Բոլթոնը խոստացել է «ճնշել Իրանին» և քննարկել Հայաստանին զենք վաճառելու հարցը

Բոլթոնը խոստացել է «ճնշել Իրանին» և քննարկել Հայաստանին զենք վաճառելու հարցը

Հոդվածի առանցքում

  • Ազգային անվտանգության հարցերով խորհրդատու Ջոն Բոլթոնն ասել է, որ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմն Իրանին ճնշելու է տնտեսական ամենախիստ պատժամիջոցներով: Ըստ Բոլթոնի՝ դրանք Միջին Արևելքում Թեհրանի բացասական վարքի պատասխանն են: Այս մասին RFE/RL հետ բացառիկ զրույցում ասել է Բոլթոնը՝ հոկտեմբերի 25-ին Երևանում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կայացած հանդիպումից հետո:

Ուշադրությանն արժանի

«Ես վարչապետին բացատրեցի, որ մենք մտադիր ենք մաքսիմալ ճնշում գործադրել Իրանի նկատմամբ, քանի որ այդ երկիրը շարունակում է միջուկային փորձարկումները», – RFE/RL-ի հայկական ծառայության հետ զրույցում ասել է  Բոլթոնն ու շարունակել, -«Իրանը միջազգային ահաբեկչության հիմնական հովանավորն է: Մենք անհանգստացած ենք բալիստիկ հրթիռների ծրագրով և ակտիվ ռազմական գործողություններով, որոնք Իրանը ծավալում է Սիրիայում ու Իրաքում»:

Հաշվի առնելով, որ Հայաստանը սահմանակից է Իրանին, Բոլթոնն ասել է, որ Իրանի դեմ պատժամիջոցներն ընդլայնելով՝ Վաշինգտոնը չի ցանականում վնասել «բարեկամներին»:

Դա է պատճառը, որ Փաշինյանի հետ զրույցում նա նախապես «շեշտել է», որ Թրամփի վարչակազմն Իրանի հանդեպ պատժամիջոցները խստորեն կիրառելու է և հայ-իրանական սահմանը հարվածի տակ է լինելու:

«Մենք Իրանին ճնշելու ենք, քանի որ կարծում ենք, որ ԻԻՀ-ն պետք է փոխի իր պահվածքը Միջին Արևելքում»:

Բոլթոնի զրույցը Փաշինյանի հետ կայացել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ու արտգործնախարար էլմար Մամեդյարովի հետ Բաքվում կայացած հանդիպումից մեկ օր հետո: Բոլթոնը վստահեցրել է, որ Վաշինգտոնը կշարունակի աջակցել Բաքվի և Երևանի միջև Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը: Բոլթոնն ասել է, որ Փաշինյանի հետ երկար զրուցել է մասնավորապես Լեռնային Ղարաբաղի մասին և որ նա տեղյակ է Հայաստանի տնտեսական դժվարություններից, որոնք կապված են հակամարտության հետ և աշխարհաքաղաքական դրության ու պատմական անցյալի արդյունք են:

Հայաստանի սահմանն Ադրբեջանի հետ փակ է հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտության պատճառով: 1988-1994թթ.-ի պատերազմի արդյունքում Լեռնային Ղարաբաղը հայտարարվեց անկախ, այդ պատերազմը 30,000 մարդու կյանք խլեց, հարյուր հազարավոր մարդիկ տարհանվեցին:

Միջազգային մակարդակով համաձայնեցված բանակցություններին ներգրավված է ԵԱՀԿ Մինսկի միջազգային խումբը, որի համանախագահներն են Ֆրանսիան, Ռուսաստանն ու Միացյալ Նահանգները, սակայն խնդիրը կարգավորված չէ:

Ի նշան Ադրբեջանի հետ համերաշխության, Թուրքիան նույնպես փակել է Հայաստանի հետ սահմանը: Այսպիսով, եթե Երևանը հավատարիմ մնա Իրանի դեմ պատժամիջոցներին, ապա Հայաստանի համար, որպես առևտրային գործընկեր, բաց կմնա միայն Վրաստանի սահմանը: Երևանում նաև անհանգիստ են՝ ինչպես կանդրադառնան Հայաստանի վրա Թիֆլիսի հանդեպ Ռուսաստանի պատժամիջոցները:

Բոլթոնն ասել է, որ ստեղծված իրավիճակն ընդգծում է Լեռնային Ղարաբաղի շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի միջև փոխադարձ համաձայնություն ձեռք բերելու կարևորությունը:

«Այդ դեպքում Հայաստանի ու Ադրբեջանի սահմանը կբացվի: Թուրքական սահմանը, վստահ եմ, նույնպես կբացվի: Եվ կարծում եմ՝ այդ դեպքում Վրաստանի հետ սահմանը մտահոգության ավելի քիչ առիթ կտա»,- ասել է Բոլթոնը:

RFE/RL-ին Բոլթոնն ասել է, որ Վաշինգտոնը պատրաստ է ցուցաբերել ցանկացած աջակցություն՝ նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի նախագահության շրջանակում, որպեսզի խնդրի կարգավումը լինի փոխադարձ ընդունելի:

«Մենք բոլոր դժվարությունները գիտակցում ենք, բայց նաև զգում ենք, որ Փաշինյանը Հայաստանում գերազանց դիրքում է և կմնա նաև դեկտեմբերի ընտրություններից հետո ու այդ հարցում կկարողանա կիրառել առաջնորդի իր հատկությունները»:

Բոլթոնն ասել է նաև, որ Թրամփի վարչակազմը ցանկանում է ուսումնասիրել Հայաստանին զենք վաճառելու հնարավորությունները, որոնք չեն խախտի ԱՄՆ կոնգրեսի սահմանափակումները:

«Ունենք զենքի վաճառքին վերաբերող որոշ սահմանափակումներ, բայց կան նաև բացառություններ: Պարոն վարչապետին արդեն ասել եմ, որ եթե Ռուսաստանից ու Միացյալ Նահանգներից գնելու երկընտրանքի հարց է առաջանա, ապա մենք կնախընտրեինք վերջինը: Մենք կարծում ենք որ մեր ռազմական տեխնիկան ռուսականից ավելի լավն է», -ասել է Բոլթոնը:

Նա նաև շեշտել է, որ Միացյալ Նահանգների հայկական մեծ համայնքը տնտեսական ավելի սերտ գործակցության հնարավորություն է ընձեռում:

«Կարծում եմ՝ Հայաստանը համաշխարհային արենայում ավելի շատ բանի է ընդունակ», -ասել է Բոլթոնը և նշել, որ Թրամփի վարչակազմը Հարավային Կովկասը ռազմավարական կարևոր տարածաշրջան է համարում, իսկ այդ հարցում Հայաստանի հետ հարաբերությունների խորացումն առաջնահերթ է:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ:

Write a comment