Այս ազգերն ամենաշատն են տուժելու Իրանի դեմ կիրառված սանկցիաներից

Այս ազգերն ամենաշատն են տուժելու Իրանի դեմ կիրառված սանկցիաներից

Հոդվածի առանցքում

  • Իրանի նկատմամբ ամերիկյան լայնամասշտաբ սանկցիաների վերականգնումը տնտեսական անորոշություն է խոստանում հարևան երկրների համար՝ Ադրբեջանի, Վրաստանի և Հայաստանի:

Ուշադրությանն արժանի

Իրանից նավթի արտահանումը զրոյի հասցնելու Վաշինգտոնի նպատակն ուղղակիորեն չի ազդի այս երեք պետությունների վրա, քանի որ դրանցից և ոչ մեկն իրանական նավթ չի ներմուծում: Ինչևէ, այս երեքից յուրաքանչյուրն այս կամ այն չափով առնչություն ունի իրանական բնական գազին, հետևաբար, քանի դեռ սանկցիաները չեն հստակեցվել, դրանք կարող են տուժել:

ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը վերջերս այցելեց այս 3 երկրներ՝ ամրապնդելու նրանց աջակցությունը՝ Թեհրանը մեկուսացնելու Վաշինգտոնի ջանքերին: Չնայած արդյունքը համոզիչ չէր: Երբ Վաշինգտոնը սանկցիաների նոր ռաունդ սկսեց նոյեմբերի 5-ին, այն ազատեց 8 երկրների՝ ներառյալ Թուրքիան, բայց կովկասյան պետություններից և ոչ մեկը: Որպես հիմնական նավթ և բնական գազ արտահանող, երբեմն իրանական գազի ներկրող՝ Ադրբեջանի վիճակը նախանձելի չէ:  Այն Իրանի հետ կիսում է երկար ցամաքային և ծովային սահմաններ, ինչպես նաև Կասպյան չմշակված նավթի և գազի հորերի սեփականության իրավունքը։ Սա պայմանավորված է միասնական զարգացման համաձայնագրով, որը ստորագրվեց այս տարվա մարտին։

Հիմա այս ծրագրերը դժվար թե սկսվեն, բայց միասնական այլ ձեռնարկներ կշարունակվեն, նույնիսկ եթե Վաշինգտոնը պահանջի դադարեցնել դրանք։ Ադրբեջանի գլխավոր գազի հանքի ՝ Շահ Դենիզի, որը շահագործումն իրականացնում է բրիտանական նավթային գիգանտ Բրիթիշ Փեթրոլիումը, 10 տոկոս բաժնեմասը Իրանի ազգային նավթային ընկերությանն է՝ NIOC:  Շահ Դենիզն այժմ գազի միակ աղբյուրն է այդքան երկար ծրագրված Հարավային գազային միջանցքի համար, որի նպատակն է նվազեցնել Եվրոպայի կախվածությունը ռուսական էներգիայից։

Օգոստոսին արդեն Վաշինգտոնը Շահ Դենիզի և Հարավային գազային միջանցքի մասով հստակեցրեց դիրքորոշումը, երբ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը մշտապես հրաժարվեց Իրանի նկատմամբ սանկցիաներից՝ կապված «բնական գազի մշակման և Ադրբեջանից դեպի Թուրքիա և Եվրոպա գազատարի կառուցման ու շահագործման մասով»։ Սա նշանակում է, որ ոչ ԲՓ-ը, Ադրբեջանի ազգային նավթային ընկերությունը՝ SOCAR-ը, ոչ էլ երեք բաժնետերերն այս նախագծի շրջանակում չեն բախվի սանկցիաների։

Ադրբեջանը կարող է նաև շահել նավթի միջազգային գների աճից, որը կառաջանա իրանյան արտահանման դադարից հետո։ Այդ անորոշությունը կբերի նաև բնական գազի գնի աճի, որը մեծապես գոյանում է նավթի գներից։

«Ադրբեջանը կարող է անուղղակի օգտվել Իրանի նկատմամբ ԱՄՆ սանկցիաներից, եթե Պարսից ծոցում լարվածության ավելացումից բարձրանան նավթի գները»,- Կասպյան էներգետիկ վերլուծաբան Ջոն Ռոբերթսն ասել է Եվրասիանեթին՝ զգուշացնելով, որ ցանկացած օգուտ անկանխատեսելի է, քանի որ այն դուրս է Բաքվի վերահսկողությունից։

Ռոբերթսն ավելացրել է, որ Ադրբեջանի վիճակն ավելի քան բարդ է, քանի որ այն բնական գազ է ներմուծում Իրանից։ Ադրբեջանը փոքր ծավալներով իրանական գազ է ներմուծում իր էսքկլավի՝ Նախիջևանի ներքին սպառման համար։ Վերջերս նաև Թուրմենստանից է գազն Իրանով հասել Ադրբեջան՝ սեփական պաշարները համալրելու և դեպի Վրաստան արտահանման ծավալները բավարարելու համար, որն այս տարի պետք է մոտ 2,7 միլիարդ խորանարդ մետր գազ ներմուծեր Ադրբեջանից։

SOCAR-ի խոսնակ Իբրահիմ Ահմադովը Եվրասիանեթին ասել է, որ Իրանով ներմուծվող գազի ծավալը կրճատել են՝ ի հաշիվ տեղական գազի արտադրության աճի։

«Ներմուծվող գազի մեծ մասն ամռանը գազի պահեստները լցնելու համար էր, որը ձմռանը վերաարտահանվում էր, երբ դրա պահանջարկը մեծ էր»,- ասել է Ահմադովը։ Ավելի քան 3 միլիարդ խորանարդ մետր պահեստավորած գազով և Ռուսաստանից առաջիկա ներմուծման շնորհիվ SOCAR-ը մինչև տարեվերջ գազի պակաս չի ունենա։

«Վրաստանին գազ մատակարարելիս պետք է խնդիրներ չառաջանան»,- ասել է Ահմադովը։

Իրանի և Հայաստանի արանքում, Թուրքիայի հետ շատ փոքր սահմանով՝ Նախիջևանի աշխարհագրական դիրքը սահմանափակում է այլընտրանքային լուծումները։

Թուրքիայից Նախիջևան խողովակով գազ հասցնելու Անկարայի հետ համաձայնագիրը ստորագրվեց 2010-ին, բայց մինչև հիմա խողովակ չեն անցկացրել՝ էքսկլավը կախվածության մեջ թողնելով իրանական գազից։ Այդպիսի փոխանակման ծրագրերը, պարտադիր չէ, որ հանգեցնեն Բաքվի կողմից ԱՄՆ սանկցիաների խախտմանը։ Ահմադովը հաստատել է, որ SOCAR-ը «մոտ ապագայում չի ծրագրում Իրանի հետ վճարովի գործարքներ իրականացնել»։

Եթե Ադրբեջանից Վրաստան գազի արտահանումը մնա անփոփոխ, Վրաստանն էլ կարիք չի ունենա իրանական վառելիք ներմուծել։ Սա էլ իր հերթին քիչ խոչընդոտներ կառաջացնի ամերիկյան սանկցիաների համար։

Հայաստանի տարբերակները քիչ են

Նույնը չի կարելի ասել Հայաստանի համար, որի շրջափակումն ու տարածաշրջանային մեկուսացումը սահմանափակ քանակի տարբերակներ են թողնում։ Չնայած սեփական բնական պաշարների մի քանի աղբյուրներին, Մեծամորի ատոմակայանից ստացած  էլեկտրաէներգիայի 40 տոկոսին՝ Հայաստանը մեծապես կախված է ներմուծվող գազից, որպեսզի բավարարի սեփական էներգետիկ պահանջները։

Հայաստանի գազի զգալի մասը ներմուծվում է Ռուսաստանից Վրաստանի տարածքով, բայց 2017-ին Երևանը 400 միլիոն խորանարդ մետր գազ է ներմուծել նաև Իրանից՝ էլեկտրաէներգիայի դիմաց։ 2017-ի վերջին կնքված պայմանագրով Հայաստանը պետք է մեծացներ իրանական գազի ներմուծումը մինչև 25 տոկոս՝ նույնչափ ավելացնելով նաև փոխադարձ էլեկտրաէներգիայի արտահանումը։

Այդ համաձայնագրի կարգավիճակը և իրանական գազի արտահանումը Հայաստան այս պահին հստակ չէ։

Նոյեմբերի 6-ին Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Աննա Նալբանդյանը թվիթերում գրեց, որ նախարարությունը դիտարկում է զարգացումները։

«Հայաստանի վրա նոր սանկցիաների հնարավոր ազդեցության համապարփակ ուսումնասիրությունը շարունակվում է»,- ասել է նա։

Հայաստանի վիճակը շատ ավելի բարդ է այն պատճառով, որ դրա գազային խողովակների ցանցի մեծ մասի սեփականատերը Ռուսաստանի  «Գազպրոմ»-ն է։ Այս երկուսը երկար են բանավիճել գազի սակագնի շուրջ։ Այնպես որ, Երևանին ստիպելով հրաժարվել իրանական գազից՝ նրան ավելի մեծ կախվածության մեջ կթողնեն Ռուսաստանից և ավելի կթուլացնեն նրա բանակցային դիրքերը գնի հարցում։

 

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ:

Write a comment