Աքրամ Այլիսլի. Ինչպես է ադրբեջանցի գրողը պայքարում իր գրքերն այրելու դեմ
Հոդվածի առանցքում
- Ոմանց կողմից հալածված, ուրիշների կողմից բարձր գնահատված` որպես իր ազգի խղճի ձայն, Աքրամ Այլիսլին Ադրբեջանում պաշտոնապես անցանկալի անձ հայտարարվեց 6 տարի առաջ, երբ հրատարակվեց նրա Քարե երազներ գիրքը: Հիմա այն թարգմանվել է անգլերեն, և այդ առիթով հեղինակը զրուցել է The Calvert Journal-ի հետ` պատմելով, թե ինչպես է վեպն իր կյանքը տակնուվրա արել:
Ուշադրությանն արժանի
2012-ին Այլիսլիի Քարե երազներ վեպի հրատարակումը սկիզբ դրեց Ադրբեջանում ճանաչված գրողի տպավորիչ անկմանը: Ամբողջ երկրում զայրացած ամբոխն այրում էր նրա գրքերը, նախագահ Ալիևի հրամանով նրան զրկեցին ժողովրդական գրողի կոչումից, կինը և որդին ազատվեցին աշխատանքից և մի քաղաքական գործիչ նույնիսկ պարգև խոստացավ նրան, ով կկտրեր գրողի ականջը:
6 տարի անց Այլիսլիի դեմ պետական արշավը փոքր–ինչ մարել է, բայց ժամանակին հայտնի գրողի շուրջ հիմա լռության պատեր են կառուցվել: «Իմ գրքերը հեռացվել են երկրի բոլոր գրադարաններից, այրվել են հրապարակներում, դրանց հիման վրա ներկայացումները չեղարկվել են բոլոր թատրոններում: Իմ ֆիլմերը եթերում չեն: Դասագրքերից հեռացվել են իմ աշխատանքները: Կարճ ասած` ինձ զգում եմ հոգևոր շրջափակման մեջ: Միակ բանը, որ ինձ մնացել է, իմ հոգևոր միջավայրն է, որն ամեն իրական գրող պետք է պահպանի անկախ ամեն ինչից», – ասում է 80-ամյա գրողը:
Այլիսլիի աջակիցները հույն ունեն, որ այս շաբաթ ամերիկյան Academic Studies Press հրատարակչությունը կհրատարակի Քարե երազների անգլերեն տարբերակը և դա կօգնի միջազգային հանրության շրջանում բարձրացնել գրողի դրության մասին տեղեկացվածությունը: Նովելը «Հրաժեշտ, Այլիս» եռագրության մի մասն է: Մյուսը Յեմենն է (1992), երրորդը` Ֆանտաստիկ խցանումը (2011): Սրանք պատմություններ են այն մասին, թե ինչպես է ուժն իրացվում Ադրբեջանում: Քարե երազները կոտրում է տաբուները` այն ընթերցելը պարտադիր դարձնելով բոլոր նրանց համար, ովքեր հետաքրքրված են Հարավային Կովկասի պատմությամբ:
Իր հայրենակիցների շրջանում Այլիսլին զայրույթ է առաջացրել, քանի որ անդրադարձել է հայերի և ադրբեջանցիների միջև Խորհրդային Միության փլուզումից հետո սկսված կոնֆլիկտին, որը նախ դրսևորվեց սպանություններով և ջարդով, ապա Լեռնային Ղարաբաղում լայնամասշտաբ պատերազմով: Պարբերական բախումները շարունակվում են մինչև այսօր: Տարիների թշնամական քարոզչությունը երկու երկրներում էլ վերածվել է ատելության: Այլիսլին չի զլացել ներկայացնել բռնության սարսափելի տեսարանները, քաղաքական ձախողումներն ու բարոյալքումը Ադրբեջանում:
Քարե երազների գլխավոր հերոսը` Սադաի Սադըգլըն Ադրբեջանում հայտնի դերասան է: Երազում էր գնալ Հայաստան, Սուրբ Էջմիածին, բայց ամեն ինչ ավարտվեց նրանով, որ Բաքվում հակահայկական տրամադրությամբ ամբոխը հարձակվեց նրա վրա, երբ փորձում էր փրկել մահվան դատապարտված մի ծեր հայի: Այլիսլին գրել է 1980-ականների վերջին, 1990-ականների սկզբին իր և իր հերոսի հայրենի Այլիս գյուղում` ադրբեջանական անկլավ Նախիջևանում բռնութունների մասին: Այստեղ հայերի նկատմամբ ատելությունը նա ներկայացնում է 1919-ին Օսմանյան կայսրությունում հայերի կոտորածի մասին պատմություններով: Օրինակ, Սադըգլիի հայրը նրան ասում է. «Այլիսի բոլոր ընտանիքներում, որ զավթել են հայերի տները, բարոյապես հիվանդ մարդիկ են: Ես դա քեզ որպես բժիշկ եմ ասում: Նրանից որևէ մեկի տանը դու երբևէ խաղաղություն տեսե՞լ ես»:
Դժվար է չնկատել Սադըգլիի և Այլիսլիի միջև նմանությունները: Նրանք նույն տարիքի են, երկուսն էլ ծնվել են Այլիս գյուղում, երկուսն էլ արտիստ են, որ չեն կարողանում իրենց գտնել քաղաքական կարգերում և, հավանաբար, ամենակարևորը` նրան երկուսն էլ 1980-ականների էթնիկ բռնություններն ապրել են սեփական փորձով: Այլիսլին ասում է, որ հայերի և ադրբեջանցիների միջև թշնամանքն անձնական ողբերգություն է:
1930-ականներին ծնված Այլիսլին հիշում է իր հոր մահը Երկրորդ համաշխարհայինի տարիներին և հետխորհրդային մութ ու ցուրտ տարիները: Այս ամենի ֆոնին նա դարձավ գրականության ծագող աստղ, տեղափոխվեց Մոսկվա` սովորելու Գորկու անվան գրականության հեղինակավոր ինստիտուտում: Նա գրողների այն սերնդից է, որն առնչվում է 1960-ականների խրուշչովյան հալածանքներին: Խորհրդային Ադրբեջանում նա հայտնի էր երիտասարդ գրողների շրջանում իր առաջնորդությամբ և անկախությունից հետո Հեյդար Ալիևի ազդեցիկ ընկերն էր: 2005-2010-ին` Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր:
1990-ականների սկզբին Սումգայիթում հայերի ջարդերի դեմ Այլիսլիի հրապարակային ընդդիմությունը զայրույթ էր առաջացրել, բայց դա ոչինչ էր Քարե երազներին հետևած արձագանքի համեմատ: Նովելը գրել է 2000-ականների կեսերին, բայց որոշել է հրապարակել միայն 2012-ին, երբ Ադրբեջան վերադարձվեց Ռամիլ Սաֆարովը: Սա Ադրբեջանի բանակի այն սպան է, որը Բուդապեշտում ՆԱՏՕ–ի վարժանքների օրերին դաժանորեն սպանել էր հայ սպայի: Բաքվում Սաֆարովին շնորհվեց ոչ միայն ներում, այլև հերոսի կոչում: Այս միջավայրում Քարե երազներն իսկական փոթորիկ առաջացրեց: Այլիսլին դավաճան հայտարարվեց:
Հետագայում Այլիսլին ասաց, որ գիտեր` նովելը նման արձագանք կարող էր առաջացնել, բայց պատրաստ չէր այսքան դաժանությանը: «Իմ մտքով նույնիսկ չի անցել, որ իմ «մեղքերի» պատճառով կինս և երեխաներս կարող են կորցնել իրենց աշխատանքը: Հասկանալով, որ հոգեպես չեն կարող կոտրել ինձ, Ադրբեջանի իշխանությունները որոշեցին հրապարակայնորեն սպառնալ ու ահաբեկել ինձ: Ինտելիգենցիայի շատ ներկայացուցիչներ, որոնցից ես աջակցություն էի ակնկալում, մասկանցեցին պետական արշավին: Եվ դա կտրուկ փոխեց վերաբերմունքս իմ երկրի նկատմամբ»,- ասում է Այլիսլին:
Ահաբեկումները շարունակվում են: 2016-ին Այլիսլիին թույլ չտվեցին հեռանալ Ադրբեջանից: Նրա խոսքով` սահմանը հատելիս հատուկ այդ նպատակով կազմակերպած միջադեպից հետո: Սկսված քրեական հետաքննության պատճառով նա արգելափակված է Բաքվում: Եվ նույնիսկ դրանից առաջ` 2012-ին նրան արգելել էին այցելել իր հայրենի Այլիս գյուղ: Քարե երազների ամենազգացմունքային նկարագրություններում այնտեղ գտնվող հայկական հնագույն եկեղեցիներն են, որոնք լքվել են 70 տարի առաջ և ավելի ուշ ավերվել ադրբեջանցի զինվորների ձեռքով:
Անգլերեն հրատարակության հատուկ վերջաբանում հեղինակը խոսում է մի տեսանյութի մասին, որում Այլիսի բնակիչներն են` 2013-ի փետրվարին, նրա գրքերը այրելիս. «Գրողի համար իսկական տանջանք է, երբ մարդիկ իր աչքի առաջ վերածվում են ամբոխի: Դրանից ընդամենը տասն օր առաջ նրանք բոլորը հպարտանում էին ինձնով: Նրանց հայտնի գրողն ու վստահելի պատգամավորն էի, նրանց երեխաներն ինձ ճանաչում էին իրենց դասագրքերից: Իսկ հիմա նրանք վերածվել են ամբոխի` մոռանալով ամեն ինչ»: Աղմուկից մի քանի ամիս անց մի ռուս լրագրող այցելել էր Այլիս գյուղ, որտեղ անվտանգության աշխատակիցներից մեկն ասել էր` եթե Այլիսլին երբևէ վերադառնա, նրան կտոր–կտոր կանեն:
Զարմանալի չէ, որ Քարե երազները երբևէ չի հրատարակվել ադրբեջաներեն, թեև գրվել է ադրբեջաներեն: Թարգմանվել է գերմաներեն, իտալերեն, ֆիններեն, իսպաներեն, իսկ հայերեն թարգամանությունը կանխատեսելիորեն դարձել է բեսթսելլեր:
Անկախ հալածանքներից այս մարդը դարձել է Ադրբեջանի ինքնագիտակցումը: Բաքվի և Երևանի միջև կոնֆլիկտը կարգավորման նախանշաններ չունի և Քարե երազների գոյությունն ու Այլիսլիի հրապարակային դիրքորոշումը պատասխան է գրքի գլխավոր հերոս Սադըգլիի ցավալի հարցերին: «Սարսափելի է, որ նրանք չեն կարողանում ասել ճշմարտությունը սեփական ժողովրդին, թե ով է մաշկազերծ արվել: Ուր է մեր մարդկայնությունը: Ուր է մեր հայտնի ինտելիգենցիան»:
Հոդվածի բնօրինակն՝ այստեղ: