Անտեսելով ռուսական մտահոգությունը՝ Բոլթոնն ասում է, որ միջուկային զենքի պայմանագիրը փրկելու ոչ մի միջոց չկա
Հոդվածի առանցքում
- Եվրոպական առաջնորդները չեն վիճարկել ռուսական խաբեության մասին ԱՄՆ պնդումները, սակայն անհանգստացած են, որ պայմանագիրը վերացնելու Թրամփի ծրագիրը կհանգեցնի միջուկային նոր մրցավազքի:
Ուշադրությանն արժանի
Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը երեքշաբթի ասել է, թե հնարավոր չի, որ Թրամփի վարչակազմը հրաժարվի միջուկային զենքի համաձայնագրից դուրս գալու որոշումից, չնայած որ անմիջականորեն նախագահ Վլադիմիր Պուտինից է լսել խնդրի վերաբերյալ Ռուսաստանի մտահոգությունների մասին:
Պուտինի հետ 90-րոպեանոց հանդիպումից հետո Բոլթոնը նորից կրկնել է ԱՄՆ մեղադրանքները, որ Ռուսաստանը խախտում է պայմանագիրը և Կրեմլին համոզելու փորձերը համարել է ժամանակի վատնում: Բոլթոնը համոզված է, որ պայմանագիրն ուժը կորցրել է:
«Կա ռազմավարական նոր իրողություն», – ասել է Բոլթոնը: «Սա սառը պատերազմի բալիստիկ հրթիռների մասին երկկողմանի պայմանագիր է` բազմաբևեռ բալիստիկ հրթիռների աշխարհում»:
Բոլթոնի հետ հարցազրույցում Մոսկվայի թղթակիցը հարցրել է, թե ինչ պետք է անի Ռուսաստանը, որպեսզի ԱՄՆ-ն վերանայի որոշումը: Նա ասել է, որ եթե Չինաստանն ու Ռուսաստանը հրաժարվեն իրենց միջին հեռահարության հրթիռներից, նախագահ Դոնալդ Թրամփը երկու անգամ կմտածի իր որոշման մասին:
«Եթե Ռուսաստանն ապամոնտաժի պայմանագրով խախտած բոլոր սարքավորումները և Չինաստանն էլ նույնն անի, դա արդեն ուրիշ վիճակ կստեղծի: Կարծում եմ, որ դա չի լինի», – ասել է Բոլթոնը «Կոմերսանտին»:
Ռուսաստանը հերքել է այն պնդումները, թե խախտում է պայմանագիրը:
Երեքշաբթի Վլադիմիր Պուտինն իր մտահոգությունը հայտնեց ԱՄՆ-ի հայտարարությանը: Վկայակոչելով Միացյալ Նահանգների Մեծ կնիքը/զինանշան/, որի վրա ճաղատ արծիվը մի ճիրանում 13 աղեղ է պահում, մյուսում՝ 13 ձիթապտղով ճյուղ, Պուտինը կատակել է, թե ԱՄՆ-ում, կարծես թե, միայն նետեր են մնացել:
Ըստ Associated Press- ի և այլ լրատվամիջոցների, Պուտինը Մոսկվայում կայացած հանդիպման ժամանակ Բոլթոնին հարցրել է. «Ես մի հարց ունեմ: Ձեր արծիվը բոլոր ձիթապտուղները հավաքել է, մնացել են միայն նետե՞րը»:
Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովն ավելի լուրջ է վերաբերվել հարցի քննարկմանը, ասելով, որ ԱՄՆ դիրքորոշումը «ռիսկային էր» և ափսոսում է, որ ջանք չի գործադրվում նոր պայմանագրի մշակման համար:
«Խափանել պայմանագիրն այն դեպքում, երբ նույնիսկ նորի կնքման մասին ոչ մի ակնարկ չկա, դա մենք չենք ողջունում», – ասել է Պեսկովը, ըստ ռուսական «ТАСС» լրատվական գործակալության:
«Այսօրվա դրությամբ նոր փաստաթուղթ ստեղծելու հեռանկարներ չկան», – ասել է նա: «Սկզբից հրաժարվել պայմանագրից, հետո քննարկել նորի կնքման հիպոթետիկ հնարավորությունը, շատ ռիսկային դիրքորոշում է»:
Խոսքը գնում է 1987 թ.-ին Ռոնալդ Ռեյգանի և Խորհրդային Միության նախագահ Միխայիլ Գորբաչովի կողմից ստորագրված պայմանագրին: Այն ԱՄՆ-ից և Ռուսաստանից պահանջում էր ոչնչացնել 310 և 3,400 մղոն հեռավորության բալիստիկ և թևավոր հրթիռները, ինչպես նաև օժանդակ սարքավորումները:
Բոլթոնը մերժել է ենթադրությունները, թե պայմանագրից ԱՄՆ-ի դուրս գալը միջուկային նոր սպառազինությունների պատճառ կդառնա: Նա շրջանցել է այն հարցերը, որոնք վերաբերում էին Եվրոպայում կամ այլուր հրթիռներ տեղակայելու Թրամփի վարչակազմի մտադրությանը:
«Կարծում եմ, որ մենք շատ հեռու ենք նման հարցերի վերաբերյալ ցանկացած որոշումից», – ասել է Բոլթոնը: Նա նշել է, որ պայմանագիրը պարտադիր էր միայն ԱՄՆ-ի և Ռուսաստանի համար և քանի որ Ռուսաստանն այն խախտում է, ըստ Բոլթոնի «Միացյալ Նահանգներն է սահմանափակվում այդ պայմանագրով»:
Միևնույն ժամանակ, Բոլթոնն ասել է, որ Չինաստանը, Հյուսիսային Կորեան և Իրանը «ազատ անում են այն, ինչ ուզում են» և միջին հեռահարության հրթիռների զարգացման հարցում «զգալի հաջողությունների են հասել»:
Եվրոպական առաջնորդները չեն վիճարկել ռուսական խաբեության մասին ԱՄՆ պնդումները: Սակայն նրանք անհանգստացած են, որ պայմանագիրը վերացնելու Թրամփի ծրագիրը կհանգեցնի նոր միջուկային սպառազինության:
Պայմանագիրը «նպաստել է սառը պատերազմի ավարտին և 30 տարի առաջ ուժի մեջ մտնելով այն դարձել էր եվրոպական անվտանգության հենասյունը», – ասվում է ԵՄ հայտարարության մեջ: Նշվել է, որ պայմանագրով միջուկային և սովորական մարտագլխիկներով մոտ 3000 հրթիռ է ոչնչացվել և կոչ է արել ԱՄՆ – ին ու Ռուսաստանին լուծել համաձայնագրի հարցում իրենց տարաձայնությունները:
«Աշխարհը նոր սպառազինությունների մրցավազքի կարիք չունի, որը ոչ ոքի չի օգնի, ընդհակառակը, կհանգեցնի ավելի մեծ անկայունության», – ասվում է ԵՄ հայտարարության մեջ:
Թրամփը, հավանաբար, երկուշաբթի փորձեց ցրել այդ մտավախությունը, երբ խոստացավ Ռուսաստանի և Չինաստանի իր իսկ նկարագրած աճող սպառնալիքին պատասխանել, ստեղծելով Ամերիկայի միջուկային զինանոց:
«Մինչև մարդիկ ուշքի կգան, մենք այն կկառուցենք», – ասել է Թրամփը` նշելով ԱՄՆ միջուկային զենքի հզորությունը, – «Մենք ավելի շատ գումար ունենք, քան մեկ ուրիշը»:
Հոդվածի բնօրինակն՝ այստեղ: