Գերմանիան արագացնում է ապաստան հայցող վրացիների արտաքսումը

Գերմանիան արագացնում է ապաստան հայցող վրացիների արտաքսումը

Հոդվածի առանցքում

  • Գերմանիայի կողմից Վրաստանի քաղաքացիների համար վիզայի պահանջը չեղարկելու մասին հայտարարությունից հետո վրացի ապաստան հայցողների թիվը զգալիորեն աճել է: Ինչ է անում Վրաստանը, որպեսզի դադարեցնի միգրացիան և արդյոք դա հաջողվում է:

Ուշադրությանն արժանի

Ֆրիդրիխսշտադտ քաղաքի Դրեզդենի արվարձանում գործող նախնական ընդունման հաստատությունում ապրում է շուրջ 500 մարդ: Այստեղ՝ փշալարերի ետևում, նրանք սպասում են իշխանությունների՝ ապաստանի դիմումների պատասխանին: Դիմողների մեծ մասը Սիրիայից է, Իրաքից, Աֆղանստանից և որքան էլ տարօրինակ է, նաև ժողովրդավարական Վրաստանից, որը ձգտում է անդամակցել ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին: Հաստատության բնակիչների մեկ հինգերորդը վրացիներ են:

Asylbewerberheim Hamburger Strasse (DW/V. Esipov)

Երբ 2017 թ.-ին Գերմանիան որոշեց, որ վրացիներին այլևս վիզա պետք չի, Վրաստանից Գերմանիա մեկնող և ապաստան հայցողների թիվը եռապատկվել է: 2018 թվականին գրանցվել է 2976 դիմում: Նրանց մեծ մասը, ըստ Վրաստանի դեսպանատան, Գերմանիայի արևելյան Սաքսոնիա և արևմտյան Հյուսիսային Ռայն-Վեստֆալիա նահանգներում է:

Վրաստանում տնտեսական խնդիրները

Էթեր Հախմանը նույնպես եկել է Վրաստանից: Նա մեծացել է մայրաքաղաք Թբիլիսիում, ութ տարի առաջ օրինական տեղափոխվել է Գերմանիա, սովորել է օրենքը և միացել Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական ​​կուսակցությանը (SPD): Այսօր նա ՍԴԿ Դրեզդենի մասնաճյուղի փոխնախագահն է, աշխատում է իր դոկտորական կոչման համար և միգրանտներին աջակցող Ausländerrat Dresden e.V., շահույթ չհետապնդող կազմակերպությունում:

Նա կարծում է, որ Գերմանիան գրավում է վրացիներին`ավելի բարձր աշխատավարձի ու կենսամակարդակի պատճառով: «Շատ բան է փոխվել Վրաստանում, բայց սոցիալական խնդիրները մնում են չլուծված», – ասում է Հախմանը և բերում մի պարզ օրինակ. ապաստան հայցողին գերմանական իշխանությունը տրամադրում է բնակարանային պայմաններ և ամսական 400 եվրո (455 դոլար), զույգը կարող է ստանալ 800 եվրո: Թեև դա, ըստ գերմանական չափանիշների, համեստ թիվ է, բայց և շատ ավելին է Վրաստանում միջին աշխատավարձից:

Սակայն գերմանական իշխանությունները խիստ են իրենց դիրքորոշման հարցում: Աղքատությունը հիմքեր չի տալիս Գերմանիայում ապաստան ստանալու համար: Վրացի ապաստան հայցողների նույնիսկ 1 տոկոսը չի համարվում օրինական փախստական: Վրաստանի քաղաքացիներին ապաստան տրամադրելու գործընթացը արագացնելու նպատակով դաշնային կառավարությունը ցանկանում է այդ հանրապետությանը որակել որպես անվտանգ երկիր:

Սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին երկու չարտերային ինքնաթիռներով մոտ 100 վրացի քաղաքացիներ Լեյպցիգից Թբիլիսի են վերադարձել, սակայն միգրանտներին չարտերային չվերթներով վերադարձնելը էժան նախաձեռնություն չէ: Փախստականների Սաքսոնյան խորհրդի համաձայն, նման չարտերային մեկ թռիչքի ծախսը կազմում է 95,000 եվրո (108,000 դոլար): Սաքսոնիայի ներքին գործերի նախարարության տվյալներով, ներկայումս 511 վրացիների ապաստանի հայտերը մերժվել են: Սա նշանակում է, որ նրանք ստիպված են հեռանալ Գերմանիայից:

Ապաստանի դիմումներ և արտաքսումներ

Փախստականների Սաքսոնյան խորհուրդը քննադատում է ներգաղթյալների արտաքսումը Վրաստան: Մամուլի խոսնակ Մարկ Գերտերը իշխանությունների գործողությունները որակել է «անողոք»: Նա ասում է, որ ընտանիքները պառակտվում են, հաշմանդամություն ունեցող երեխաները վերադառնում են Վրաստան, որտեղ չեն կարող որակյալ բժշկական օգնություն ստանալ: Գերտերը վրացի փախստականներին «տնտեսական միգրանտներ» չի համարում: Նա ասում է, որ Վրաստանում որակյալ բժշկական ծառայությունների բացակայությունը կարող է վտանգավոր լինել կյանքի համար, հետևաբար, դա օրինական հիմք է համարվում երկրից փախչելու համար:

Գերմանիայում Վրաստանի դեսպան Էլգուա Խոկրիշվիլին DW-ին տված գրավոր հայտարարության մեջ նշել է, որ Վրաստանի քաղաքացիների ապաստանի հայտերի մեծ մասն անհիմն է: Նա նշել է, որ վրացական կառավարությունը անմիջապես արձագանքել է վիզայի պահանջը վերացնելուց հետո ԵՄ որոշ երկրներում ապաստան հայցողների թվի ավելացմանը և մշակել է օրենսդրական ու գործնական հակազդեցությունների փաթեթ:

«Այս միջոցառումները ներառում են ինտենսիվ և լայնածավալ տեղեկատվական քարոզչություն, քրեական հետապնդման մասին օրենքում կատարված փոփոխություններ, որոնք վերաբերում են աջակցությանն ապօրինի միգրացիային և երկրից հեռանալու նկատմամբ խիստ հսկողությունը», – ասել է Գերմանիայում Վրաստանի դեսպան Խոկրիշվիլին:

Այդ ջանքերն արդեն դրական արդյունքներ են տվել, ասել է նա: Եվրամիության մի շարք երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, ապաստան հայցողների թիվը զգալի նվազել է:

«Սեպտեմբեր ամսվա ցուցանիշները, որոնք 2018 թվականի հունվարի համեմատ 77.7 տոկոս անկում են գրանցել,  հուսադրում են, որ առաջիկա ամիսներին բարելավում է ակնկալվում», – ասել է Խոկրիշվիլին:

Վրացերենի թարգմանիչների պահանջարկ կա

Սաքսոնիայի Արդարադատության նախարարությունն էլ հայտնում է, որ բանտերում ոչ գերմանացի քաղաքացիների թիվն աճում է: Բանտարկյալների գրեթե մեկ երրորդն օտարերկրացիներն են, Վրաստանը Լեհաստանից, Թունիսից և Լիբիայից հետո չորրորդ տեղում է: Արդյունքում, թարգմանիչների վրա կատարված ծախսերը վերջին երեք տարում կտրուկ աճել են՝ 2015թ.-ին 104 հազար եվրոից մինչև 2018 թ.-ի 534 հազար եվրո: Վրացերենը այն լեզուներից մեկն է, որի թարգմանիչների պահանջարկ կա ոստիկանությունում, դատարաններում և հիվանդանոցներում:

Էթեր Հախմանը երբեմն վրացերենի թարգմանիչ է աշխատում դատարանում: Նրան թույլ չեն տալիս խոսել անհատական ​​քրեական գործերի մասին: Նա պարզապես ակնարկում է, որ դրանք հիմնականում գողություններ են: Նրա խոսքով, հանցագործները հաճախ «համագործակցում են» Ռուսաստանի և Չեչնիայի «գործընկերների» հետ:

Ըստ Հախմանի, շատ փախստականներ չեն ցանկանում, որ իրենց երկրում մարդիկ իմանան, թե իրականում ինչ է կատարվում իրենց հետ կամ ինչով են զբաղվում: Նրանք պատմում են հարազատներին, որ Գերմանիայում աշխատանք են գտել կամ սովորում են համալսարանում: Մինչդեռ, փախստականների կացարաններում նրանք իրենց օրերն անցկացնում են փշալարերի ետևում:

 

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ:

Write a comment