Ադրբեջանում բանտարկված բանկիրի կնոջից Մեծ Բրիտանիան կարող է միլիոններ գանձել

Ադրբեջանում բանտարկված բանկիրի կնոջից Մեծ Բրիտանիան կարող է միլիոններ գանձել

Հոդվածի առանցքում

  • Հաջիևն աշխատում էր Ադրբեջանի պետական բանկում, հետևաբար Բաքուն կարող է ներկայացնել վերադարձված գումարն իրեն հանձնելու պահանջ:

Ուշադրությանն արժանի

Մեծ Բրիտանիայում Հանցագործության դեմ պայքարի ազգային գործակալության տնօրենը հայտնել է, որ Լոնդոնը կարող է վերադարձնել միլիոնավոր ֆունտներ Հարրոդս հանրախանութում միլիոններ վատնած Ադրբեջանի քաղաքացու դեմ սկսված դատավարության արդյունքում:

Գործակալության տնտեսական հանցագործությունների բաժնի պետ Դոնալդ Թունը հայտարարել է, որ եթե Բարձրագույն դատարանը որոշի, որ Զամիրա Հաջիևան օգտագործել է կաշառակերությամբ ձեռք բերված գումարներ, նրանից այդ գումարները կբռնագանձվեն և կվերադարձվեն հայրենի երկրին` Ադրբեջանին:

Թունը պատմել է, թե ինչպես է Բարձրագույն դատարանն առաջին անգամ օգտագործում Մեծ Բրիտանիայում վերջերս ուժի մեջ մտած «Չհիմնավորված հարստության մասին» օրենքը (UWO)` հաշվի առնելով այն հնարավորությունը, որ գումարի բռնագանձման որոշումը կարող է դառնալ քաղաքական և միջազգային կոնֆլիկտ:

Նախօրեին հայտնի դարձավ, որ 55-ամյա տիկին Հաջիևան հայտնվել է ֆինանսական հետաքննության կենտրոնում` մեղադրվելով իր ամուսնու գողացած փողերով շքեղ կյանք վարելու մեջ:

Ադրբեջանուհին ավելի քան տասը տարի ապրում էր Նայթսբրիջում` նույն ժամանակահատվածում Հարրոդս հանրախանութում ծախսելով ավելի քան 16 միլիոն ֆունտ սթեռլինգ: 5 ննջարանով նրա առանձնատունն արժի 15 միլիոն ֆունտ ստեռլինգ: Սրանից բացի, Ասքոթում նա գնել է 10.5 միլիոն ֆունտ սթեռլինգ արժեցող Mill Ride golf and country ակումբը:

Նրա ամուսինը` Ջահանգիր Հաջիևը, Ադրբեջանի միջազգային բանկի նախկին ղեկավարը, 2016-ին դատապարտվել է 15 տարվա ազատազրկման` մեղադրվելով իր գլխավորած բանկից խաբեությամբ 2.2 միլիարդ ֆունտ սթեռլինգ կորզելու մեջ:

Հանցավորության դեմ ազգային գործակալությունը տիկին Հաջիևային մեղադրում է իր ամուսնու` խաբեությամբ ձեռք բերած ֆինանսներով Մեծ Բրիտանիայում գույք գնելու մեջ:

Բարձրագույն դատարանի դատավորը որոշել է, որ «Չհիմնավորված հարստության մասին» օրենքի պահանջով նա պետք է ներկայացնի իր հարստության աղբյուրը: Հաջիևայի փաստաբանները հայտարարություն են տարածել` պնդելով, որ իրենց հաճախորդը որևէ հանցանքը չի գործել, որ նա պարզապես օրինապահ գործարարի կին է:

BBC Radio 4-ի եթերում Թունն ասել է, որ եթե դատարանը որոշում կայացնի Հանցագործության դեմ պայքարի ազգային գործակալության օգտին, նրա ունեցվածքի մի մասը բռնագանձելու համար դատարանը գործի կդնի Հանցավորության մասին 2002-ին ընդունված օրենքը:

Հարցին, թե բռնագանձված գումարն ո՞ւմ է փոխանցվելու, բրիտանացի պաշտոնյան պատասխանել է. «Դա կդառնա քաղաքական և միջազգային հարց: Նախ այդ ակտիվները կանցնեն Մեծ Բրիտանիայի կառավարությանը, ապա, հաշվի առնելով, որ ուղղակի կապ կա այդ գումարների ծագման երկրի հետ, Մեծ Բրիտանիան քայլեր կձեռնարկի վերադարձնելու ուղղությամբ»:

Հաջիևն աշխատում էր Ադրբեջանի պետական բանկում, հետևաբար այդ երկրի կառավարությունը կարող է ներկայացնել վերադարձված գումարն իրեն հանձնելու պահանջ, քանի որ կարող են նշել` Հաջիևայից բռնագանձված գումարներն առնչություն ունեն ադրբեջանական բանկից նրա ամուսնու գողացած գումարների հետ:

Թունը հավելել է, որ «Չհիմնավորված հարստության մասին» օրենքով ևս 8 մարդու նկատմամբ այժմ հետաքննություն է ընթանում: Նրանք ծագումով Աֆրիկայից, Հյուսիսային Ասիայից, Ռուսաստանից և հետխորհրդային երկրներից են:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ:

Write a comment