Ավելի լավ է մեռնեմ. Պայքար՝  Հայաստանում աղքատության մեջ գոյատևելու համար

Ավելի լավ է մեռնեմ. Պայքար՝  Հայաստանում աղքատության մեջ գոյատևելու համար

Հոդվածի առանցքում

  • Նախկին խորհրդային հանրապետությունում լքված ու մեկուսացված հազարավոր տարեցներ տառապում են կյանքի դժվարություններից: Ֆոտոլրագրող Նիք Դանսիջերը նրանց վիճակը ներկայացնում է որպես Կարմիր խաչի նախագծի մի մաս:

Ուշադրությանն արժանի

Քաղաքական ցնցումները, աղքատությունը, աշխատանք գտնելու համար երիտասարդների արտագաղթը Ռուսաստան  իրենց բացասական հետևանքներն ունեն նախկին խորհրդային հանրապետության ու մասնավորապես՝ նրա տարեց քաղաքացիների վրա: 75-ից բարձր տարիք ունեցող հազարավոր մարդիկ պայքարում են գոյատևելու,  ձմռանը -30C ջերմաստիճանը հաղթահարելու համար: Նրանք իրենց խղճուկ կենսաթոշակներով չեն կարողանում դեղորայք կամ բավարար սնունդ գնել:

2017-ի սկզբին Շվեյցարիայի, Մոնակոյի և Հայաստանի Կարմիր Խաչ ընկերություններն ինձ հանձնարարել էին ինֆորմացիա հավաքել Հայաստանի տարեցների վիճակի մասին և կենտրոնանալ նրանց օգնելու ծրագրերի վրա: Ես ծանոթ էի Հայաստանին, բազմաթիվ անգամ տարբեր հանձնարարություններով այցելել էի երկրի հյուսիսային շրջանների բնակավայրեր: Բայց ծեր մարդկանց ծանր վիճակի մասին գիտեի Հասմիկի միջոցով: Այդ տարեց կնոջը միշտ տեսնում էի բոլոր շորերը հագին, որպեսզի կարողանար պաշտպանվել  ցրտից: Նրա ժամանակավոր կացարանում չկար ջուր, զուգարան և ջեռուցում: Իր խղճուկ թոշակը նա ծախսում էր էլեկտրականության վարձը վճարելու համար. քնելուց առաջ տաքացնում էր արդուկը ու դրանով անկողինը մի փոքր ջերմացնում: Չէր կարողանում վառելափայտ գնել և նույնիսկ՝ սնունդ: Տեղի հացի խանութից զեղչված գնով էր հաց առնում:

Առաջին անգամ Գյումրիի ու Վանաձորի տարեցներին այցելեցի 2017-ին: Այս տարվա սկզբին վերադարձա՝ տեսնելու, թե Կարմիր Խաչի տեղական մասնաճյուղերի բուժքույրերի, տնային օգնականների ու կամավորների շնորհիվ ինչպես են մեղմվել նրանց հոգսերը:

 

Բավական Ավետիսյան՝ 80 տարեկան, Ռազմիկ Ավետիսյան՝ 83

Բավականն ամուսնու հետ ապրում է մեկսենյականոց բնակարանում, Գյումրիի կենտրոնում: 3 տարի առաջ նա կոտրել էր ոտքը ու մինչև հիմա գամված է անկողնուն: Նա նաև տառապում է Պարկինսոն հիվանդությամբ:

«Ես հարուստ կին էի, բոլորին օգնում էի: Իսկ հիմա այս վիճակում եմ, -այս խոսքերն ասելիս՝ նա սկսում է լաց լինել, – ավելի լավ է մեռնեմ»: 

Բավականն աշխատել է տեքստիլ գործարանում և այժմ ամսական 35 հազար դրամ (55 ֆունտ ստեռլինգ) թոշակ է ստանում: Այդ գումարը ձմռանը ծախսում է ջեռուցման համար:

«Սիրում եմ քաղցրավենիք, – ասում է,- բայց ինձ համար դա ճոխություն է։ Ես ֆինանսական խնդիր ունեմ»:

Մինչև բուժքույրերի կանոնավոր այցերը, Ռազմիկն էր խնամում կնոջը: Նա սիրով պատմում է բուժքույրերին. «Հիմա ես եմ ճաշ պատրաստում կնոջս համար»:

«Նա պատրաստում է այն, ինչ ես ասում եմ», – հավելում է Բավականը:

Առավոտները Ռազմիկը սուրճ ու թեյ է պատրաստում շուկայում և օրական 1000 դրամ (1.60 ֆունտ) վաստակում: Չնայած ֆինանսական խնդիրներին, Ռազմիկը բարձր է գնահատում բուժքույրերի օգնությունը. «Մենք շատ գոհ ենք նրանց աշխատանքից»:

 

Լարիսա Խաչատրյան՝ 75 տարեկան

Լարիսան ապրում է վթարային շենքի չորրորդ հարկում: Ոտքը կոտրելու պատճառով գամված է անկողնուն, նաև ասթմա ունի: Քանի որ չի կարողանում տեղաշարժվել, մահճակալը տեղափոխել է խոհանոց: Ապրում է միայնակ։ Ամեն օր նրան է այցելում 82-ամյա քույրը, սակայն ծեր քույրը հրաժարվում է երկար մնալ Լարիսայի կողքին՝ շատ ցուրտ է, ոչ հոսանք կա, ոչ ջեռուցում, ոչ ջուր: Բուժքույրերը ստիպված են գիշերանօթները տանել հարևան բնակարան, որն ունի գործող զուգարան։

Երբ Լարիսայի քույրը գալիս է, մոմ է վառում ու դնում մահճակալի մոտ՝ աթոռի վրա: Լուսավոր սենյակ ունենալը լավ է, բայց Լարիսան վախենում է․ գիշերը մոմը կարող է շրջվել ու փայտե հատակը հրդեհել, իսկ ինքը չի հասցնի կանխել հրդեհի բռնկումը: Ինչպես շատերը, Լարիսան էլ Ռուսաստանում ապրող տղա ունի, որը, սակայն, նրան չի օգնում: 

 

Գալյա Պետրոսյան՝ 74 տարեկան

Վանաձորում ապրող Գալյայի բնակարանից դեռ գազի հոտ է գալիս, երեկ  արտահոսք էր եղել:

«Եթե հարևանուհիս չլիներ, ես մեռած կլինեի: Գազի հոտը չեմ զգացել», -այսպես է Գալյան հիշում նախօրեի պատահարը։ 

Տեղաշարժվելու տարածքը Գալյայի համար սահմանափակվում է հյուրասենյակից խոհանոց։ Նրա համար դժվար է հինգերորդ հարկից աստիճաներով ցած իջնել։

Գալյան ապրում է հարևանների մեծահոգության շնորհիվ: Անցած օրը հարևաններից մեկը նրա համար միս էր բերել, բայց քանի որ ճաշ եփելու ուժ չուներ, ամբողջ օրը սոված էր մնացել:

1988 թվականին՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության ժամանակ, Գալյան ստիպված էր երեխաների հետ փախչել Բաքվից: Երեխաները մահացել են,  ընտանիքից մնացել է միայն ինքը՝ իր դժբախտության հետ: Ցավը, կարծես, դրոշմված է նրա դեմքին:

Գալյան ի վիճակի չէ հասնել մոտակա հիվանդանոց: Ուռուցքներ ունի ոտքերին ու ձեռքերին: 

Գալյան ժպիտով է նայում, թե ինչպես է Կարմի Խաչի բուժքույր Գոհարը ձվածեղ է պատրաստում իր համար. «Ես սովորել եմ Գոհարի ներկայությանը, կարոտում եմ, երբ այստեղ չէ: Առանց նրա ես մեռած կլինեի»:

Մեկ տարի անց, սփյուռքում ապրող իր մի բարեկամի օգնությամբ, Գալյան տեղափոխվեց ծերանոց:

 

Գևորգ Դանիելյան՝ 82 տարեկան

Գևորգը շաքարային դիաբետ, հիպերտոնիա, աթերոսկլերոզ  և արթրիտ ունի: Նա ամեն օր պարտադիր դեղ է խմում ու ամեն ամիս անհամբեր սպասում թոշակ ստանալու օրվան, որ նորից դեղ գնի։ Եթե թոշակն ուշանում է, Գևորգի կյանքին վտանգ է սպառնում, առանց դեղի նա կարող է սրտի կաթված կամ ինսուլտ ստանալ:

Գևորգի երեխաները հրաժարվել են նրանից, երբ նա ցանկություն է հայտնել նորից ամուսնանալ: Նրա միակ այցելուն տարեց հարևանն է:

«Մենք նստում ենք վառարանի մոտ ու հիշում հին, լավ ժամանակները: Ես շատ հարուստ էի, պահեստապետ եմ եղել, իսկ հիմա չեմ կարողանում անգամ տաքացնել սենյակս: Ես կամ վառարանի մոտ եմ նստած, կամ անկողնում եմ պառկած»:

Նա բացում է դրամապանակը: Մինչև ամսվա վերջ 220 դրամ է մնացել: Դրանով միայն հաց կարող է գնել:

«Թվայնացված հեռուստացույցի համար 10 000 վճարել չեմ կարող, դրա համար էլ ժամանակն անց եմ կացնում գիրք կարդալով», – ասում է Գևորգը:

Ձմեռը տունը տաքացնում է՝ փողոցից հավաքած ստվարաթղթերն այրելով: Ամռանն էլ եկեղեցու մոտ վզնոցներ, թևնոցներ է վաճառում  և օրական 500 դրամ աշխատում:

Ես Գևորգին այցելեցի 2018-ին, Կարմիր Խաչի երկու բուժքրոջ՝ Գայանեի ու Արմինեի հետ: Երբ նրանք մտնում են Գևորգի փոքրիկ 1-սենյականոց տունը, նույնիսկ հուսադրող խոսքերը չեն կարողանում կանգնեցնել արցունքների հոսքը: Կարմիր Խաչի տեղական մասնաճյուղի միջոցով Գևորգն այժմ ապահովված է դեղորայքով, նրա հագուստն ու անկողնու սպիտակեղենը լվանում են,  բուժքույրերն ու տնային օգնականները հետևում են, որ ձմռանը բավականաչափ վառելափայտ ունենա: Մյուս տարեց մարդկանց նման, որոնց ես այցելում եմ, Գևորգն էլ երախտապարտ է սննդի, հագուստի և դեղորայքի համար, բայց ավելի շատ գնահատում է բուժքույրերի և տնային օգնականների՝ շաբաթը երկու անգամ այցելությունները: Նրանց շնորհիվ Գևորգն իրեն միայնակ ու մեկուսացված չի զգում։ Իմ երկու այցելությունների ժամանակահատվածում, Գևորգի տարեց հարևանը մահացավ։ Հիմա նրա միակ այցելուները Կարմիր Խաչի աշխատողներն են:

 

Ասյա Սարգսյան՝ 89 տարեկան

Վանաձորի քաղաքացիների մեծ մասը, մինչև Խորհրդային Միության փլուզումը, իրենց աշխատանքային կյանքն անցկացրել է քաղաքի քիմիական կամ տեքստիլ գործարաններում: Ասյան աշխատել է նախ՝ քիմիական գործարանում, ապա տեքստիլում: Ի տարբերություն շատ տարեցների, որոնց այցելում են Գոհարն ու Նարինեն, Ասյան որդի ունի, որը ձգտում է հոգ տանել մոր մասին: Երկու տարի առաջ գլխուղեղի կաթված ստացած կնոջը բժիշկները շատ կարճ կյանք էին կանխատեսել։ Երբ 2017 թվականին այցելեցի Ասյային, նա անկողնային հիվադ էր, չէր կարողանում տեղաշարժվել առանց օգնության: Ասում էր, որ ապրել չի ուզում:

Նարինեն վերջերս է սկսել աշխատել տարեց հիվանդների հետ, նա իր աշխատանքը հեշտ չի համարում. «Դժվարը նրանց հոգեբանական վիճակը հասկանալն է, շատ տարբերվում են մյուս մեծահասկաներից․ նրանց պետք է երեխայի պես վերաբերվել, համբերատար լինել»:

Ես վախենում էի, որ տարեց մարդկանցից մի քանիսը մինչև ձմեռ ողջ չեն մնա: Լուսանկարվելուց մի քանի ամիս անց Ասյան մահացավ:

 

Հրանուշ Սարգսյան՝ 81 տարեկան

1988 թվականի Սպիտակի երկրաշարժից հետո, որի ժամանակ Հրանուշը կորցրեց որդուն, ապրում է ժամանակավոր կացարանում,  սանհանգույցը դրսում է: Քամին անցնում է կոտրված ապակու, վատ փակվող պատուհանների ու դռան արանքներով:

Հրանուշը տեղական սոցիալական ծառայությունների՝ կարիքավոր ու միայնակ 4000 տարեցների ցուցակում է: Նա չունի խմելու ջուր, գազ, հեռախոս, բայց հպարտ է իր երկուսենյականոց տնով, որը միշտ մաքուր է ու կարգի բերված: Հրանուշի հույսը հարևանն է, ճաշ պատրաստելու և ամանները լվանալու համար նրանից ջուր է խնդրում: Կարմիր Խաչի ծրագրի շահառու դառնալուց հետո Հրանուշը զգում է, որ իր կյանքի որակը բարելավվել է: Շաբաթը երկու անգամ Գոհարն ու նրա օգնականներն այցելում են Հրանուշին։

«Նրանք ոնց որ իմ աղջիկները լինեն»,- ասում է Հրանուշը լայն ժպտալով: Հրանուշը թույլ չի տալիս, որ աղջիկները մաքրեն ու հավաքեն իր տունը, բայց ուրախանում է, որ հարևանի գործն են անում ու իրեն պահովում են ջրով:

 

Լենա Պետրոսյան՝ 88 տարեկան

Լենան միայնակ է ապրում Գյումրիի ծայրամասում գտնվող բետոնե ավտոտնակում, որտեղ ցուրտ է, մութ ու խոնավ, միայն մի լույս է վառվում: Երբ առաջին անգամ այցելեցինք նրան, դույլի վրա կռացած միակ հագուստն էր լվանում:

Վառարանի մոտ խոնավ փայտեր կային, թոշակով էր գնել։ Պահարանները դատարկ էին: Արցունքն աչքերին ցույց տվեց դատարկ դրամապանակը։ Այն, ինչ ուներ, ստվարաթղթե արկղն էր՝ փաստաթղթերով ու լուսանկարներով լցված, և աստվածաշունչը, որը պահում է բարձի տակ:

Լենայի վեց եղբայրներն ու քույրերը մահացել էին: Նրա 70-ամյա որդին Ռուսաստանում է, բայց առողջական խնդիրների պատճառով չի կարողանում Գյումրի վերադառնալ ու խնամել մորը: Լենան ապավինում է իր հարևանների մեծահոգությանը, որոնք ժամանակ առ ժամանակ նրա համար դեղորայք ու սննդամթերք են գնում: Կատարախտի պատժառով Լենան դժվարանում է տեսնել:

Կարմիր Խաչի բուժքույր-մենեջեր Սվետլանան նրա մոտ է՝ պարզելու համար արդյոք Լենան կարող է դառնալ ծրագրի շահառու: Լենան վստահեցնում է, որ երեք ամիս չի լողացել: Ասում է, որ հարևանները նրան առաջարկում են իրենց մոտ լողանալ, բայց նա շատ ամաչկոտ է և մերժում է:

Կարմիր Խաչն այժմ Լենային ներառել է իր ծրագրում, սակայն նրա տեսողությունն այն աստիճան է վատացել, որ նա չի կարողանում պատկերներ տեսնել: Այժմ Լենան  օգտագործում է միայն ալյումինե բաժակներ, քանի որ կոտրել է իր բոլոր ապակե իրերը: Կարմիր Խաչը փորձում է միջոցներ գտնել աչքի վիրահատության համար: Երբ 2018-ին այցելեցի նրան, հարցրեցի բարձի տակ պահած աստվածաշնչի մասին: «Աստվածաշունչն էլ ինձ մոտ չէ։ Տերը հետ է վերցրել»:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ:

 

 

Write a comment