Բրեքզիթ. Կարո՞ղ է արդյոք Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը մնալ պաշտոնում

Բրեքզիթ. Կարո՞ղ է արդյոք Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը մնալ պաշտոնում

Հոդվածի առանցքում

  • Մի քանի ամիս Բրեքզիթի շուրջ անհամաձայնությունից կամ ԵՄ հետ համաձայնության հասնելու Միացյալ Թագավորության անկարողությունից հետո կարծես նախանշվում է որոշակի առաջընթաց: Այնուամենայնիվ, Բրեքզիթի ապագան դեռ անորոշ է, առաջիկա ամիսներն առանցքային են:

Ուշադրությանն արժանի

Չորեքշաբթի օրը, գրեթե հինգ ժամ փակ դռների հետևում կայացած քննարկումից հետո Մեծ Բրիտանիայի կառավարության կենտրոնակայանում վարչապետ Թերեզա Մեյը հայտարարեց, որ կառավարությունը համաձայնվել է իր առաջարկների հետ:

Մեյի առաջարկած տարբերակը, որի հետ համաձայնվել են նաև Մեյի կառավարության բազմաթիվ անդամներ, Մեծ Բրիտանիային հնարավորություն է տալիս մնալ ԵՄ մաքսային միությունում: Այն նաև առաջարկել է տարբերակ, որով հնարավոր կլինի խուսափել Իռլանդիայի Հանրապետության հետ սահմանային խիստ ռեժիմից: Վերջինս ԵՄ անդամ է և սահմանակից Հյուսիսային Իռլանդիային, որը Մեծ Բրիտանիայի մաս է կազմում և Բրիտանիայի հետ կլքի ԵՄ-ն:

Թերևս, Իռլանդիայի սահմանի խնդիրն ամենաբարդ հարցն է Բրեքզիթի բանակցություններում: Իռլանդիայի Հանրապետության և Հյուսիսային Իռլանդիայի միջև բաց սահմանը խաղաղության հաստատման գրավականն է: Անցակետերի ու սահմանային ծանր ռեժիմի հաստատումը կխոչընդոտի առևտրային հոսքը, ինչպես նաև այն մարդկանց ազատ տեղաշարժը, ովքեր ամեն օր սահմանը հատում են՝ ընտանիքի անդամներին տեսնելու կամ աշխատանքի գնալու համար:

Բայց դա չի նշանակում, որ բանակցություններն ավարտվել են կամ Միացյալ Թագավորությունը պատրաստ է լքել Եվրոպան: Համաձայնությունը պետք է հաստատեն ԵՄ 27 անդամ պետությունների ղեկավարները և վավերացնեն ինչպես Մեծ Բրիտանիայի, այնպես էլ եվրոպական խորհրդարանները: Այս հարցով Մեյը դիմել է Համայնքների պալատին, իսկ Բրեքզիթի հարցով ԵՄ գլխավոր բանակցող Միշել Բարնիերը մեկնել է Ստրասբուրգ՝ հանդիպելու եվրոպական առաջնորդների հետ:

Համաձայնությանը բոլորը չէ, որ կողմնակից են: Բրիտանիայի երկու նախարարներ արդեն հրաժարական են տվել՝ Բրեքզիթի քարտուղար Դոմինիկ Ռաաբը և Աշխատանքի և կենսաթոշակների քարտուղար Էսթեր Մաքվեյը: Ռաաբն իր հրաժարականի նամակում նշել է, որ չի կարող աջակցել այս նախագիծը:

Ակնկալվում է, որ 2019 թվականի սկզբին Եվրախորհրդարանի անդամները այս հարցով կանցնկացնեն քվեարկություն:

«Բրեքզիթն ամենից շատ վերաբերում է մարդկանց: Այն քաղաքացիների իրավունքների, Հյուսիսային Իռլանդիայում խաղաղության պահպանման և Մեծ Բրիտանիայի հեռանալու հետևանքով աշխատատեղերի ապահովման մասին է», – հինգշաբթի հայտարարել է Եվրախորհրդարանի նախագահ Անտոնիո Տաջանին:

Մեյն ակնարկել է, որ նախապատրաստվում է նաև այն իրավիճակին, որը ենթադրում է համաձայնության չհասնել: Բայց ոմանք արդեն կասկածում են, որ վարչապետը, ով իր գործընկերների շրջանում չունի բարձր վարկանիշ, Բրեքզիթը ձախողելու դեպքում կկարողանա պահել իր իշխանությունը:

2016 թվականի հունիսի 23-ին տեղի ունեցած հանրաքվեով սկիզբ դրվեց Եվրոպական դաշինքից Մեծ Բրիտանիայի դուրս գալու գործընթացին: Ընտրողների ավելի քան 50 տոկոսը կողմ քվեարկեց ԵՄ դաշինքից դուրս գալուն, իսկ 48.1 տոկոսն նախընտրեցին մնալ: Հանրաքվեին մասնակցել է մոտ 30 միլիոն մարդ, այսինքն՝ բնակչության 71.8 տոկոսը: Մեկ տարի հետո Մեծ Բրիտանիան Լիսաբոնյան պայմանագրի 50-րդ հոդվածով փորձում է ԵՄ անդամ պետությունների հետ համաձայնության գալ՝ դաշինքը լքելու հարցում:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ:

 

Write a comment