Ադրբեջանում հացադուլը թափ է հավաքում
Հոդվածի առանցքում
- Ավելի քան մեկ տասնյակ քաղբանտարկյալներ, ակտիվիստներ և ընդդիմադիր գործիչներ Ադրբեջանում միացել են համերաշխության հացադուլի` ուշադրություն հրավիրելով բանտարկված, կոռուպցիայի մասին հրապարակումներով հայտնի բլոգեր Մեհման Հուսեյնովի ծանր իրավիճակի վրա: Նա հացադուլի մեջ է արդեն երեք շաբաթ:
Ուշադրությանն արժանի
Ավելի քան մեկ տասնյակ քաղբանտարկյալներ, ակտիվիստներ և ընդդիմադիր գործիչներ Ադրբեջանում միացել են համերաշխության հացադուլի` ուշադրություն հրավիրելով բանտարկված, կոռուպցիայի մասին հրապարակումներով հայտնի բլոգեր Մեհման Հուսեյնովի ծանր իրավիճակի վրա: Նա հացադուլի մեջ է արդեն երեք շաբաթ:
29-ամյա Հուսեյնովը հացադուլի մասին հայտարարել է դեկտեմբերի 26-ին, երբ նրան առաջադրվեցին նոր մեղադրանքներ: Դրանք կարող են բլոգերին բանտում պահել ևս 7 տարի:
Նրան աջակցողների մեջ է նաև ադրբեջանցի հայտնի հետաքննող լրագրող Խադիջա Իսմայիլովան, որը երկուշաբթի ֆեյսբուքի իր էջում հայտարարեց, որ կդադարի ուտել և կոչ արեց միջազգային հանրությանը միջամտել Հուսեյնովի գործին: Իսմայիլովայի ազատազրկումը` 2015-16-ին ավարտվեց միջազգային հանրության աղմուկից հետո:
«Ես կարող եմ զոհաբերել միայն իմ ժամանակը, առողջությունը և դիմադրողականությունը: Խնդրում եմ, արձագանքիր, աշխարհ», – գրել է նա:
Amnesty International-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ներկայացուցիչ Դանիել Բալսոն ասել է, որ համերաշխության նման հացադուլն Ադրբեջանում աննախադեպ է:
Ադրբեջանում կոռուպցիան և մարդու իրավունքների ոտնահարումը տարածված են: Նախագահ Իլհամ Ալիևը, որը 2003-ին հաջորդել է իր հորը, վերացրեց նախագահության ժամկետային սահմանափակումները և իր կնոջը նշանակեց փոխնախագահ: Արձագանքը մեղադրանքներն էին, որ նա Ադրբեջանում փաստացի ստեղծել է միապետություն:
Amnesty International-ի տվյալներով, Ադրբեջանում հիմա կա ավելի քան 100 քաղբանտարկյալ և մեդիան խիստ վերահսկվում է: Անցած տարի ադրբեջանցի լրագրող Աֆղան Մուխթառլին առևանգվեց հարևան Վրաստանում և տեղափոխվեց Ադրբեջան, որտեղ նրան դատապարտեցն 6 տարվա ազատազրկման խարդախության և փողերի անօրինական սահմանահատման մեղադրանքով:
«Բոլոր հայտնի իրավապաշտպանները և լրագրողները նվազագույնը 1 կամ 2 տարի են անցկացրել բանտում», – ասում է Հուսեյնովի եղբայր Էմին Հուսեյնովը: Նա Foreign Policy-ին պատմել է, որ հացադուլ սկսած իր եղբայրը հրաժարվում է ուտել և ջուր խմել, բայց խմում է կաթ, որպեսզի կարողանա երկարաձգել իր բողոքը:
Մեհման Հուսեյնովը Facebook-ում, YouTube-ում և Instagram-ում վարում էր հազարավոր հետևորդներով էջեր: Նրա պատրաստած տեսանյութերը, որոնցում կառավարության կոռումպացվածությունն ու ադրբեջանցիների սոցիալական խնդիրներն էին, հարյուր հազարավոր դիտումներ էին ունենում:
2017-ի հունվարին ոստիկանը նրան նստեցրել է մեքենա, գլխարկով ծածկել ամբողջ դեմքը, տարել ոստիկանություն, որտեղ նրան էլեկտրահարել ու ծեծել են: Երբ բլոգերը կատարվածի մասին հրապարակային խոսեց, նրան ձերբակալեցին, մեղադրեցին զրպարտության մեջ և դատապարտեցին երկու տարվա ազատազրկման:
Բլոգերը մարտին պետք է ազատ արձակվեր, բայց նրան առաջադրված նոր մեղադրանքները, որոնք ունեն քաղաքական մոտիվացիա, կարող են նրա ազատազրկումն ավելացնել 7 տարով:
Եվրախորհրդարանը պատրաստվում է չորեքշաբթի քննարկել բանաձև, որով կոչ կարվի Ադրբեջանին ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին և հարգել մամուլի ազատությունը:
Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան խոսնակը հերքում է տեղեկությունը, թե Հուսեյնովը հացադուլի մեջ է և ասում է, որ նոր մեղադրանքների մասով վերջնական որոշում դեռ չի կայացվել:
Հետաքննող լրագրող Իսմայիլովան ասում է, որ Ադրբեջանի իշխանությունները նախկինում ևս այս մեթոդն օգտագործել են քաղբանտարկյալների ազատազրկումը երկարաձգելու նպատակով:
«Այսպես փոխանցում են իրենց ուղերձը, թե ազատ չեն արձակվի», – ասում է Իսմայիլովան և հավելում, որ Հուսեյնովի դեմ նոր մեղադրանքները նրա հայտնի լինելու պատճառով են: Նրան ճանաչում են նույնիսկ այն ադրբեջանցիները, որոնք այնքան էլ հետաքրքրված չեն քաղաքականությամբ:
Ադրբեջանում մարդու իրավունքների խնդիրը ռեկորդային մասշտաբների է հասնում, բայց Բաքվի նկատմամբ Վաշինգտոնը պատժամիջոցներ չի սահմանում, ինչպես Մոսկվայի դեմ է սահմանել:
1990-ականներին Ադրբեջանում ԱՄՆ դեսպան աշխատած Ռիչարդ Կազլարիչը կոչ է արել Ադրբեջանի պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցներ սահմանել ըստ Մագնիտսկու ակտի` սահմանափակելով նրանց ճամփորդելու և ֆինանսական հնարավորույունները: Դիվանագետը քննադատում է Օբամայի և Թրամփի վարչակազմերին Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների հարցում անտարբեր լինելու համար:
«Ադրբեջանը դրական չի արձագանքում փակ դիվանագիտությանը, նրանց պետք է ճնշել հրապարակայնորեն», – ասում է Կազլարիչը:
Հիմնանակում շիաներով բնակեցված և աշխարհիկ իշխանությամբ Ադրբեջանը ներկայանում է որպես ԱՄՆ-ի և Եվրոպայի ռազմավարական գործընկեր: Երկար ժամանակ դիտարկվել է որպես գլոբալ ահաբեկչության դեմ պայքարում արժեքավոր գործընկեր և տրանզիտ երկիր ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի համար դեպի Աֆղանստան: Ադրեջանը կարող է կարևոր լինել նաև Ռուսաստանից Եվրոպայի էներգետիկ անկախության ձգտումների հարցում:
Ադրբեջանը հայտնի է նաև արևմտյան պաշտոնյաներին շքեղ նվերներ և ճամփորդությունների ուղարկելով. սա նրանց լոբբիստական քաղաքկանությունն է, որը կոչվում է խավիարային դիվանագիտություն:
2015-ին Washington Post-ը հետաքննությամբ պարզեց, որ 2013-ին կոնգրեսի 10 անդամներ և նրանց տասնյակ օգնականներ շքեղ պայմաններում մեկնել են Բաքու, որտեղ նաև ճոխ նվերներ են ստացել: Ճամփորդության գաղտնի ֆինանսավորողը եղել է Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը: Ըստ ԱՄՆ օրենսդրության սա արգելված է: Ադրբեջանցիները կոնգրեսի էթիկայի հանձնաժողովին կեղծ ֆինանսավորող են ներկայացրել` ԱՄՆ-ում գործող ՀԿ-ներից մեկին:
Հացադուլին միացած չորս քաղբանտարկյալներ մյուսներին նամակով զգուշացրել են օգնություն չսպասել Արևմուտքից, քանի որ արևմտյան կազմակերպությունները վաղուց Ադրբեջանին են վաճառել իրենց սկզբունքներն ու արժեքները:
Միջազգային կազմակերպություններն ու պետությունները ողջունեցին 2016-ին Իսմայիլովային բանտից ազատելու Բաքվի որոշումը: Բայց իշխանությունները շարունակեցին հետապնդել նրան: Հիմա նրան արգելված է հեռանալ Ադրբեջանից:
«Երբ ես ազատ արձակվեցի, բոլորին դա մխիթարեց, և նրանք մոռացան մյուս քաղբանտարկյալների մասին», – ասում է Իսմայիլովան:
Հոդվածի բնօրինակն՝ այստեղ