Ադամ Շիֆը նախաձեռնում է անվստահություն հայտնել Դոնալդ Թրամփին՝ հարկային խնդիրների պատճառով

Ադամ Շիֆը նախաձեռնում է անվստահություն հայտնել Դոնալդ Թրամփին՝ հարկային խնդիրների պատճառով

Հոդվածի առանցքում

  • Չնայած դեմոկրատական կուսակցության որոշ ներկայացուցիչներ շարունակում են հանդես գալ նախագահին անվստահություն հայտնելու օգտին՝ Ներկայացուցիչների պալատում դեմոկրատների ղեկավար կոնգրեսական Նենսի Փելոսին ընդգծում է, որ կուսակցության համար այսօր դա առաջնահերթություն չէ: Ըստ Նենսի Փելոսիի, իմպիչմենթը պետք է բխի ինչ-որ բանից:

Ուշադրությանն արժանի

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հետախուզության հարցերով հանձնաժողովի բարձրաստիճան անդամ, դեմոկրատ կոնգրեսականը հայտարարել է, որ առկա է բարձրաստիճան պաշտոնյաներին պաշտոնից հեռացնելու իրավական նախադեպ՝ հիմք ընդունելով նրանց գործունեությունը նախքան պաշտոնի ստանձնումը:

Պատասխանելով Դոնալդ Թրամփին անվստահություն հայտնելու հարցին՝ կոնգրեսական Ադամ Շիֆը մատնանշել է Լուիզիանայի դաշնային դատարանի դատավոր Թոմաս Փորթեոս կրտսերի գործը, նրան Կոնգրեսը հեռացրել է պաշտոնից:

Ըստ The Hill պարբերականի, Ադամ Շիֆի մեկնաբանությունները համընկել են Թրամփի և նրա ընտանիքի հավանական հարկային խարդախությունների մեջ ներգրավված լինելու մասին՝ New York Times-ում հրապարակված հոդվածի հետ: Սպիտակ տունը արձագանքել է՝ հրապարակումը որակելով «մոլորեցնող»՝ չնայած Սենատի ֆինանսական հարցերով հանձնաժողովի դեմոկրատ սենատոր Ռոն Ուիդենը հարկային մարմիններին կոչ է արել մեղադրանքների ուղղությամբ հետաքննություն իրականացնել:

«Սենատը Փորթեոսի պարագայում հիմք է ընդունել բոլոր հոդվածները՝ ներառյալ այս երկուսը»,- նշել է կոնգրեսական Շիֆը՝ Բրուքինգս հաստատությունում պատասխանելով իր ելույթին հաջորդած հարցին, թե արդյոք գործող նախագահը կարող է հետապնդվել նախկինում գործած անօրինականության համար:

«Սահմանադրության տեսանկյունից առկա է նախադեպ, երբ կարող են անվստահություն հայտնել և հեռացնել պաշտոնից նախկինում գործած հանցանքների և սուտ երդում տալու համար: Սա ի դեպ մի երկրում, որտեղ անվստահություն հայտնելու դեպքերը  շատ չեն »,- ասում է կոնգրեսական Շիֆը:

2010 թվականին Սենատը Փորթեոսին անվստահություն է հայտնել՝ համաձայն 4 կետերի, որոնցից մեկը վերաբերվում էր նախկինում գործած հանցանքին և սուտ երդում տալուն: Արդյունքում նա հեռացվել է պաշտոնից:

Չնայած դեմոկրատական կուսակցության որոշ ներկայացուցիչներ շարունակում են հանդես գալ նախագահին անվստահություն հայտնելու օգտին՝ Ներկայացուցիչների պալատում դեմոկրատների ղեկավար կոնգրեսական Նենսի Փելոսին ընդգծում է, որ կուսակցության համար այսօր դա առաջնահերթություն չէ: Դեմոկրատների վերլուծաբանները գտնում են, որ այն նահանգներում, ուր ձայները բաշխված են հավասար, նախագահին անվստահություն հայտնելը կարող է դիտվել որպես սպառնալիք ու չկողմնորոշված ընտրողներին վանել իրենցից:

«Իմպիչմենթը պետք է բխի  էլի ինչ-որ բանից», – ասել է Փելոսին Associated Press գործակալությանը տված հարցազրույցում:

Փոխարենը, Փելոսին առաջարկում է պաշտպանել հատուկ հետաքննող Ռոբերտ Մյուլերին և, եթե դեմոկրատները մեծամասնություն ստանան Ներկայացուցիչների պալատում, թույլ տալ նրա թիմին ավարտին հասցնել ընտրություններին Ռուսաստանի ներգրավվածության մասին դաշնային հետաքննությունը:

«Եթե և երբ դրա մասին տեղեկությունը ի հայտ գա, մենք կմտածենք այդ ուղղությամբ»,- ասել է Փելոսին նույն հարցազրույցում: «Դա մեր օրակարգի առաջնահերթությունը չէ, եթե իհարկե որևէ բան չփոխվի»,- նշել է Փելոսին:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ։

 

Write a comment