Գաթա

Հոդվածի առանցքում

  • Հաճախ վաճառվում է Գեղարդ վանական համալիրի ճանապարհին: Քաղցր և գեղեցիկ տեսքով այդ հացը Հայաստանի քրիստոնեական ավանդույթների մասն է կազմում:

Ուշադրությանն արժանի

Ազատի կիրճի վերին հատվածում, ժայռափոր Գեղարդի մուտքի մոտ, դեպի վանական համալիր տանող ճանապարհի կողքին դուք կտեսնեք տարեց կանանց, որոնք վաճառում են հայկական նախշերով զարդարված գաթա:

Փայլապատ պինդ թխվածը միանգամից հալչում է բերանի մեջ, և զգում ես քաղցր միջուկը՝ խորիզը, որը պատրաստված է ալյուրից, կարագից և շաքարից՝ գումարած եփած կրեմը: Ավանդաբար գաթան թխում էին թոնրի մեջ՝ ամեն տարի Տյառնընդառաջին: Գավառից գավառ գաթան տարբեր էր իր բաղադրությամբ՝ մածուն, ընկույզ, չորացրած միրգ: Ամենահայտնի տեսակները Գառնիի և Գեղարդի շրջակայքի գյուղերից են, որտեղ մարդիկ զարդարում են այդ թխվածքատեսակը՝ ծառանման և ադամանդակերպ նախշերով, գաթաների վրա կտեսնեք նաև սրտանախշեր կամ բառեր:

Ավելի շատ քաղցր հաց հիշեցնող այս թխվածքի արմատները կրոնական ավանդույթներում են: Հայաստանն ընդունել է քրիստոնեությունը չորրորդ դարում, և շատ սովորույթներ կապված են Հայկական առաքելական եկեղեցու օրացույցի հետ: Սուրբ ծննդից 40 օր հետո Տյառնընդառաջի սեղանի զարդը գաթան էր: Տոնը խորհրդանշում է 40 օրական մանուկ Հիսուսին Երուսաղեմում տաճարին ընծայաբերելը: Հայ կանայք ընտանիքի համար իրենց սերն ու ջերմությունն էին հունցում խմորի մեջ, որպեսզի յուրաքանչյուր գաթա խաղաղություն և հաջողություն բերեր իրենց տուն: Ի լրումն սիրո և ալյուրի, սովորաբար մետաղադրամ էին դնում գաթայի մեջ: Նրան, ում բաժին էր ընկնում մետաղադրամը, հաջողությունն ուղեկցում էր ամբողջ տարին:

Բացի տոնական առիթներից, Հայաստանում գաթան թխում են ամբողջ տարին՝ նաև առանց հատուկ առիթի, և վայելում այն մեկ բաժակ սուրճի հետ:

 

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ:

 

Write a comment