Ադրբեջանն ընդդեմ Իսմայիլովայի գործով պարտվեց դատարանում

Ադրբեջանն ընդդեմ Իսմայիլովայի գործով պարտվեց դատարանում

Ընդդեմ Ադրբեջանի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմած լրագրող Խադիջա Իսմայիլովան շահել է գործը, և դատարանը Բաքվին պարտավորեցրել է տուգանք վճարել լրագրողի անձնական կյանքի անձեռնմխելիության և արտահայտվելու ազատությունը խախտելու համար: Լրագրողին գաղտնի նկարահանել են իր իսկ տանը սեռական հարաբերություն ունենալու ժամանակ:

«Դատարանը կարծում է, որ այն գործողությունները, որոնց դեմ բողոք է ներկայացվել, լուրջ են և վերաբերում են մարդու արժանապատվությանը», – միաձայն նշել են գործը քննող յոթ դատավորները:

Մինչև այդ տեսանյութի հրապարակումը հետաքննող լրագրող Խադիջա Իսմայիլովան հոդվածներ էր գրում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի դուստրերի և հսկայական շահույթ ստացած հանքարդյունաբերական կոնսորցիումի կապերի մասին:

Ազատություն ռադիոկայանի և OCCRP-ի լրագրող Խադիջա Իսմայիլովան ամիսներ անց ստացել է նամակ, որում նրա և այն ժամանակ իր կողակցի անձնական վեց լուսանկարներ էին:

Նամակին կցված էր նաև վիրավորանքներով գրություն, որով դրա հեղինակները լրագրողին զգուշացնում են դադարեցնել այն ինչ անում է, հակառակ դեպքում սպառնալով խայտառակել նրան: Նամակը ուղարկվել էր Մոսկվայից:

Միաժամանակ ադրբեջանական տարբեր լրատվամիջոցներ ստացել էին տեսանյութը, որից լուսանկարներն էին արվել: Ընդդիմադիր մեդիան չէր հրապարակել այդ տեսանյութը, բայց մերձիշխանական մեդիան սկսեց նրա դեմ արշավ, իսկ Ալիևի իշխանության դեմ պայքարող կուսակցություններից մեկի անունով բացված կայքը հրապարակեց տեսանյութն ամբողջությամբ:

Իսմայիլովան դիմեց Ստրասբուրգի մարդու իրավունքների դատարան, երբ Ադրբեջանի իշխանությունները մերժեցին հետաքննել կատարվածը: Հինգշաբթի դատարանը հայտնեց դատավճիռը՝ Ադրբեջանին պարտավորեցնելով լրագրողին վճարել 19,000 դոլար:

43 էջից կազմված վճռում նշվում է, որ Իսմայիլովան հայտնի լրագրող է տեսագրության ու նրա մասնագիտական գործունեության մեջ կա արժանահավատ կապ:  Դատավճռի հրապարակման օրը Իսմայիլովան հայտարարեց, որ իրեն վախեցնել փորձող մարդիկ շարունակում են մնալ ազատության մեջ:

«Արդարություն դեռ չի հաստատվել: Այն կվերականգնվի երբ կազմակերպիչները պատժվեն»,- թվիթել էր նա:

Սպառնալիքները ստանալու օրը Իսմայիլովան սոցցանցերի իր էջերում գրել էր, որ իրեն չեն լռեցնի: Այսպիսի քաջության շնորհիվ նա վաստակել է միջազգային մրցանակներ, ներառյալ Right Livelihood Awards, որը հայտնի է որպես Նոբելյան մրցանակի այլընտրանք:

Ադրբեջանի պահպանողական մահմեդական հասարակության շրջանում Իսմայիլովայի մասնակցությամբ անձնական տեսանյութ հրապարակելը նպատակ ուներ տաբուներ առաջացնել, բայց լրագրողն ասում է, որ այս ջանքերը ևս ձախողվել են:

«Այդ օրերին ինձ աջակցում էին իսլամական խմբերը, որոնք խիստ քննադատում էին իշխանություններին իմ անձնական կյանքի իրավունքն այսպես ոտնահարելու համար: Ես աջակցություն ստացա տարբեր տեսակետներ ունեցող խմբերից, հավատացյալներից մինչև աթեիստներ: Նրանք ոտքի կանգնեցին բարոյական արժեքնեի և մարդու իրավունքների համար՝ ցույց տալով, որ այս երկրի մարդիկ ավելի առաջադեմ են, քան կառավարությունը»,- ֆեյսբուքում գրել է Իսմայիլովան:

Մեդիայի ազատության ինդեքսում Ադրբեջանը 163-րդն է և Լրագրողների առանց սահմանների կազմակերպությունը նշում է, որ Ադրբեջանում մեդիայի դեմ անխնա պատերազմ է հայտարարված, ինչը դրսևորվում է Իսմայիլովայի դեպքի նման պարբերական միջադեպերով:

Իսմայիլովան նշում է, որ իր երկրում մեկ այլ առաջատար լրագրող ստացել է անձնական լուսանկարների և տեսանյութերի հրապարակման նույն սպառնալիքները, ինչ ինքը:

ՄԻԵԴ-ի դատավճիռը ցույց է տալիս, որ Ադրբեջանի կառավարությունը կանգնած է Իսմայիլովային հեղինակազրկելու՝ խնամքով մշակված ծրագրի հետևում, որի առաջին քայլը նրա ննջասենյակում թաքնված տեսախցիկ տեղարելն էր, ապա նկարահանված տեսագրության տարածումը:

Իսմայլիովան ներկայացրել է ապացույցները՝ լարերը, որոնցով միացվել է թաքնված տեսախցիկը և որոնցով տեսանյութը փոխանցվել է նրա բնակարանից դեպի այդ ամենի կազմակերպիչները: Այդ լարերը նրա բնակարանում մոնտաժել են Baktelekom-ին պատկանող ATS ընկերության աշխատակիցները: Baktelekom-ն ամբողջությամբ պատկանում է պետությանը:

Լրագրողը նաև նշել է, որ իր վրա հարձակված երեք թերթերը ղեկավարվում են Ադրբեջանի իշխող կուսակցությունից:

Դատարանում Իսմայիլովայի պայքարին աջակցել են մեդիայի ազատությամբ զբաղվող տասնյակից ավելի կազմակերպություններ՝ PEN International, Privacy International, Committee to Protect Journalists, Index on Censorship.

Իսմայիլովան ընդգծում է, որ իր հաղթանակը եղավ ճիշտ այն օրը, երբ իր գործընկեր Աֆխան Մուխթարլին նշում էր ծննդյան 45-րդ տարեդարձն ադրբեջանական բանտում: Նրան ձերբակալել են Վրաստանում, որտեղ հաստատվել էր ադրբեջանական բանակում կոռուպցիայի մասին իր հետաքննությունից հետո:

«Աֆխանն օգնել է ինձ հետաքննել ու գտնել փաստեր, որոնք ապացուցեցին՝ իմ ննջասենյակում տեսախցիկի հայտնվելը կազմակերպել է կառավարությունը: Թող ՄԻԵԴ-ի որոշումը լինի նրա ծննդյան նվերը և մենք դեռ արդարության կհասնենք նրա գործով»,- ֆեյսբուքում գրել է Իսմայիլովան:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment