Ադրբեջանական ոստիկանությունը Բաքվում տասնյակ ընդդիմադիրների է ձերբակալել

Ադրբեջանական ոստիկանությունը Բաքվում տասնյակ ընդդիմադիրների է ձերբակալել

Հոդվածի առանցքում

  • Ակտիվիստները երթ են անցկացրել ազգային տոնը նշելու համար, սակայն իշխանությունները նրանց մեղադրել են դա անթույլատրելի «քաղաքական նպատակների» համար օգտագործելու հարցում:

Ուշադրությանն արժանի

Ադրբեջանի քաղաքական ընդդիմության տասնյակ անդամներ, այդ թվում՝ կուսակցության առաջնորդը, ձերբակալվել են, որովհետև մասնակցել են տոնական երթին, որն ըստ իշխանությունների՝ չթույլտված քաղաքական գործողություն էր:

Ադրբեջանի ժողովրդական ճակատ կուսակցության նախագահ Ալի Քերիմլին ձերբակալվել է նոյեմբերի 17-ին, երբ կուսակցության մոտ 150 անդամների հետ քայլում էր դեպի Բաքվի «Նահատակների ծառուղին», պատերազմի հերոսների գերեզմանոց: Միջոցառումը եղել է Ադրբեջանի ազգային վերածննդի օրը, երբ նշվում է 1988 թ. Ադրբեջանում խորհրդային իշխանության դեմ առաջին լայնածավալ ազգայնական ցույցերի անցկացման տարելիցը:

Ձերբակալությունների հաջորդ օրը հրապարակված հայտարարության մեջ Բաքվի քաղաքային ոստիկանությունը հայտարարել է, որ չնայած նախազգուշացմանը, ԺՃԿ-ն «քաղաքական նպատակներով» երթ է անցկացրել: Արդյունքում՝ 52 հոգի ձերբակալվել է, 41-ին նույն օրն ազատ են արձակել, սակայն 11-ը, այդ թվում՝ Քերիմլին, կալանավորվել են:

Երկու օր անց Քերիմլին 2500 մանաթ (մոտ 1500 դոլար) տուգանք է մուծել և ազատ արձակվել: Քերիմլիի փաստաբան Ֆուադ Աղաևը հայտարարել է, որ մեղադրանք է ներկայացվել անթույլատրելի երթի համար:

«Ոչ ոք իրավունք չունի արգելել քաղաքացիներին հիշելու իրենց հերոսներին  և մենք չենք ճանաչում նման արգելքը, այցելելու ենք Նահատակների ծառուղին, երբ անհրաժեշտ համարենք», – ասել է Քերիմլին իր աջակիցներին ազատ արձակվելուց հետո:

ԺՉԿ-ի պաշտոնական ներկայացուցիչը «Կովկասյան հանգույց» լրատվական կայքին հայտնել է, որ ևս երեք անձ 20-օրյա վարչական ձերբակալության է ենթարկվել, յոթը տուգանվել է 400-500 մանաթով:

Այս տարվա սկզբին իրադարձությունների ժամանակ գրանցվել է ևս մեկ ոստիկանական հետապնդում: Մայիսին Ադրբեջանի ժողովրդավարական հանրապետության հիմնադրման 100-ամյակի տոնակատարությունից հետո ոստիկանությունը ձերբակալել է մի շարք կազմակերպիչների:

Ալի Հասանովը, նախագահ Իլհամ Ալիևի օգնականը, ԶԼՄ-ներին մեղադրել է ձերբակալությունների մասին «չճշտված, կողմնակալ և միակողմանի տեղեկատվություն տարածելու համար»:

«Սա ոչ մի կապ չունի մարդու իրավունքների և ազատությունների խախտման հետ: Սա հասարակական կարգի պահպանում է և քաղաքական պատկանելության հարց չկա, ինչը ոստիկանության հիմնական սկզբունքն է », – ասել է նա «Ազերթակ» լրատվական գործակալությանը:

«Չնայած նրանք քաղաքական կուսակցության անդամներ են, նրանց այցերը քաղաքական գործողություն չէին և նահատակներին այցելել էին Ազգային Վերածննդի Օրվա կապակցությամբ», – գրել է ակտիվիստ Բախտիար Հաջիևն իր ֆեյսբուքյան էջում, որտեղ տեղադրել է նաև ձերբակալությունների մասին տեսանյութը: «Բոլոր քաղաքական կուսակցությունները, քաղաքացիները և քաղաքացիական հասարակության ակտիվիստները պետք է դատապարտեն այս արգելքը», – ասել է նա, կոչ անելով նրանց նույնպես այցելել «Նահատակների ծառուղի»:

 

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ:

Write a comment