Ադրբեջան. Արևմուտքի սիրավեպը կրթված բռնակալների հետ

Ադրբեջան. Արևմուտքի սիրավեպը կրթված բռնակալների հետ

Հոդվածի առանցքում

  • Հեշտ է անտեսել մարդու իրավունքների ոտնահարումները, երբ շահութաբեր էներգետիկ գործարքներ են ներգրավված:

Ուշադրությանն արժանի

Ադրբեջանի քաղաքացիներին շատ ծանոթ է Արևմուտքի անհաջող սիրավեպը Սաուդյան թագաժառանգ արքայազն Մոհամմեդ բին Սալմանի հետ:

Մոհամմեդ Բին Սալմանը կամ ինչպես նրան հաճախ են կոչում MBS-ը, մինչ օրս համարում էին տնտեսական և սոցիալական բարեփոխիչ, երիտասարդ, որը ձգտում է փոխել թագավորությունը: Սակայն հոկտեմբերին, Սաուդյան Արաբիայի Ստամբուլի հյուպատոսարանում տեղի ունեցավ սաուդցի լրագրող և կառավարության քննադատ Ջամալ Խաշոգիի սարսափելի սպանությունը: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դա կոչեց «Սաուդյան կառավարության ամենաբարձր մակարդակից արված հրաման»: MBS- ն դեռևս երկրի առաջին դեմքը չի, երկիր, որը մարդու իրավունքների կոպիտ խախտումների և հիմնական ազատության բացակայության պատճառով չի ստանում Արևմուտքի բարեհաճությունը: Դա, կարծես թե, հնարավոր է դառնում շահութաբեր էներգետիկ գործարքների դեպքում:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նույնպես համարձակ, հույս ներշնչող, արևմտյան ոճի բարեփոխիչ էր, երբ իշխանություն ստացավ իր ավտորիտար հորից: Երիտասարդ Ալիևը, որը 2003 թ.-ին հոր՝ Հեյդարի մահից հետո նախագահ դարձավ, մեծ հույս ներշնչեց: Շատ էր խոսվում այն մասին, թե ինչպես է 43 տարեկան Իլհամը, որը պատմական գիտությունների թեկնածու էր, տիրապետում էր մի քանի լեզվի, այդ թվում՝ ռուսերենին, անգլերենին ու ֆրանսերենին, երկիրը հեռացնելու խորհրդային կարծր ոճից:

Բայց, երբ 2003 թ.-ին նախագահական ընտրություններում նրա ոչ անսպասելի հաղթանակին հետևեցին միջազգային քննադատությունն ու երկրի ներսում կազմակերպված բողոքի ցույցերը, ոստիկանությունը բռնություն գործադրեց: Այդ ժամանակ Washington Post-ի հետ հարցազրույցում Ալիևը «դատապարտեց հակառակորդներին՝ նրանց կոչելով պրոֆեսիոնալ զոհեր», որոնք  «իշխանության գալու հնարավորություն չունեն»:

Երկու տարի անց խորհրդարանական ընտրությունները նույնպես համարվեցին խեղաթյուրված և երբ ընտրողները պահանջեցին քվեաթերթիկների վերահաշվարկ ու մարդիկ նորից փողոց դուրս եկան, դարձյալ հանդիպեցին ոստիկանության դաժանությանը, հարյուրավոր ընդդիմադիր ակտիվիստներ ձերբակալեցին: Այդ տարի մարտին լրագրող Էլմար Հուսեյնովը սպանվեց իր տան մուտքի մոտ: Երեսուն տարի անց Հուսեյնովի սպանությանը հարցը դարձյալ լուծված չէ:

Ոչ Էլմարի սպանությունը, ոչ էլ Ադրբեջանի քաղաքացիական հասարակության նկատմամբ հետագա բռնությունները չկանգնեցրին Ալիևին և այն օժանդակությունը, որ նրան տրվում է որպես Արևմուտքի հաջորդ մեծ էներգետիկ և ռազմավարական գործընկերոջ:

Խեղաթյուրված ընտրություններից և Հուսեյնովի սպանությունից մեկ տարի անց առաջին ադրբեջանական նավթը Եվրոպա առաքվեց Բաքու- Ջեյլան- Թբիլիսի խողովակաշարով:

Որքան Ադրբեջանի տնտեսությունն է աճում, այնքան մեծանում է նրա առաջնորդի իշխանությունը: 2008 թվականին, հաջորդ նախագահական ընտրություններից մեկ ամիս առաջ ԱՄՆ փոխնախագահ Դիկ Չեյնին Բաքու էր այցելել, որպեսզի այդ երկրին հայտնի  Ամերիկայի բարձր գնահատականը «Արևմտյան երկրների հետ էներգետիկ ոլորտում աշխատելու պատրաստակամության համար»:

Կրթված բռնապետի հետ ռոմանտիկ հարաբերությունները, կարծես թե, բարձունքի վրա են, ինչին նպաստել է Աֆղանստանում շարունակվող հակամարտության հարցում Ադրբեջանի ռազմավարական կարևորությունը:

Երկու տարի անց, 2010 թվականին, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման նույնպես իր «երախտիքը հայտնեց Ադրբեջանին՝ Աֆղանստանում ISAF առաքելությանն աջակցելու համար»:

Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Մեթյու Բրայզան նշել է, որ երկիրը «դարձավ կարևորագույն տրանսպորտային երթուղի` Աֆղանստանում գործողություններին աջակցելու հարցում»:

2011 թ.-ին՝ նախքան Ադրբեջանից դուրս գալը տված մամուլի ասուլիսում, Բրայզան հայտարարեց, որ ԱՄՆ-ն հրապարակավ ու մասնավոր հանդիպումներում իր անհանգստություն է հայտնում Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների առթիվ:

Սակայն, 2011 թ.-ին Արաբական գարունից հետո,  որը ցնցեց Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի մեծ մասը, Ալիևը հեռացրեց «ադրբեջանական զարթոնքի» հավանականությունը, քանի որ «տնտեսական պայմանները լավ էին»: Նա բացատրեց, որ կառավարությունում «շատ կրթված պաշտոնյաներ» կանցկացնեն հնարավոր բարեփոխումներն ու ազատականացումը:

Բայց ոչ շատ կրթված պաշտոնյաները, ոչ էլ կրթված բռնապետը, բարեփոխումներ չիրականացրին: Փոխարենը իշխանությունները սկսեցին նոր ճնշումներ կիրառել, իսկ իշխանության լոբբիստական ​​գործունեության արդյունքում 2013 թվականին Եվրոպայի Խորհրդարանական վեհաժողովը չեղարկեց քաղբանտարկյալների վերաբերյալ ԵԽԽՎ բանաձևը:

2016 թ. Կազմակերպված հանցագործության և կոռուպցիայի մասին զեկույցի նախագիծն (OCCRP) ու գործընկերները բացահայտեցին 2.9 մլրդ դոլար արժողությամբ գաղտնի հիմնադրամը, որն Ադրբեջանն օգտագործել էր եվրոպացի պաշտոնյաներին վճարելու համար, որպեսզի նրանք աջակցեն և դրական ներկայացնեն «ավտորիտար ռեժիմը», այդ ընթացքում էլ իրականացվեց փողերի լվացման միջազգային համակարգը:

OCCRP-ն չբավարարվեց միայն հիմնադրամի բացահայտումով: 2018 թ. մայիսին այն հրապարակեց տեղեկատվություն նոր սկանդալի մասին, որը հայտնի է որպես ադրբեջանական լվացքատուն և բացահայտում է, թե ինչպես է այն օգտագործվել նաև ԱՄՆ-ում լոբբինգի ֆինանսավորման և փողերի լվացման համար:

Բացի ԵԽԽՎ-ի հետաքննությունից, որը բացահայտում է վարքագծի կանոնների և կոռուպցիոն գործողությունների խախտումները, գործն ուղարկվել է եվրոպական երկրներ՝ տեղում իրենց հարցումներն սկսելու համար:

«Թրանսփերենսի Ինթերնեշնլի» տվյալով՝ տուժած 18 երկրներից 12-ում «իրավապահ մարմինների կողմից պաշտոնական հսկողություն չի եղել»: Ադրբեջանն ու Հունգարիան հրաժարվել են որևէ հետաքննություն բացել:

Մինչդեռ ադրբեջանական քաղաքացիական հասարակության տասնյակ անդամների բանտ են ուղարկել: Ոմանք ազատ են արձակվել, մի մասն էլ շարունակում է մնալ ճաղերի ետևում, նոր ձերբակալություններն էլ շարունակվում են:

Ադրբեջանական լվացքատան ջանքերը որակ և կերպար ստեղծելու հարցում չօգնեցին երկրին խուսափել  ֆինանսական ճգնաժամից, որն առաջացավ 2015 թ.-ին նավթի համաշխարհային գների անկման պատճառով և դարձավ ամենախոշորը Ալիևի նախագահության ժամանակ: Ամենաշատը տուժեցին սովորական քաղաքացիները, ովքեր ֆինանսական կորուստներ կրեցին երկու արժույթների արժեզրկման արդյունքում:

Բայց դա չխանգարեց նախագահին ընդլայնել իր ծրագրերը: 2018 թվականի մայիսի 29-ին Ալիևը բացեց Հարավային գազային միջանցք (SGC) նախագծի առաջին փուլը` ՎԶԵԲ-ից ստանալով 430 մլն եվրոյի վարկ: 2018 թ. հուլիսին էլ ՎԶԵԲ-ը 500 մլն եվրո վարկ  տրամադրեց Trans Adriatic Pipeline- ի (TAP) համար:

Նախագծի բացման արարողության ժամանակ Ալիևն ասել է. «Մենք ստեղծում ենք Եվրոպայի նոր էներգետիկ քարտեզը», իսկ օգոստոսին նա և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը բացեցին «Տրանս Անատոլիական» գազատարը (TANAP), որը ադրբեջանական գազը Եվրոպա հասցնելու կենտրոնական դարպասն է:

Այսպիսով, սա սովորական բիզնես է «կրթված բռնապետների» համար, որոնք մուտք ունեն կենսական կարևոր նշանակության էներգետիկ պաշարներ:

2003 թվականից Ալիևը «վերընտրվել է» երեք անգամ՝ այդ ընթացքում փոփոխություններ մտցնելով Սահմանադրության մեջ,  որպեսզի վերացվեն նախագահական ժամկետի սահմանափակումները: Անշուշտ, նա այլևս երիտասարդ բարեփոխիչ չէ, որով հիանում էին  արևմտյան առաջնորդները նրա կարիերայի սկզբում: Էլ ինչքան Խաշոգիներ, Հուսեյնովներ, բազմաթիվ այլ լրագրողների, քաղաքացիների ու իրավապաշտպանների մահեր և տառապանքներ պետք է լինեն, որպեսզի արևմտյան վերնախավերը դադարեն հավատալ հեղափոխական բարեփոխիչներին ու թույլ չտան նրանց ապրանքներ առաքել:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ:

Write a comment