Ադրբեջանում կարճել են բանտարկված բլոգերին առաջադրված նոր մեղադրանքները

Ադրբեջանում կարճել են բանտարկված բլոգերին առաջադրված նոր մեղադրանքները

Հոդվածի առանցքում

  • Երկուշաբթի Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտարարեց, որ կոռուպցիոն բացահայտումներով հայտնի բանտարկված բլոգեր Մեհման Հուսեյնովի դեմ առաջադրված նոր մեղադրանքները հանվել են: Հուսեյնովն ավելի վաղ հայտարարել էր, որ այդ մեղադրանքներն առաջադրվել են իր քաղաքական հայացքների պատճառով: Գլխավոր դատախազության հայտարարությունը հետևեց նախագահ Ալիևի հորդորին, որով Ադրբեջանի առաջին դեմքը կոչ էր անում կայացնել անաչառ և արդար որոշում:

Ուշադրությանն արժանի

Երկուշաբթի Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտարարեց, որ կոռուպցիոն բացահայտումներով հայտնի բանտարկված բլոգեր Մեհման Հուսեյնովի դեմ առաջադրված նոր մեղադրանքները հանվել են: Հուսեյնովն ավելի վաղ հայտարարել էր, որ այդ մեղադրանքներն առաջադրվել են իր քաղաքական հայացքների պատճառով:

Գլխավոր դատախազության հայտարարությունը հետևեց նախագահ Ալիևի հորդորին, որով Ադրբեջանի առաջին դեմքը կոչ էր անում կայացնել անաչառ և արդար որոշում:

29-ամյա Մեհման Հուսեյնովը «Լրագրողների ազատության և անվտանգության ինստիտուտ» կազմակերպության ղեկավարն է, զրպարտության մեղադրանքով բանտարկվել է 2017-ի մարտին՝ երկու տարով, քանի որ հատարարել էր, թե իրեն տարել են ոստիկանություն և ծեծել են:

Այն ժամանակ Հուսեյնովն ասել էր, որ իր դեմ քրգործ է բացվել լրագրողական գործունեության պատճառով և պատվերը տվել է իշխանությունը:

Այս մարտին նա ազատ էր արձակվելու, բայց բանտի ղեկավարությունը դեկտեմբերին հայտարարեց, թե նրա դեմ առաջադրվել են նոր մեղադրանքներ, քանի որ հարձակվել է բանտապահներից մեկի վրա:

Դրանից հետո Հուսեյնովը հացադուլ հայտարարեց, որին միացան մի քանի հայտնի իրավապաշտպան ակտիվիստներ:

«Սա փոքր, բայց կարևոր քայլ է ճիշտ ուղղությամբ: Այնուամենայնիվ մենք պահպանում ենք զգուշավորությունը և ուշադիր կհետևենք նրա ազատ արձակման պայմաններին: Ավելի կարևոր է այն, որ մենք չենք կարող մոռանալ՝ սա եզակի դեպք չէ»,- նոր մեղադրանքների չեղարկման որոշումը մեկնաբանելով՝ ասացին ԵԽԽՎ վերահսկիչ խմբի անդամներ Ռոջեր Գեյլը և Ստեֆան Շենախը

Հուսեյնովը հայտնի է իր վիդեոբլոգով, որում պատմում է կոռումպացված պաշտոնյաների մասին:

Անցած շաբաթ ԵԽ-ն ընդունեց բանաձև՝ նավթով հարուստ Ադրբեջանի իշխանություններին կոչ անելով վերջ տալ այլախոհների հետապնդումներին և անմիջապես ազատ արձակել Հուսեյնովին:

Հուսեյնովը Լրագրողների ազատության և անվտանգության ինստիտուտի ղեկավարումը ստանձնել է եղբորից հետո: Էմին Հուսեյնովն ընդդիմադիր լրագրող է և Ալիևի ամենաակտիվ ընդդիմախոսներից:

Էմին Հուսեյնովն Ադրբեջանը լքել է 2015-ին՝ Շվեյցարիայի ԱԳ նախարարի օդանավով, դրանից առաջ ապաստան էր գտել այդ երկրի դեսպանատանը, քանի որ նրան առաջադրվել էին քրեական մի քանի մեղադրանքներ:

Ալիևի իշխանության տակ գտնվող Ադրբեջանին քննադատում են այլախոհներին և ընդդիմադիր մեդիան լռեցնելու համար: Human Rights Watch-ը Բաքվին մեղադրել է մարդու իրավունքների ակիվիստիներին և հետաքննող լրագրողներին հետապնդելու մեջ:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment