Դարի ականատեսը. Արա Գյուլերը թողեց Ստամբուլը 90 տարեկանում

Դարի ականատեսը. Արա Գյուլերը թողեց Ստամբուլը 90 տարեկանում

Հոդվածի առանցքում

  • Գյուլերը ծնվել է 1928-ին Ստամբուլի հայկական ընտանիքում: Դրամատիկ դետալներ որսալու ի ծնե տաղանդը Գյուլերին շուտով բերեց հայտնի խմբագրատներ:

Ուշադրությանն արժանի

Իր ժառանգության մասին խոսելիս նա զուսպ էր: Նա այն լուսանկարիչն էր, որը լուռ վավերագրում էր հայկական ներկայությունը Թուրքիայում. այն, ինչ մնացել էր:

4 տարի առաջ, երբ Արա Գյուլերին ինտենսիվ խնամքի տակ վերցրին, անմիջապես լուրեր տարածվեցին աշխարհահռչակ լուսանկարչի՝ կյանքից հեռանալու մասին: Շատ չանցած Գյուլերը լուսանկար հրապարկեց ինստագրամում. նա հոսպիտալում պառկած  մատ էր ցույց տալիս այս բամբասանքները տարածողներին:

Նա անհամբեր էր անհեթեթությունների նկատմամբ, ու նրա լուսանկարներն արտացոլում են ճշմարտությունը, որքան հնարավոր է, ուղիղ ասելու հաստատուն հավատքը: Ի վերջո, երիկամների անբավարարությունից չորեքշաբթի երեկոյան մահացավ Գյուլերը՝ իր ետևում թողնելով լուսանկարչական մեծ ժառանգություն՝ ավելի քան 800 հազար նեգատիվ, որոնք գիտնականների համար տասնամյակների ուսումնասիրության թեմա կլինեն:

Գյուլերը ծնվել է 1928-ին Ստամբուլի հայկական ընտանիքում: Քաղաքի արվեստագետների համայնքին ներկայացավ վաղ հասակում: Հաճախելով Հայկական կենտրոնական դպրոց՝ մասնակցել է նաև թատերական դասընթացների: Սա նրա կիրքն էր, որն ուղղակիորեն ազդել է հետագա լուսանկարչական աշխատանքի վրա: Կինոստուդիայում կարճատև աշխատանքից հետո սկսեց ժուռնալիստիկայով զբաղվել: 1950-ին աշխատանքի անցավ «Yeni Istanbul» թերթում, ինչն էլ նրան վերջնականապես տարավ դեպի ֆոտոխցիկը:

Դրամատիկ դետալներ որսալու ի ծնե տաղանդը Գյուլերին շուտով բերեց հայտնի նկարազարդ «Հայաթ» ամսագրի ֆոտոյի բաժին, և նա սկսեց համագործակցել Թուրքիայի գլխավոր թերթերի հետ։ 30 տարեկանում նա արդեն հոնորարներ էր ստանում միջազգային այնպիսի հեղինակավոր մեդիա կորպորացիաներից, ինչպիսիք են «Time-Life»-ը, «Paris Match»-ը, «Stern»-ը և «British Sunday Times»-ը։

Այդ աշխատանքները գրավեցին Հենրի Քարթիեր-Բրեսոնի ուշադրությունը, ով 1961-ին հրավիրեց Գյուլերին՝ միանալու «Magnum» ֆոտո գործակալությանը, բեկումնային պահ, որը պետք է ապահովեր լուսանկարչի միջազգային հռչակը։

Մշուշոտ երազանք

1960-ականները հնարավորությունների տասնամյակ էր «Արևելքի» հավակնոտ լուսանկարչի համար։ Թուրքիան դարձավ եվրոպա-ամերիկյան հարուստ և մոդայիկ ճամփորդների սիրելի կանգառը, իսկ Գյուլերը միշտ տեղում էր՝ լուսանկարելու Բոսֆոր ոտք դնող բոլոր հայտնիներին։ Նա նաև շատ ճամփորդեց և հատուկ ֆոտո-ռեպորտաժներ պատրաստեց Ուինսթոն Չերչիլի, Ինդիրա Գանդիի, Բերտրան Ռասելի, Մարիա Կալասի, Պաբլո Պիկասոյի, Սալվադոր Դալիի, քաղաքականության և արվեստի մեջ առանցքային այլ ֆիգուրերի մասին։ Տարիների ընթացքում աստղերի մասին այս փալուն պատկերագիրքն այնքան ընդլայնվեց, որ կարող էր մրցել հայազգի մեկ այլ ֆոտոգիգանտի՝ Յուսուֆ Քարշի հետ, որի բարձրաստիճան մշակված, սկուլպտուրային մոտեցումը դիմանկարներին խիստ հակադրության մեջ էր մտնում Գյուլերի կտրուկ, լուսանկարչական ոչ ստանդարտ ոճի հետ։

Ի վերջո, այն, ինչը Գյուլերի անունն առանցքային դարձրեց 20-րդ դարի լուսանկարչության մեջ, ֆոտոների էքստենսիվ և ավելի շատ անձնական շարքն էր Ստամբուլի արագ փոխվող ուրբան միջավայրի և Թուրքիայի հեռավոր շրջաններում ապրող համայնքների մասին։

Սրտառուչ պոեզիայով հագեցած նրա ծխապատ լուսանկարները, որոնք արտացոլում են Ստամբուլի հինավուրց փողոցները, ծառուղիները, նավահանգիստները, քանդվող արվարձաններն ու այնտեղ ապրող մարդկանց, կարծես, մշուշոտ երազ լինեն՝ սևի և սպիտակի:

Այս վիզուալ պատմությունները սկսվում են այն ժամանակից, երբ վաղ 1950-ականներին Թուրքիան մտնում էր մինչև այդ անհայտ արդյունաբերական փուլ: Դրանք դրոշմված են ֆատալ անհետացման մելանխոլիկ գիտակցումով: Ինչպես իրենից առաջ ֆրանսիացի լուսանկարիչ Էժեն Ատժենը, Գյուլերը գիտակցաբար դարձավ անցյալում անվերադարձ կորչող  իրականության վավերագրողը։ Իրականություն, որն իր հետևից թողնում էր ստվերոտ հետք, որը պետք է պահպանվեր միայն նրա խիստ կոնտրաստային լուսանկարներում:

Իր հարցազրույցներում Գյուլերը բազմիցս ափսոսանք է հայտնել բազմամշակույթ մարդկանցով, պատմական շերտեր պարունակող ճարտարապետությամբ և տեսարաններով հարուստ «հին» Ստամբուլի մասին:  Նա մեկ անգամ չէ, որ պնդել է՝ իր լուսանկարները «վիզուալ պատմությունն» են նրա, ինչ եղել է:

Ստամբուլի կորուստը

Լուսանկարչությունը հետազոտողներից Իփեք Թյուրելին բանավիճում է, որ Գյուլերի լուսանկարներն ավելի շատ պատմական հիշողությունն են  կերտում, որովհետև արձանագրում են ժամանակի ընթացքը: Իրականում, Գյուլերի ֆոտոալբոմների էլեգիան, ինչպես 2008-ին «Կորած Ստամբուլի լուսանկարչական էտյուդը», մեզ է ներկայացնում անցյալի պատկերը՝ որպես մեր ժամանակների մեծամտության տարանջատված և իդեալականացված հակաթեզիս:

Այդ իդեալականացումն, իհարկե, պատմական հենք չունի, բայց կարող է հետևանք լինել խոր և գիտակցված ողբերգության, որն անխուսափելիորեն կապված է 1915-ի ցեղասպանության և հայ-թուրքական ինքնության հետ:

Անկեղծորեն հպարտանալով իր թուրքական քաղաքացիությամբ, Գյուլերն ավելի զուսպ էր դառնում, երբ հարցը հասնում էր նրա հայկական ժառանգությանը: Հաճախ նա իրեն բնորոշում էր «ստամբուլցի»՝ որպես հզոր քաղաքի որդի: Մինդեռ, որքան խորանում ես նրա ավելի քիչ ցուցադրված լուսանկարների հսկայական արխիվի մեջ, այնտեղ բացահայտում ես, թեկուզ զգուշավոր, բայց Թուրքիայում հայկական ներկայության (այն, ինչ մնացել է) վավերագրումը:

Թաքնվելով ընդհանուր խորագրերի տակ՝ ինչպիսիք «Կորսված Ստամբուլ»-ն է կամ «Անատոլիայի հուշարձանները», բազմաթիվ լուսանկարներ պատկերում են Օսմանյան կայսրությունը վերապրած հայկական համայնքներին և նրանց ճարտարապետական գլուխգործոցները՝ ցրված Արևելյան Անատոլիայով։ 1950-60-ականների արված ավելի շատ հակասական լուսանկարները պատմում են կորստի և բացակայության, ներքին պառակտման ցավի մասին, որոնք պարուրված են Գյուլերի՝ սեփական հայրենիքի և աշխարհի հանդեպ ունեցած  գթասրտությամբ և վիրավոր հեռանկարով։

Կյանքի մայրամուտին լուսանկարչի այս ճնշված զգացմունքները նույնիսկ ավելի ակնառու դարձան։ Երբ 2013-ին նա այցելեց Հայաստան՝ Ազգային պատկերասրահում իր ռետրոսպեկտիվ ցուցադրությանը, ավելի քան 130 տպագիր լուսանկարներ նվիրաբերեց թանգարանին, հավանաբար մտադրություն ունենալով իր ամբողջ արխիվը տեղափոխել Երևան, որպեսզի դրանք հետագայում տեղակայվեին իր արվեստին նվիրված թանգարանում։

Վերջում, սակայն, նրա արխիվը ձեռք բերեց թուրքական ամենամեծ կորպորացիաներից մեկը, պրոկառավարական Դոգյուս Գրուպը, որը Գյուլեր թանգարանը բացեց լուսանկարչի մահից ամիսներ առաջ։ Այն, անկասկած, կմիանա Արա սրճարանին Բեյօղլուում՝ որպես Ստամբուլի ժամանցի առաջնային վայրերից մեկը, խորհրդանշական հուշարձան՝ նվիրված այն մարդուն, որն այնքան հաջողությամբ կարողացավ կոտրել քաղաքական և մշակութային արգելքները, որպեսզի ստեղծեր 20-րդ դարի ամենահիշարժան և տպավորիչ լուսանկարչական ժամանակագրություններից մեկը։

Ժամանակի և տեղի էությունը որսալու նվիրումը հիմա կարող է գրավելու աստիճան միամիտ ու հեռու թվալ, բայց նաև հստակ է, թե ինչի համար է Գյուլերի աշխատանքն այսօր էլ պահանջում վերարժևորում և մշտական ուշադրություն։ Նրա անխախտ կենտրոնացումը միասնականության, ստեղծարարության վրա և  ապրելու բացահայտ հրճվանքը բյուրեղացնում են արժեքները, որոնք կիսում են բոլոր համայնքները։ Արժեքներ, որոնք սպառնալիքի տակ են հայտնվում մի աշխարհում, որը մեզ հեռացնում է աշխատանքից, տեղանքից և իրարից։

Գյուլերական մարդասիրությամբ ստեղծված տիրույթ ներթափանցելու համար պետք է բացահայտել փոխադարձ հարգանքը, որը հաղթահարում է կոնֆլիկտները լուսանկարների միջոցով՝ որպես հզոր կամուրջ ներողամտության և ընկալման միջև։ Սա ամենաարժեքավոր ձեռքբերումն է ցանկացած մեծ արտիստի համար։ Բնորոշում, որից Գյուլերը համեստորեն հրաժարվում էր ամբողջ կյանքի ընթացքում։

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ:

Write a comment