Անհարմար ճշմարտությունն Ադրբեջանում

Անհարմար ճշմարտությունն Ադրբեջանում

Հոդվածի առանցքում

  • Եվրոպայի խորհուրդն ասում է, որ Հուսեյնովը ծայրահեղ վիճակում է: Լրագրողներ առանց սահմանների կազմակերպությունը հայտարարում է, որ դեկտեմբերի 28-ին, երբ փաստաբանը բանտում տեսակցել է նրան, Հուսեյնովն իրեն շատ թույլ էր զգում և չէր կարողանում ինքնուրույն քայլել: 2003-ից, երբ իշխանության եկավ Իլհամ Ալիևը, նրա ռեժիմը քննադատներին լռեցնելիս ագրեսիվ է գործել: Ադրբեջանն ունի աշխարհում վատագույն ցուցանիշներից մեկը մամուլի ազատության մասին զեկույցներում: 2018-ի World Press Freedom Index-ում 180 երկրների թվում 163-րդ հորիզոնականում է:

Ուշադրությանն արժանի

Մեհման Հուսեյնովը երիտասարդ ադրբեջանցի վլոգեր է, որը տեսանյութեր էր պատրաստում իր երկրում և դրա սահմաններից դուրս կոռուպցիայի մասին: 2017-ի մարտին նա դատապարտվել է երկու տարվա ազատազրկման: Երբ ազատ արձակվելուն մնացել էր ընդամենը երկու ամիս, 2018-ի դեկտեմբերի 26-ին նրա դեմ նոր քրեական մեղադրանքներ առաջադրվեցին և եթե նա մեղավոր ճանաչվի, կարող է բանտում մնալ ևս յոթ տարի: Նոր մեղադրանքների առաջադրումից մեկ օր անց Մեհմանը հացադուլ է հայտարարել:

Եվրոպայի խորհուրդն ասում է, որ Հուսեյնովը ծայրահեղ վիճակում է: Լրագրողներ առանց սահմանների կազմակերպությունը հայտարարում է, որ դեկտեմբերի 28-ին, երբ փաստաբանը բանտում տեսակցել է նրան, Հուսեյնովն իրեն շատ թույլ էր զգում և չէր կարողանում ինքնուրույն քայլել:

2003-ից, երբ իշխանության եկավ Իլհամ Ալիևը, նրա ռեժիմը քննադատներին լռեցնելիս ագրեսիվ է գործել: Ադրբեջանն ունի աշխարհում վատագույն ցուցանիշներից մեկը մամուլի ազատության մասին զեկույցներում: 2018-ի World Press Freedom Index-ում 180 երկրների թվում 163-րդ հորիզոնականում է:

Հուսեյնովի դեմ մեղադրանքները նշանակում են ազատ խոսքի դեմ նոր ճնշումներ առանց այդ էլ ռեպրեսիվ միջավայրում, հայտարարում է PEN Club of America-ն:

«Մեհման Հուսեյնովի դեմ դատական հետապնդումների էսկալացիան նրա ազատ արձակման նախաշեմին անմարդկային քայլ է, որն իդեալական կերպով ամբողջացնում է Ադրբեջանում քննադատողների ձայնը ճնշելու հաշվարկները», – ասել է PEN America-ի Ռիսկերի ծրագրի Ազատ արտահայտման բաժնի տնօրեն Կարին Դոյչ Կարլեկարը:

«Լրագրողներին և ակտիվիստներին բանտարկում են՝ հիմնականում զրպարտության մեղադրանքով գործերով, նրանց լռեցնելու և ճնշելու նպատակով: Մեհման Հուսեյնովը թիրախավորվել է իր լրագրողական գործունեության պատճառով:

Հուսեյնովի դեմ նոր մեղադրանքները աբսուրդային են: Բացի այդ Մեհմանն ասել է, որ բանտում նրան կտտանքների են ենթարկել, որի համար ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվել: Նոր մեղադրանքերի նպատակը կարծես թե Մեհմանին լռեցնելն է և մյուսներին ուղերձ հղելը այն լրջագույն վտանգների մասին, որ կարող է առաջացնել Ադրբեջանում կոռուպցիայի և մարդու իրավունքների ոտնահարան մասին խոսելը: Քանի դեռ Արևմտյան կառավարությունները շարունակում են Ալիևի ռեժիմի հետ բիզնես վարել, Մեհմանի պես քաջ անհատները կշարունակեն վճարել դրա համար», – ասել է Լրագրողներ առանց սահմանների կազմակերպության Եվրոպայի բյուրոյի տնօրեն և Ադրբեջանում ծառայած ամերկացի նախկին դիվանագետ Ռեբեկա Վինսենտը:

Մեհման Հուսեյնովի եղբայրը, որը նաև մեդիայի ազատությամբ զբաղվող IRFS-ի տնօրենն է և քաղէմիգրատ, ասում է, որ 2017-ի ձերբակալությունից և բանտարկությունից առաջ Մեհմանը հետաքննում և լուսաբանում էր ադրբեջանցի պաշտոնյաների շքեղ տների թեման, որոնք ձեռք էին բերվել կոռուպցիայով ստացված փողերով:

«Խոսքը մասնավորապես ԱԻ նախարար Քեմալադդին Հեյդարովի, Աշխատանքի և սոցիալական պաշտպանության նախարար Սալիմ Մուսլումովի մասին է և մի քան պատգամավորների, որոնք չարաշահում էին իրենց պաշտոնական դիրքը և ներգրավված էին կոռուպցիոն գործարքներում», – ասում է Էմինը:

Վերջին կաթիլը սարկաստիկ տեսանյութն էր Ադրբեջանի նախագահի աննախադեպ որոշման մասին, որով Ալիևն իր կնոջը նշանակեց առաջին փոխնախագահ:

«Մեհմանի ձերբակալությունից հետո ես շարունակեցի նրա հետքաննություններից մի քանիսը, մասնավորապես կոռուպցիոն փողերով ձեռք բերված անշարժ գույքի և շքեղ կյանքի մասին: Ինչպես նաև մենք շարունակում ենք արշավը, որպեսզի Danske bank-ը Ադրբեջանի հասարակությանը վերադարձնի այն հսկայական շահույթը, որ ունեցել է փողերի լվացման գործարքներից: Այս ամենը պետք է մտահոգի մասնավոր և հասարակական սեկտորին, նրանք պետք է մտածեն՝ արդյոք ուզում են ներդրումներ կատարել մի երկրում, որտեղ կառավարումը ցածր մակարդակի վրա է, ժողովրդավարություն չկա, մարդու իրավունքները չեն հարգվում, օրենքի գերակայություն չկա և կոռուպցիան տարածված է ամենուր: Միջազգային ֆինանսական կառույցները պետք է իրենք իրենց հարցնեն, թե ինչու պետք է Ադրբեջանին տան ցածր տոկոսադրույքով վարկեր, եթե այդ երկրի ռեժիմը միլիարդավոր դոլարներ է ծախսում այնպիսի աննշան միջոցառումների վրա, ինչպիսիք են Եվրոպական խաղերը կամ Ֆորմուլա մեկը: Եվ այս ամենը որպեսզի լեգիտիմություն ստանա», – ասում է Էմինը:

2016-ին OCCRP-ն և գործընկեր կազմակերպությունները բացահայտեցին գաղտնի ֆոնդ՝ 2.9 մլրդ դոլարով, որն Ադրբեջանն օգտագործում էր եվրոպացի պաշտոնյաներին վճարելու համար, որպեսզի նրանք աջակցեն ավտորիտար ռեժիմի դրական իմիջը ստեղծելու գործին, երբ միաժամանակ մասնակցում էին փողերի լվացման միջազգային սխեմայի:

2018-ի մայիսին OCCRP-ն հրապարակեց նոր տեղեկությունները, որոնք դարձան սկանդալային և հիմա հայտնի են Ադրբեջանական լվացքատուն անունով: Այն օգտագործվում էր ԱՄՆ-ում լոբբինգի ֆինանսավորման և հեղինակություն գնելու համար:

Ըստ Transparency International-ի այս լվացքատանն առնչվող 18 երկրներից 12-ում սկանդալն իրավական հետևանքներ չունեցավ, չորս երկրում հետաքննություններ են սկսվել և դեռ շարունակվում են: Ադրբեջանում և Հունգարիայում մերժել են հետաքննություն սկսելու առաջարկները:

2018-ի մայիսի 29-ին Ալիևը ազդարարեց Հարավային գազային միջանցքի առաջին փուլի սկիզբը՝ շնորհիվ EBRD-ից ստացած 480 մլն դոլար վարկի: Հուլիսին EBRD-ն հաստատեց ևս 600 մլն-ի վարկ Տրանսադրիատիկ գազատարի համար:

Վերջին երեք տարում մի քանի ընկերությունների ցանցեր օգտագործել են Մալթայում գտնվող մասնավոր բանկ Մեծ Բրիտանիայում, Իսպանիայում, Ֆրանսիայում, Վրաստանում և Մոնտենեգրոյում գաղտնի ներդրումներ կատարելու համար, ասում է Էմինը: Նրա խոսքով, այդ ընկերություններից շատերն առնչվում են Ադրբեջանի նախագահի և նրա ԱԻ նախարարի երեխաներին: Սա տեղեկություն է երեք աղբյուրներից, որոնց հայտնի են գործարքների մանրամասները:

Էմինը եզրակացնում է, որ այս ընկերությունների առանցքում Pilatus բանկն է, որի գլխավոր գրասենյակը Մալթայում է և որի ակտիվները սառեցված են՝ այդ երկրի բանկային համակարգը կարգավորող կառույցի սկսած հետաքննության արդյունքում:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment