Ադրբեջանում բանտարկված քաղակտիվիստը հացադուլ է սկսել

Ադրբեջանում բանտարկված քաղակտիվիստը հացադուլ է սկսել

Հոդվածի առանցքում

  • «Մեհման Հուսեյնովը մահվան եզրին է և այս ամենի համար պատասխանատու են Ադրբեջանի իշխանությունները», - նշված է Լրագրողներ առանց սահմանների կազմակերպության դեկտեմբերի 31-ին տարածած հայտարարության մեջ: Բանտի ղեկավարությունը հայտնում է, թե ոչ մի հացադուլ էլ իրականում չկա: «Հուսեյնովը ուտում է և ջուր է խմում: Հեռախոսակապ ունի ընտանիքի անդամների հետ: Նրա առողջությունը նորմալ է և նրա իրավունքները չեն խախտվում», - ասել է բանտի մամուլի խոսնակ Մեհման Սադիքովը:

Ուշադրությանն արժանի

Ադրբեջանում հայտնի քաղաքական բլոգեր և ակտիվիստ Մեհման Հուսեյնովը հացադուլ է սկսել, երբ իշխանությունները նրա դեմ նոր մեղադրանքներ են առաջադրել: Կարճ ժամանակ անց պետք է ավարտվեր Հուսեյնովի ազատազրկման ժամկետը: Նա բանտում է արդեն երկու տարի:

 

Հուսեյնովն Ադրբեջանում ամենապոպուլյար քաղաքական բլոգերն էր և բանտարկվել է երկու տարի առաջ՝ 2017-ի մարտին ՝ զրպարտության մեղադրանքով: Նա պետք է ազատ արձակվեր 2019-ի մարտին, բայց դեկտեմբերի 26-ին բանտապահները նրան մեղարդեցին նոր հանցանքներում:

 

Հիմա պնդում են, որ Հուսեյնովը չի ենթարկվել բանտապահ ոստիկանների հրահանգներին, հարձակվել է նրանցից մեկի՝ լեյտենանտ Ալի Աբդալովի վրա, մարմնական վնասվածքներ հասցրել: Սա ըստ բանտի տարածած պաշտոնական հաղորդագրության: Բրանտի ղեկավարությունը նաև պնդում է, որ Հուսեյնովն իր մոտ ուներ 461 մանաթ (մոտ $270), ինչն օրենքով արգելված է: Նոր մեղադրանքներով բլոգերին սպառնում է մինչև յոթ տարի ազատազրկում:

 

Երբ Հուսեյնովն իմացել է նոր մեղադրանքների մասին, հացադուլ է հայտարարել: Այս տեղեկությունը հայտնում է նրա ընտանիքը: Սա մեկ տարվա ընթացքում արդեն երրորդ դեպքն է, որ Ադրբեջանի իշխանութունները մեղադրանք են առաջադրում բանտարկված քաղաքական ակտիվիստներին՝ նրանց ազատազրկման ժամկետը երկարաձգելու նպատակով: Նման ճնշումներ են եղել նաև կրոնական ակտիվիստ Թելման Շիրալիյևի և ընդդիմադիր ժողովրդավարական ճակատ կուսակցության առաջնորդներից Մամմադ Իբրահիմի նկատմամբ:

 

«Կառավարության նման հետապնդումները ցույց են տալիս, որ նրանք հասկանում են՝ չեն կարող վերահսկել Հուսեյնովին միայն ազատազրկելով: Կառավարությունը չի ուզում ներել այս երիտասարդ բլոգերին, որովհետև նա բացահայտել է իշխանությունների կոռումպացվածությունը», – ֆեյսբուքում գրել է ադրբեջանցի պատմաբան և քաղակտիվիստ Ջամալ Հասանլին:

 

«Մենք Մեհմանի դեմ նման սադրանք սպասում էինք: Նրան զգուշացրել էին, որ մարտին ազատ չի արձակվի: Մեղադրանքներն աբսուրդ են: Ով կհավատա, որ բանտում մեկը բանտապահի կծեծի», – ասում է Հուսեյնովի եղբայր Էմին Հուսեյնովը, որը նույնպես քաղաքական ակտիվիստ է և հիմա ապրում է Շվեյցարիայում:

Էմին Հուսեյնովը հավելում է, որ իր եղբայրը հիմա պատժվում է օգոստոսին՝ իրենց մոր հուղարկավորության օրն արած հայտարարությունների համար:  Մեհման Հուսեյնովն ասել էր, որ իրեն կարող էին կոտրել միայն մահով, իր մայրը հիմա մահացել է, բայց եթե ազատ արձակվի, իր գործունեությունը կրկնակի ակտիվ կլինի:

 

Էմին Հուսեյնովն ասում է, որ Մեհմանն ընտանիքի հորդորով հացադուլից չորս օր անց սկսել է ջուր խմել, թեև շարունակում է հացադուլը: Նրա ընտանիքն ու ընկերները պնդում են, որ Մեհմանի առողջությունն արդեն վտանգված է:

 

«Մեհման Հուսեյնովը մահվան եզրին է և այս ամենի համար պատասխանատու են Ադրբեջանի իշխանությունները», – նշված է Լրագրողներ առանց սահմանների կազմակերպության դեկտեմբերի 31-ին տարածած հայտարարության մեջ:

 

Բանտի ղեկավարությունը հայտնում է, թե ոչ մի հացադուլ էլ իրականում չկա: «Հուսեյնովը ուտում է և ջուր է խմում: Հեռախոսակապ ունի ընտանիքի անդամների հետ: Նրա առողջությունը նորմալ է և նրա իրավունքները չեն խախտվում», – ասել է բանտի մամուլի խոսնակ Մեհման Սադիքովը:

 

Հունվարի 3-ին մի խումբ ակտիվիստներ Բաքվում դուրս էին եկել քայլարշավի՝ պահանջելով ազատ արձակել Հուսեյնովին: Նրանցից տասին ոստիկանությունը ձերբակալել է:

 

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment