Փորձագետ. ԱՄՆ-ՉԺՀ միջուկային պատերազմի սպառնալիքն ավելի մեծ է, քան շատերը գիտակցում են
Հոդվածի առանցքում
- Անցյալում քիչ հավանական էր համարվում Չինաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմական բախումը, բայց այսօր միջուկային պատերազմի հավանականությունն ավելի մեծ է, քանի շատ վերլուծաբաններ կարող են ենթադրել՝ զգուշացնում է Ջորջթաունի համալսարանի անվտանգության մասնագետը:
Ուշադրությանն արժանի
Քեյթլին Թալմեյջը, որ Ուոլշի Արտաքին ծառայության դպրոցի հետ համագործակցող անվտանգության հետազոտությունների պրոֆեսոր է, իր հոդվածում ներկայացրել է այն մռայլ պատկերը, որը կստեղծվի Վաշինգտոնի և Պեկինի միջև ռազմական լարվածության հետևանքով:
«Միջուկային դիմակայության շանսերն ավելի մեծ են, քան քաղաքական գործիչների ու վերլուծաբանների մեծ մասը կարող է ենթադրել», – գրել է նա: Նա նաև նշել է, որ «որքան էլ երկու երկրների միջև պատերազմը քիչ հավանական թվա, այնուամենայնիվ… այն այլևս առաջվա նման անհնար չի համարվում»:
Ըստ Թալմեյջի, ամերիկացի և չինացի վերլուծաբանների մեծ մասը մերժում է միջուկային առճակատման հնարավորությունը: Հաշվի առնելով վերջին հակամարտություններում Պենտագոնի նախընտրած ռազմական մարտավարությունը՝ պրոֆեսորը նշել է, որ ԱՄՆ-ին բնորոշ ռազմավարությունը ենթադրում է «ներխուժում թշնամու տարածք, որպեսզի նվազագույն ծախսերով կարողանա արագ ոչնչացնել հակառակորդի հիմնական ռազմական օբյեկտները»:
«Պենտագոնն այդ բանաձևը մշակել է Աֆղանստանի, Իրաքի, Լիբիայի և Սերբիայի դեմ պատերազմներում, որոնցից ոչ մեկը միջուկային պետություն չէր», – գրել է Թալմեյջը:
Չինաստանում միջուկային և մյուս ռազմական զենքերը փոխկապակցված են միմյանց, ինչը նշանակում է, ամենայն հավանականությամբ, ԱՄՆ-ը նպատակային կամ ոչ նպատակային թիրախավորել է Պեկինի միջուկային հնարավորությունները: Դա հիմք ընդունելով՝ չինական կողմը կարող է իր միջուկային զինանոցն օգտագործել նախքան այն դուրս բերելը:
Թալմեյջը ենթադրում է, որ նման սցենար կարող է առաջանալ, եթե Պեկինը ներխուժի Թայվան: Հակամարտությունը կարող է ծագել նաև Հարավ- չինական ծովում. Պեկինը իրավունքի պահանջ է ներկայացնում այն հատվածների նկատմամբ, որոնք աշխարհն ընդունում է որպես միջազգային ջրեր: ԱՄՆ-ի և Չինաստանի ռազմածովային նավատորմերի միջև տարածաշրջանային լարվածությունը պահպանվում է:
Չնայած Թալմեյջը պնդում է, որ նման ռազմական սցենար քիչ հավանական է. ռիսկն ավելացել է, քանի որ մեծացել է Չինաստանի և ԱՄՆ միջև լարվածությունը: «Այս սթափեցնող իրողությունը երկու կողմերի առաջնորդներին պետք է ստիպի քաղաքական, տնտեսական և ռազմական վեճերի լուծման ուղիներ գտնել՝ խուսափելով պատերազմից, որը կարող է շատ արագ վերածվել աղետի տարածաշրջանի և աշխարհի համար», – եզրափակում է նա:
Զգուշացման պատճառն այն է, որ Թրամփի վարչակազմը մտահոգություն է հայտնել Չինաստանից ստացվող սպառնալիքի վերաբերյալ` պնդելով, որ այդ երկիրը փորձում է միջամտել ԱՄՆ ընտրություններին: Մինչ անվտանգության և հետախուզության շատ փորձագետներ մատնանշում են Պեկինի ավելի մեծ գերիշխանության ձգտող հավակնությունները, վերլուծաբանները զգուշացնում են՝ քիչ փաստեր կան, որ չինացիներն աշխատում են միջամտել ԱՄՆ ընտրություններին:
Փորձագետները, սակայն, համաձայն են, որ Չինաստանը փորձում է այլ ճանապարհներով ներթափանցել ԱՄՆ ներքին կյանք:
Ըստ Reuters- ի, ԱՄՆ CrowdStrike կիբերանվտանգության ընկերության գլխավոր մասնագետ Դմիտրի Ալփերովիչն այս ամսվա սկզբին հայտարարել էր, որ «չինացիները, ցավոք, վերադառնում են»: Նա ասել է, որ չինացի հաքերներն այժմ «ամենամեծ սպառնալիքն են և վտանգավոր են երկրի ու Արևմտյան Եվրոպայի հաստատությունների համար»:
Անցած շաբաթ Դաշնային հետաքննությունների բյուրոյի տնօրեն Քրիստոֆեր Րեյը Սենատի Ազգային անվտանգության կոմիտեում ցուցմունք տալիս զգուշացրել է, որ Չինաստանը «շատ լուրջ վտանգ» է ներկայացնում ԱՄՆ-ի և նրա շահերի համար: «Ես կասեի, որ շատ առումներով Չինաստանը հակահետախուզության ոլորտում ամենավտանգավոր, ամենաբարդ ու երկարաժամկետ սպառնալիքն է, ինչին երբևէ դիմակայել ենք», – ասել է նա:
Հուլիսին Ասպենի անվտանգության ֆորումի ժամանակ Արևելյան Ասիայի առաքելության կենտրոնի փոխտնօրեն Մայքլ Կոլինսն ասել է, որ ներկայումս Պեկինից եկող սպառնալիքն ԱՄՆ-ի առջև ծառացած ամենալուրջ վտանգն է: Նա պնդել է, որ Չինաստանի ներկայիս գործողությունները կարելի է բնութագրել որպես «սկզբունքորեն սառը պատերազմ»:
Հոդվածի բնօրինակն՝ այստեղ: