաբևեռության» աշխարհ: Այսօրվա կարգը լիբերալ չէ ու 2025-ն էլ չի լինելու:

ԱՄՆ-ն դեռ լինելու է երկրագնդի ամենածանրակշիռ դերակատարը, քանի որ ուրիշ ոչ մի երկիր չի ունենա նույն տնտեսական հզորությունն ու կշիռը, տեխնոլոգիական զարգացման կատարելությունը, ռազմական ուժը, տարածքային անվտանգությունը և դեմոգրաֆիկական դրական ցուցանիշները: Այդուհանդերձ, նրա գերազանցության շեմը նախկինից ավելի ցածր կլինի, քանի որ երկիրը կառերեսվի ֆինանսական ու քաղաքական խնդիրների հետ: Չինաստանը կլինի մոլորակի 2-րդ հզոր ուժը, որին կհետևեն մոլորակի մի քանի հիմնական խաղացողներ՝ Գերմանիան, Ճապոնիան, Հնդկաստանը, Ռուսաստանը և այլ երկրներ, որոնք երկու առաջատարներից էապես թույլ կլինեն:

Այս համակարգում Միացյալ Նահանգները իր սահմաններից դուրս պարտավորություններ վերցնելիս և հզորությունն օգտագործելիս պետք է ավելի զգուշավոր լինի: Երկիրը չի շրջվի դեպի մեկուսացում, բայց աշխարհը փոխելու ամբարտավան ցանկությունը, որով նշանավորվեց միաբևեռ դարաշրջանը, մարել էր մինչև Դոնալդ Թրամփի իշխանության գալը: Այն այլևս չի վերադառնալու, որքան էլ մեծ լինի վերադարձնելու՝ նոստալգիկ նեոկոնսերվատիվների ցանկությունը:

Պարզ է, որ ԱՄՆ արտաքին պաշտպանական քաղաքականությունը կկենտրոնանա Չինաստանի վրա: Միաժամանակ փորձ է արվելու Չինաստանին գերազանցել առաջատար տեխնոլոգիաների ոլորտում: ԱՄՆ-ը նաև կխոչընդոտի Ասիայում Չինաստանի դոմինանտ դիրք գրավելուն: Գործնականում սա նշանակում է Ասիայում ԱՄՆ դաշնակցային կապերի պահպանում, խորացում, հնարավորության դեպքում նաև ընդլայնում, նույնիսկ այն ժամանակ, երբ Չինաստանը փորձում է իր ազդեցության տակ պահել սահմանակից հարևաններին: ԱՄՆ դիրքերն Ասիայում պահպանելը հեշտ չի լինելու, քանի որ հեռավորությունը մեծ է, Միացյալ Նահանգների ասիացի դաշնակիցները ցանկանում են պահպանել տնտեսական կապերը Չինաստանի հետ:

Այս կոալիցիան պահելու համար ամերիկյան դիվանագիտությունից կպահանջվի ճարպկություն: Ի դեպ, հաջողությունն այդքան էլ երաշխավորված չէ, բայց այս ուղղությամբ աշխատելը սխալ չէ, քանի որ Չինաստանը նույնպես խնդիրների հետ է բախվելու: Չինաստանի դաշնակից-հարևանների մեծ մասը չի ցանկանում, որ Պեկինը դոմինանտ լինի տարածաշրջանում:

Այնպես որ, ինչպես ռեալիստներն ավելի քան 15 տարի զգուշացնում էին, առաջիկա մեկ տասնամյակի ընթացքում համաշխարհային քաղաքականության միակ կարևոր առանձնահատկությունը լինելու է ԱՄՆ-Չինաստան մրցակցությունը:

Համեմատության համար՝ այսօր ոչ մի երկիր չի սպառնում իր ազդեցության տակ գցել Եվրոպան, եթե չհաշվենք վերածնվող Ռուսաստանի մասին ահազանգերը, որոնք հիմնավոր չեն, քանի որ Ռուսաստանը չափազանց թույլ է, որպեսզի Եվրոպայի համար վտանգը ներկայացնի: Այդ պատճառով ԱՄՆ դերը Եվրոպայում կշարունակի նվազել (Սառը պատերազմի ավարտից հետո այդպես է):

Սա է պատճառը, որ Միացյալ Նահանգների համար տարածաշրջանային պարտավորությունները շատ ավելի քիչ են, քան Սառը պատերազմի ժամանակ էր: Եվրոպան 500 միլիոն բնակչություն ունի, որից Ռուսաստանին բաժին է հասնում միայն 140 միլիոնը, այն էլ արագ ծերացող բնակչությամբ: Եվրոպայի համակցված տնտեսությունը գնահատվում է մոտ 17 տրիլիոն դոլար, որից Գերմանիայինը՝ 3.5 տրիլիոն, իսկ Ռուսաստանինը՝ 2 տրիլիոն:

Ավելին՝ Եվրոպան ու ՆԱՏՕ-ն այլևս դերակատարություն չեն ունենալու, քանի որ Վաշինգտոնը կենտրոնանալու է Ասիայի վրա:

Եվրոպական երկրներն էլ չեն ցանկանում հրաժարվել Չինաստանի հետ շահավետ կապերից, չեն կարողանում խոչընդոտել Պեկինի տարածաշրջանային գերիշխանությանը ու չեն էլ կարողանում հավասարակշռել այն: Եթե չին-ամերիկյան մրցակցությունը շարունակվի, իմ կանխատեսումներով, ապա հակամարտության ևս մեկ եզր կառաջանա ԱՄՆ-Եվրոպա հարաբերություններում: Թրամփն այս գործընթացը կարող է արագացնել՝ նոր պատժամիջոցներ կիրառելով եվրոպական երկրների նկատմամբ, որոնք փորձում են պահպանել Իրանի հետ միջուկային գործարքը: Նույնիսկ հակառակ պարագայում՝ տրանսատլանտյան հարաբերությունների ռեգրեսն անխուսափելի է: Զարմանալի ոչինչ չկա: Այս ամենը Սովետական Միության փլուզման և Ասիայի վերելքի դանդաղ, բայց անխուսափելի հետևանքն է:

Ինչ վերաբերում է Եվրոպային, ապա ԵՄ նախագիծը մտահոգիչ է: Բրեքզիթի գործընթացն անորոշ է, տնտեսական աճն՝ անհավասար, ծայրահեղական կուսակցություններն էլ մի քանի երկրներում միաժամանակ են ստեղծվում:

ԵՄ -ն չափազանց մեծ ու տարասեռ է դարձել արագ ու բարդ որոշումներ կայացնելու համար ու բախվում է ոչ ազատական ու քսենոֆոբ տարրեր պարունակող ընդդիմության հետ:

Այդուհանդերձ, մայրցամաքի համար կա մեկ անկանխատեսելի երևույթ, որում Միացյալ Նահանգները նույնպես ներգրավված է: Այդ անսպասելի գործոնը Ռուսաստանի հետ հարաբերությունների մեղմացման կամ նույնիսկ լիցքաթափման հնարավորությունն է:

Ի վերջո, Եվրոպայի շահերից է բխում, որ Ռուսաստանի միջամտությունն  Ուկրաինայում նվազի, եվրոպական քաղաքականության մեջ չմիջամտի, նաև պոտենցիալ սպառնալիքը Բալկաններում նվազի: Ռուսաստանի շահերից է բխում, որ պատժամիջոցները հանվեն, ու Մոսկվան այլևս չմտահոգվի ԵՄ-ՆԱՏՕ ընդլայնման մասին: Եվ, վերջապես, Միացյալ Նահանգների շահերից է բխում, որ Ռուսաստանը Չինաստանից հեռու մնա, որպեսի հետագայում կենսական նշանակություն չունեցող երկրների հանդեպ հավելյալ պարտավորություններից խուսափի:

Հնարավոր է Թրամփը ցանկանում էր լավ հարաբերություններ հաստատել Ռուսաստանի հետ, և սա պայմանավորված չէր Պուտինի գործոնով, սա պայմանավորված էր աշխարհաքաղաքական նշանակությամբ: Սակայն Թրամփն ու իր թիմակիցներն այս առաջնագծում շատ բան չարեցին: Ռուսաստանի հետ ռազմավարական բեկումը տեղափոխվում է Թրամփի նախագահության երկրորդ ժամկետ, կամ էլ՝ հետաձգվում մինչև նոր նախագահի ընտրությունը, (նայած, թե որն առաջինը կիրականանա):

Ինչ վերաբերվում է Միջին Արևելքին, ապա այս կաթսան դեռ երկար տարիներ է եռալու: Դեմոգրաֆիկական մարտահրավերներին զուգահեռ, այստեղ բազմաթիվ պառակտումներ կան. սունիներն ընդդեմ շիաների, արաբներն ընդդեմ պարսիկների, սաուդցիներն ընդդեմ քաթարցիների, Իսրայելն ընդդեմ Պաղեստինի, քրդերն ընդդեմ թուրքերի, ջիհադիստներն էլ ընդդեմ բոլորի (նաև միմյանց դեմ): Ընդ որում` այստեղ կան նաև աղքատ պետություններ, որտեղ արտաքին ուժերի ներկայությունը մեծ է, օրինակ՝ Իրաքը, Լիբիան, Սիրիան ու Եմենը:

Հետևաբար` ակնհայտ է, որ ոչ մի երկիր չի կարող «դոմինանտ» լինել Միջին Արևելքում: Նույնիսկ միաբևեռ ժամանակաշրջանի գագաթնակետին գտնվող Միացյալ Նահանգները տարածաշրջանից գլուխ չհանեց: Կարելի է պնդել, որ Իրանն է մտադիր հեգեմոն դիրք գրավել:   Բայց Միջին Արևելքում դոմինանտ լինելու համար Թեհրանը այդչափ տնտեսական ու ռազմական հզորություն չունի, դրա փոխարեն շատ մրցակիցներ ունի: Տարածաշրջանի խաղացողներից են Եգիպտոսը, Իսրայելը, Սաուդյան Արաբիան, Թուրքիան, Արաբական Միացյալ Էմիրությունները:

Աշխարհակարգի ի ՞նչ տեսակ եմ ես նկարագրում (վա՛յ, էլի՛ այս բառը): Իհարկե, մի կեղտոտ աշխարհակարգ: Ես շատ բաներ բաց եմ թողել՝ կիբերանվտանգություն, կլիմայի փոփոխություն, արհեստական բանականություն, Աֆրիկա, Լատինական Ամերիկա:

Հնաոճ երևալու վտանգը գիտակցելով, այդուհանդերձ, պետք է ասեմ, որ այս գործոններից և ոչ մեկը չեն փոխի համաշխարհային քաղաքականության հիմնական բնույթը:

Նախագահի թեկնածու Բիլ Քլինթոնը մի անգամ ասել է. « Մաքուր իշխանության ցինիկ հաշվարկները…  նոր դարաշրջանի համար անպիտան են»:

Ավելի ուշ, ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Ղրիմի հարցով Ռուսաստանին քննադատելով՝ կասի. «21-րդ դարում 19-րդ դարի ոճով մի՛ վարվեք»:

Ավաղ, նրանք սխալվում էին:

Մեծ ուժի քաղաքականությունը ողջ և առողջ է, սա նշանակում է, որ մենք շարժվում ենք դեպի մրցակցության ու կասկածի աշխարհ, որտեղ գործակցությունը շարունակվում է, բայց միշտ նրբանկատ է և առաջնորդների քմահաճությունները հաճախ անհարկի տառապանքների է հանգեցնում, այսինքն՝ աշխարհ, որն իրականում երբեք չէինք էլ լքել:

 

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ:

Write a comment