Անօդաչուների բախումն ընդգծում է լարվածության աճը Հարավային Օսիայում

Անօդաչուների բախումն ընդգծում է լարվածության աճը Հարավային Օսիայում

Հոդվածի առանցքում

  • Վերլուծաբանները նշում են, որ Վրաստանի և նրա անջատված շրջանի միջև լարվածությունը ամենաբարձր կետին է 2008-ին Ռուսաստանի հետ պատերազմից հետո: Հարավային Օսիայի և Վրաստանի միջև դե ֆակտո բաժանարար գծի երկայնքով լարվածության բորբոքման պատճառը վրացական նոր անցակետի կառուցումն է, որը Հարավային Օսիայի իշխանությունը համարում է իրենը։

Ուշադրությանն արժանի

Վերլուծաբանները նշում են, որ Վրաստանի և նրա անջատված շրջանի միջև լարվածությունը ամենաբարձր կետին է 2008-ին Ռուսաստանի հետ պատերազմից հետո:

Հարավային Օսիայի և Վրաստանի միջև դե ֆակտո բաժանարար գծի երկայնքով լարվածության բորբոքման պատճառը վրացական նոր անցակետի կառուցումն է, որը Հարավային Օսիայի իշխանությունը համարում է իրենը։

Աղմկոտ վեճը վերածվել է «հավանաբար ամենավատ ճգնաժամի 2008 թվականից հետո»,  երբ Ռուսաստանի և Վրաստանի միջև պատերազմ սկսվեց Հարավային Օսիայի համար, Թվիթերում ասել է Թբիլիսիի Միջազգային ճգնաժամային խմբի  վերլուծաբան Օլեսյա Վարդանյանը:

Սեպտեմբերի 1-ին երկու փոքր անօդաչու սարքերը բախվել են բաժանարար գծի մերձակայքում, որտեղ ռուսաստանյան զորքերն անընդմեջ պարիսպ են տեղադրում, ինչը տարածքն անջատում է Վրաստանի մնացած մասերից: Ռուսաստանը և նրա պրոտեկտորատ Ցխինվալին գիծը համարում են միջազգային սահման, Վրաստանի համար այն ռուսական օկուպացիոն գիծ է, աշխարհի մեծ մասն էլ դա կոչում է «վարչական սահմանագիծ» (ABL):

«Ուժը միասնության մեջ է» վրացական ակտիվիստների խումբը ստանձնել է հարավօսական կողմից գործարկված անօդաչու սարքն իջեցնելու պատասխանատվությունը: «Ռուս-օսական անօդաչուն հատել է օկուպացիոն գիծը և անցել մեր կողմից վերահսկվող օդային տարածքը: Մեր խմբին հաջողվել է չեզոքացնել այն», իր ֆեյսբուքյան էջում գրում է խմբի ղեկավար Դավիթ Կացարավան: Խումբը հայտնել է, որ գործարկել են փոքր քաղաքացիական անօդաչու սարք, որն օդում խփել է Հարավ-օսական ավելի մեծ անօդաչուն:

Ցխինվալիի անվտանգության ուժերը, սակայն, հերքել են խմբի հայտարարությունը և վրացական ոստիկանությանը մեղադրել անօդաչուն վերացնելու համար:

«Հարավային Օսիայի ՊԱԿ-ն ամբողջ պատասխանատվությամբ հաստատում է, որ Հարավային Օսիայի Հանրապետության դատախազությանը պատկանող անօդաչուն գնդակոծել են վրացական զինված ուժերը», – ասված է ծառայության Facebook-յան էջում:

«Ուժը միասնության մեջ է» խումբը նաև վրացական կառավարությանը մեղադրել է անգործության մեջ, մինչդեռ ռուսական զորքերը շարունակում են գծել և ամրացնել Հարավային Օսիայի սահմանը և պարբերաբար ձերբակալել բաժանարար գծի մոտ ապրող վրացի ֆերմերներին: «Երբ ռուսներն ու օսերը աղմուկ բարձրացրին, հայտնվեց մեր ոստիկանությունը և մեզնից վերցրեց անօդաչուն», – ասում է Կացարավան: «Ինչպես միշտ, մենք փորձում ենք հանգստացնել Ռուսաստանին»:

Հարավօսական կողմը նշել է, որ իրենց անօդաչուն խփել են նոր անցակետը հետազոտելու ժամանակ, որը վրացական զորքերը սկսել են կառուցել Ծնելիսի գյուղում անցած շաբաթ: Հարավային Օսիան Ծնելիսին համարում է իր տարածքը, քանի որ այն գտնվում է խորհրդային ժամանակաշրջանի Հարավային Օսիայի ինքնավար մարզում, որի սահմանները Ցխինվալին և Մոսկվան փորձում են ամրապնդել` վերածելով լավ պահպանվող պետական սահմանի:

Ի պատասխան անցակետի կառուցման, Հարավային Օսիան օգոստոսի 28-ին զրահատեխնիկա է ուղարկել Ծնելիսի, որպեսզի «ապահովի տեղի բնակչության անվտանգությունը», – հայտարարել է ՊԱԿ-ը:

Հաջողվեց խուսափել վրացական ուժերի հետ բախումից, բայց հաջորդ օրը Եվրամիության դիտորդների առաքելության (EUMM) հովանու ներքո վրացական և հարավօսական իշխանությունների հանդիպումը խափանվեց գյուղի շուրջ վիճաբանությունների պատճառով:

«Հանդիպումը նշանավորվեց ՝ Ծնելիսիի թեմայի շուրջ մասնակիցների միջև կարծիքների բուռն փոխանակումով», – ասված է EUMM-ի հաղորդագրության մեջ: «Ցավոք, անհնար էր ավարտին հասցնել օրակարգային բոլոր կետերի վերաբերյալ քննարկումները, քանի որ հանդիպումը խափանվեց»:

Անցակետի կառուցումն, իր հերթին, հաջորդեց ամռանը ռուս և հարավօսական ուժերի կողմից պարսպի կառուցմանը: Օգոստոսին Գուգուտիանխարի գյուղը բաժանող պատի տեղադրումից հետո Հարավային Օսիայի շուրջ այժմ կա 40 կիլոմետրանոց պարիսպ:

«Վերջին երկու շաբաթվա ընթացքում լարվածությունն աճել է ՝ կապված Հարավային Օսիայի վարչական սահմանագծի հարևանությամբ սահմանազատման նոր ջանքերի հետ», – գրել է Վարդանյանը: «Տարիներ շարունակ անօգուտ բողոքներից հետո, Վրաստանի կառավարությունը սկսեց ոստիկանության բաժանմունքներ կառուցել այն տարածքներում, որտեղ սպասվում է նոր պարսպապատում»:

Amnesty International- ի վերջին զեկույցում նշվել են սահմանի երկայնքով ապրող վրացիների  իրավունքների բազմաթիվ խախտումներ: Մի քանի տարեց ֆերմեր հայտնվել է Ռուսաստանի տեղադրած փշալարերի հետևում՝ կտրված իրենց ընտանիքներից և ունեցվածքից: Բաժանված Խուրվալետի գյուղում հարազատներն ու ընկերները փշալարերի տակից փող, սնունդ և դեղամիջոց են անցկացնում`85-ամյա Դավիթ Վանիշվիլիին և նրա կնոջն օգնելու համար, գրել է Amnesty-ին:

«Գյուղացիները, որոնք ապրում են երկրի ամենաաղքատ շրջաններում, չեն կարողանում օգտվել արոտավայրերից, գյուղատնտեսական հողերից ու պտղատու այգիներից, ամռանը` ջրի աղբյուրներից, իսկ ձմռանը`անտառից», – գրված է զեկույցում: «Նրանք կտրված են հարազատներից, եկամտի աղբյուրներից և մշակութային ու հասարակական կյանքից: Ամեն տարի հարյուրավոր մարդիկ են ձերբակալվում կամայականորեն՝ փորձելով անցնել սահմանը»:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

 

Write a comment