Այն ժամանակ, երբ Ջորջ Սորեսին սպառնում էին պայթուցիկ սարքով, նրա համալսարանը ստիպողաբար հեռացվել է Հունգարիայից

Այն ժամանակ, երբ Ջորջ Սորեսին սպառնում էին պայթուցիկ սարքով, նրա համալսարանը ստիպողաբար հեռացվել է Հունգարիայից

Հոդվածի առանցքում

  • Վիկտոր Օրբանի ծայրահեղ աջակողմյան կառավարությունը  Կենտրոնական Եվրոպական համալսարանին ստիպել է հեռանալ Հունգարիայից: Այս մասին հայտարարել է Կենտրոնական Եվրոպական համալսարանի(CEU) ղեկավարությունը:

Ուշադրությանն արժանի

Մի քանի օր առաջ, երբ պայթուցիկ սարք էր ուղարկվել միլիարդատեր Ջորջ Սորոսի տան հասցեով, Բուդապեշտում բարերարի ֆինանսավորմամբ գործող առաջադեմ և առաջատար համալսարանը  հայտարարեց, որ Հունգարիայի ծայրահեղ աջակողմյան կառավարությունը ստիպել է կրթական հաստատությանը տեղափոխվել Ավստրիա:

Կենտրոնական Եվրոպական համալսարանը (CEU) հիմնադրվել է 1991 թ.-ին՝ Սորոսի կողմից: Հայտնի կրթական հաստատությունը բազմիցս է քննադատվել վարչապետ Վիկտոր Օրբանի կառավարության կողմից, հատկապես այն ժամանակ, երբ երկրի իշխանությունները փորձում էին սահմանափակել լիբերալ հաստատությունների գործունեությունը: Անցյալ տարի Օրբանն ընդունել էր օրենք, որը կանոնակարգում էր օտարերկրյա գրանցված բուհերի գործունեությունը: Այդ օրենքը սպառնում էր նաև CEU-ի ապագային:

Չնայած CEU-ն հայտարարել էր, որ կհամապատասխանեցնի իր գործունեությունը նոր կանոններին, Օրբանի կառավարությունը չհավատարմագրեց համալսարանը:

«Մենք ամեն ինչ արեցինք՝ բավարարելու Հունգարիայի կառավարության պահանջները, քանի որ մենք մեծ ցանկություն ունենք շարունակելու աշխատանքը Բուդապեշտում, բայց կառավարությունը, կարծես, այլ մտադրություն ունի», – ասել է CEU- ի քաղաքագիտության պրոֆեսոր Զսոլթ Ինյեդին HuffPost-ին:

Եթե կառավարությունը չհրաժարվի իր մտադրությունից, ապա,  ինչպես ասում է CEU- ի նախագահ Մայքլ Իգնատևը, համալսարանը ստիպված կլինի տեղափոխվել Վիեննա, որտեղ հաստատությունը կկարողանա ազատ աշխատել:

«Մեզ ստիպել են հեռանալ երկրից, որը 26 տարի շարունակ մեր տունն էր», – ասել է նա մամուլի ասուլիսի ժամանակ:

CEU-ի դեմ իշխանության պայքարը վարչապետի քարոզարշավի մի մասն է, որի նպատակն էր Սորոսին ներկայացնել որպես կառավարությունը տապալելու և աֆրիկյան ներգաղթյալներին զանգվածաբար Հունգարիա բերելու գլխավոր դերակատար:

Շատ երկրների ծայրահեղ աջակողմյան շրջանակներում հակասորոսյան հռետորաբանությունը տարածված է: Հունգարիայի կառավարությունն այս հռետորաբանության առաջամարտիկն է, հատկապես, երբ խոսքը վերաբերում է միլիարդատեր Սորոսին ու նրան քավության նոխազ դարձնելուն: Օրբանի կառավարությունը Սորոսին մեղադրում է փախստականների ճգնաժամից մինչև Օրբանի աճող ավտորիտարիզմի վերաբերյալ ԵՄ քննադատության մեջ: Այս տարվա ընտրություններին ամենուր կարելի էր տեսնել հակասորոսյան վահանակներ: Օրբանը օգտագործեց հակասեմական տրոպոլները՝ նախազգուշացնելով «միջազգային» թշնամու մասին, որը «փողի միջոցով առաջ է շարժվում»: Սորոսը ծնվել է Հունգարիայում, հրեական ընտանիքում:

Կառավարության՝ այսպես կոչված «հակասորոսյան» օրենքները, որոնք գործում են 2018թ.-ից, նույնպես թիրախավորում են քաղաքացիական հասարակության կազմակերպությունները և քրեականացնում օգնությունը միգրանտներին և փախստականներին: Օրբանի Fidesz կուսակցության անդամները բազմիցս թիրախավորել են օգնություն տարամադրող կառույցներին, օրինակ՝ Amnesty International-ին, «միգրացիային աջակցող կազմակերպություն» վերտառությամբ կպչուն պիտակներ կպցնելով գրասենյակների դռներին:

Սակայն CEU-ի նկատմամբ կառավարության ճնշումը դիվանագետների ուշադրությունից չի վրիպել և դարձել է Հունգարիայում ԱՄՆ դեսպան Դեյվիդ Քորնշթեյնի համար կարևոր խնդիր: Նա հինգշաբթի օրը հայտարարել է, որ ակնկալում է՝ կառավարության ու համալսարանի միջև համաձայնություն ձեռք կբերվի:

Անցյալ շաբաթ Օրբանի կառավարությունը հայտարարեց, որ վերացնում է գենդերային հետազոտությունների ծրագրերի ֆինանսավորումն ու արտոնագրումը, քանի որ «մարդիկ ծնվում են կամ տղամարդ, կամ կին»:

«Կառավարության քայլը Հունգարիայի բարձրագույն կրթության և գլոբալ ակադեմիական ազատության համար անհարկի ռազմավարական կորուստ է», – ասել է CEU- ի գենդերային հետազոտությունների բաժնի ղեկավար Անդրեա Փետոն:

Կառավարության գործողություններին դեմ են նաև Հունգարիայի իրավապաշտպան կազմակերպությունները: Նրանք կոչ են արել Եվրամիության դատարաններին պաշտպանել ակադեմիական ազատությունը:

«Ժամանակն է, որ Եվրոպան և Միացյալ Նահանգները Հունգարիայի կառավարության իրական պատկերը ճանաչող որոշում կայացնեն: Հունգարիայի կառավարությունն անհարգալից է օրենքի գերակայության նկատմամբ և, նախքան մայիսի կայանալիք Եվրախորհրդարանի ընտրությունները, եսասիրաբար ցանկանում է սրել քաղաքական պայքարը», – ասում է Մարթա Պարդավին՝ Հունգարիայի Հելսինկյան կոմիտեի համանախագահը, իրավապաշտպան կազմակերպություն, որը որոշ ֆինանսավորում ստանում է Սորոսի հիմնադրամից:

Հունգարիայի կառավարությունն իրեն բնորոշ ոճով մեղադրեց Սորոսին՝ համալսարանը Վիեննա տեղափոխելու համար: Կառավարությունը պնդում է, որ նոր ակադեմիական օրենքը ազդել է միայն ԱՄՆ-ում հավատարմագրված գիտական աստիճան ստանալու վրա և չի սպառնում CEU-ի գործունեությանը Հունգարիայում: Այս կարծիքի հետ համալսարանում համամիտ չեն:

«CEU- ի տեղափոխումը Վիեննա Սորոսի հերթական խայտառակ մանևրերից մեկն է», – թվիթերյան էջում գրել է կառավարության մամլո քարտուղար Զոլտան Կովաչը, – «քաղաքական խառնաշփոթ ստեղծելը Սորոսի ոճն է»:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ:

 

 

Write a comment