Ափսոսանք՝ Պուտինին ուղարկած ՆԱՏՕ-ի «սխալ ազդանշան»-ի համար

Ափսոսանք՝ Պուտինին ուղարկած ՆԱՏՕ-ի «սխալ ազդանշան»-ի համար

Հոդվածի առանցքում

  • Նախկին գլխավոր քարտուղարն ասում է, որ միան Տրանսատլանտյան ամուր դաշինքը կարող է սանձել Ռուսաստանին: Նա կարծում է, որ ՆԱՏՕ-ն սխալվեց, երբ 2008-ի ապրիլին միանգամից չողջունեց Վրաստանի և Ուկրաինայի մասնակցությունն Անդամակցության գործողությունների ծրագրին:

Ուշադրությանն արժանի

Անդերս Ֆոգ Ռասմուսենը, որը գլխավոր քարտուղարն էր 2009-2014 թվականներին, Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտին ասել է, որ այդ ձախողումը «սխալ ազդանշան» էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, և կարող էր նպաստած լինել նույն տարվա օգոստոսին Վրաստանի վրա հարձակվելու որոշմանը: Ըստ Ռասմուսենի՝ պարզ դարձավ, որ ցանկացած զիջում Պուտինը դիտարկում է որպես թուլություն, ինչն էլ նշանակում է, որ Ռուսաստանը դարձավ ավելի շատ «ստրատեգիական հակառակորդ», քան գործընկեր:

Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտ. Հետ նայելով ՆԱՏՕ-ում թողած Ձեր ժառանգությանը՝ կապված Արևելյան գործընկերության երկրների հետ, հավանաբար տեսնում եք ինչ-որ բան, որը հնարավոր էր ավելի լավ անել: Գուցե մելոդրամիկ հնչի, այնուամենայնիվ, սխալներ եղե՞լ են: Ափսոսո՞ւմ եք:

Ռասմուսեն. Ընդհանուր առմամբ, կարծում եմ՝ ճիշտ ենք գործել: Կոմունիզմի և Բեռլինյան պատի անկումից հետո մենք օգտագործեցինք հնարավորությունը՝ փորձելով Արևելյան մեր գործընկերներին ներգրավել և՛ ԵՄ, և՛ ՆԱՏՕ: Դա ճիշտ էր, և մենք այդպես երկու կառույցներն էլ  ընդլայնեցինք: 2008-ին Բուխարեստում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին որոշեցինք, որ նաև Վրաստանը և Ուկրաինան պետք է դառնան ՆԱՏՕ-ի անդամներ: Սա ևս ճիշտ որոշում էր: Ես անձնապես կարծում էի, որ հենց այնտեղ և այդ պահին նրանց պետք է ողջունեինք՝ որպես Անդամակցության գործողությունների ծրագրի անդամներ: Կարծում եմ՝ պետք է անեինք դա: Այդպես չանելով՝ սխալ ազդանշան տվեցինք Պուտինին: Նա կարծեց, որ արդեն կարող է ագրեսիվ գործել և այդպես էլ արեց: Նույն տարի օգոստոսին հարձակվեց Վրաստանի վրա: Հետհայացք գցելով՝ կարծում եմ, պետք է համոզեինք, որ հաստատվեր Վրաստանի և Ուկրաինայի մասնակցությունն Անդամակցության գործողությունների պլանին: Դա, իհարկե, դաշինքին անդամակցելու երաշխիք չէր, բայց կարող էր հզոր ազդանշան լինել:

Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտ. Սա միանգամայն տարբեր է Ձեր նախորդի՝ Յաան դե Հուփ Շեֆերի կարծիքից: Վերջերս տված մի հարցազրույցում նա ասել է, որ Բուխարեստում ՆԱՏՕ-ն հատեց Ռուսաստանի հետ կարմիր գիծը, և Պուտինի արձագանքը հասկանալի էր:

Ռասմուսեն. Անկեղծ ասած, չեմ կարդացել: Տեղյակ չեմ: Հավատում եմ, որ մեր քաղաքականությունը պետք է ֆունդամենտալ սկզբունքի վրա հիմնվի, որ յուրաքանչյուր երկիր, այդ թվում նաև Վրաստանը և Ուկրաինան, անվիճելի իրավունք ունեն որոշելու, թե որ դաշինքին անդամակցել: Այդ իսկ պատճառով էլ կարծում եմ, որ այն ժամանակ պետք է բավարարեինք Վրաստանի և Ուկրաինայի ձգտումները: Նրանք դիմեցին Անդամակցության գործողությունների ծրագրին, բայց ստացան ՆԱՏՕ-Վրաստան հանձնաժողով, մենք ունենք ՆԱՏՕ-Ուկրաինա հանձնաժողով: Սա նրանց խնդրանքով եղավ, և ես կարծում եմ՝ պետք է հարգենք այդ հիմնարար սկզբունքը: Ոչ թե Մոսկվան է որոշողը կամ Բրյուսելը, այլ Թբիլիսին և Կիևը պետք է որոշում կայացնեն:

Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտ. Ավելի քան տասը տարի է, Վրաստանը փորձում է քայլ անել, այսպես կոչված, ՆԱՏՕ-ի բաց դռնից ներս: Իսկ այն գուցե վերածվել է ապակեպա՞տ դռան:  

Ռասմուսեն. Չգիտեմ, բայց կարծում եմ, որ Վրաստանը և Ուկրաինան հստակ ցանկանում են դառնալ ՆԱՏՕ-ի և ԵՄ անդամ: Մենք պետք է թույլ տանք, որ սկսվի գործընթացը, պետք չէ՝ ոչ ասել: Կբավարարե՞ն նրանք անհրաժեշտ չափանիշները, թե՞ ոչ, կտեսնենք: Ի վերջո, դա իհարկե, ընդհանուր որոշում է, բայց չեմ կարծում, որ նախապես պետք է ասենք՝ ոչ մի դեպքում, դու պետք է դաշինքից դուրս չեզոք տարածք մնաս Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև: Մենք չենք կարող ընդունել այդ մոտեցումը:

Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտ. Խոսելով  տեսակետների մասին, թե Վրաստանը և Ուկրաինան պետք է դառնան չեզոք կամ չանդամակցող պետություններ, կարո՞ղ էր դա կենսունակ լուծում լինել մեր խնդիրների համար:

Ռասմուսեն. Կարծում եմ, որ Վրաստանը և Ուկրաինան իրենք պետք է որոշեն: Եթե Վրաստանը որոշի դիմել անդամակցության համար կամ աշխատի այդ ուղղությամբ, ՆԱՏՕ-ն պետք է թույլ տա այդ պրոցեսը: Իհարկե, ի վերջո, միայն Վրաստանը չէ որոշողը, ՆԱՏՕ-ն շատ հստակ չափորոշիչ ունի. մենք ասում ենք, որ անդակացությունը բաց է եվրոպական բոլոր երկրների համար, որոնք ապրում են դեմոկրատական ստանդարտներով և կարող են նպաստել Եվրաատլանտյան դաշինքի անվտանգության բարձրացմանը: Վրաստանն այս փուլում բավարարում է 3 չափորոշիչներից երկուսին: Երրորդն այն է՝ արդյոք Վրաստանը կնպաստի ընդհանուր անվտանգության բարելավմանը: Սա, իհարկե, քննարկում է, որը վերաբերում է նաև Աբխազիայի և Օսիայի ճակատագրին: Բայց կրկին խնդիրը պետք է լուծվի Վրաստան-ՆԱՏՕ երկխոսությամբ: Մոսկվան չէ՛ որոշողը:

Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտ.Երբևէ վրացի պաշտոնյաները հարց բարձրացրե՞լ են, առաջարկներ ներկայացրել, թե «մենք պատրաստ ենք հրաժարվել այս երկուս տարածքներից, եթե դրանից հետո թույլ տաք մտնել ՆԱՏՕ»:

Ռասմուսեն. Չեմ մեկնաբանի Վրաստանի իշխանությունների ներքին քննարկումները: Վրաստանը պետք է որոշի, արդյոք դա կարո՞ղ է լուծում լինել: Այս երկու շրջանների մասով մեր կողմից ճնշում չի լինի: Միջազգային իրավունքի տեսանկյունից դրանք դեռ Վրաստանի մաս են կազմում:

Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտ. Ես հիշում եմ, որ 2009-ին Դուք լավատես էիք Ռուսաստանի հետ հարաբերությունները վերալիցքավորելու առումով: Ի՞նչ պատահեց:

Ռասմուսեն. Մենք կարծում էինք՝ կարող էինք Ռուսաստանին ռազմավարական գործընկեր դարձնել: Կարող է հիշեք, 2010-ին ՆԱՏՕ-Ռուսաստան գագաթնաժողով եղավ, որտեղ որոշեցինք զարգացնել ռազմավարական գործընկերություն: Բայց հիմա հասկանում ենք, որ Ռուսաստանը ռազմավարական գործընկեր չէ, այն ռազմավարական հակառակորդ: Սա նույնքան պարզ է, որքան որ մենք պետք է  հարմարվենք այդ մտքին: Այլևս այդքան լավատես չեմ, բայց իմանալով նախագահ Պուտինին, կարող եմ ասել, թե որն է միակ ճանապարհը, որ կստիպի նրան կոնստրուկտիվ լինել և համագործակցել: Դրա համար Տրանսատլանտյան դաշինքը պետք է հաստատուն և միասնական լինի, քանի որ նա հարգում է և հաշվի է նստում ուժեղների հետ, ինչպես ինքն է իրենց ներկայացնում և ուժեղ տղամարդու իմիջ ստեղծում: Ահա թե ինչու մենք պետք է գործենք և ոչ զիջումների գնանք, որպեսզի նա չխառնի զիջումը թուլության հետ:

Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտ. Այս տեսանկյունից ՆԱՏՕ-ն և Արևմուտքը կարո՞ղ էին ավելին անել: 2008-ին Ռուսաստանի վրա սանկցիաներ կիրառե՞լ եք: Գուցե դա նրանց ստիպեր հետ կանգնել: Թույլ տվեք մի օրինակ բերել: Ռուսաստանն առանց հետևանքների դուրս եկավ 2008-ի պատերազմի վերաբերյալ Միջազգային քրեական դատարանի հետաքննական պրոցեսից:

Ռասմուսեն. Այսօր մենք արդեն տեսել ենք, որ նրանք նույնը հետո էլ արեցին: Նկատի ունեմ Ուկրաինայի նկատմամբ գործողությունները: Հետ նայելով՝ կարելի է բանավիճել, արդյոք պետք էր կանխատեսել և ավելի կոշտ արձագանքել, ավելի վճռական լինել 2008-ին և շանս չտսլ, որ դա ևս մեկ անգամ տեղի ունենա 2008-ից հետո: Հիշում եմ, երբ գլխավորեցի գրասենյակը, 3 առաջնահերթություններից մեկը Ռուսաստանի հետ ավելի ամուր գործընկերություն զարգացնելն էր: Կարծում էինք, որ դա հնարավոր է, բայց Ուկրաինան ցույց տվեց, որ ոչ: Եվ վերջապես թույլ տվեք ասել, վերջերս աչքի անցկացրի 2008-ի գագաթնաժողովին արած գրառումներս: Տեսա, որ Պուտինը Ղրիմի մասին մի միտք էր հայտնել, որը հետո արեց հրապարակայնորեն: Այսպիսով, եթե մենք դա իմանայինք ու նրան լուրջ ընդունեինք, բնականաբար կարող էինք այլ կերպ արձագանքել, բայց, միևնույն է, կարող եմ դեռ բանավիճել, որ ճիշտ վարվեցինք՝ նրան շանս տալով:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ:

 

Write a comment